WIPO-ի ժնեւյան հանդիպմանը խոսվել է Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին<br />


WIPO-ի ժնեւյան հանդիպմանը խոսվել է Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին

  • 14-01-2011 15:42:00   | Շվեյցարիա  |  Քաղաքական
ԺՆԵՎ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ժնեւում հունվարի 13-ին կայացել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (World Intellectual Property Organization - WIPO) կազմակերպած «Մտավոր սեփականության տնտեսություն» (The economics of Intellectual Property) թեմայով գիտաժողովների շարքի հերթական հանդիպումը: Հրավիրված էին շուրջ 40 երկրների, այդ թվում` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, ինչպես նաեւ մի շարք աֆրիկյան եւ արաբական երկրների կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացնում էր Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Սասուն Հովհաննիսյանը: WIPO կազմակերպության գլխավոր տնտեսագետ Կարստեն Ֆինկի բացման խոսքից հետո զեկույցով հանդես է եկել Օքսֆորդի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Քրիստին Գրինհալխը, որին հաջորդեցին գիտաժողովի մասնակիցների ելույթներն ու հարցերը: Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի (ՔԶՀԿ) Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Սասուն Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում անդրադարձել է Հայաստանում մտավոր սեփականության ոլորտում իրականացված բարեփոխումներին` ընդգծելով միջազգային փորձի ներդրման զարգացման անհրաժեշտությունը: նրա ելույթի մեծ մասը վերաբերում էր Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման` որպես հայ մտավոր սեփականության ոչնչացման փաստին: «2005թ. դեկտեմբերին ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետեւանքով վերջնականապես ոչնչացվեցին Նախիջեւանի Հին Ջուղայի գերեզմանոցի ավելի քան 5000 խաչքարեր` հայ բարձրարվեստ մշակույթի ինքնատիպ կոթողները, հայ ազգի մտավոր սեփականությունը»,- նշել է Ս.Հովհաննիսյանը, հավելելով, որ այդ փաստին քաղաքակիրթ մարդկությունը դեռ իր գնահատականը չի տվել: «Ցավալի է, որ նավթադոլլարների շահերն են փոշիացնում մշակութային հարստությունը»,- հայտարարել է նա, կոչ անելով «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը» եւ ներկա պատվիարկներին` իրավական գնահատական տալ Ադրբեջանից կողմից իրականացված մշակութային տեռորիզմին: Ըստ ՔԶՀԿ-ի լրատվական ծառայության հաղորդագրության, Ս.Հովհաննիսյանը նաեւ առանձին քննարկումներ է ունեցել Ֆինկի, Գրինհալխի եւ կոնֆերանսին ներկա տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այցելել Ժնեւում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակ եւ ծանոթացել կազմակերպության շտաբ-բնակարան տարբեր վարչությունների աշխատանքին:
Նոյյան տապան  -   Քաղաքական