Գերմաներենը՝ որպես երկրորդ օտար լեզու


Գերմաներենը՝ որպես երկրորդ օտար լեզու

  • 06-04-2015 15:50:29   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
ՙՀամաշխարհային կրթահամակարգի հիմքը ոչ թե միատարրությունն է, այլ բազմազանությունը եւ բազմալեզվությունը՚-այսօր մանկավարժական համալսարանում մեկնարկած միջազգային տարածաշրջանային գիտաժողովի բացման խոսքում ընդգծեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանը: 
Գիտաժողովին, որ կրում է ՙԲազմալեզվությունը ինստիտուցիոնալ համատեքստում. գերմաներենը՝ որպես երկրորդ օտար լեզու՚ խորագիրը, մասնակցում են փորձագետներ Գերմանիայից, Վրաստանից, միջինասիական երկրներից՝ Ուզբեկստան, Ղազախստան, Ղրղզըստան, Լեռնային Ղարաբաղից եւ ՀՀ մարզերից:      
Արա Երեմյանը բազման խոսքում նկատեց, որ տեղեկատվական հասարակության պայմաններում ապրող մարդու բազմալեզու հաղորդակցման կարողությունները դյուրացնում են մշակութային երկխոսությունը եւ նրա մուտքը համաշխարհային հանրություն: Այդ տեսանկյունից նա մեջբերեց ԵԽ-ի հռչակած լեզվաքաղաքականության սկզբունքները: ՙ Դրանք են՝ լեզվական եւ մշակութային  բազմազանությունը, բազմալեզվությունը, բոլոր լեզուների համարժեքության ընդունումը, ազգամիջյան  եւ միջմշակութային արդյունավետ համագործակցությունը, բնակչության ազատ տեղաշարժը, փոխըմբռնումը՚: 
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա սեփական փորձով է հասկացել բազմալեզվության ինչպես անհրաժեշտությունն, այնպես էլ լեզուների տիրապետման բարդությունը: Փոխնախարարը նկատեց, որ լեզվին տիրապետելու համար շատ կարեւոր է զգալ այն, ոչ թե կանոնների, հիշողության, լեզվաբառապաշարի առումով, այլ զուտ զգայական մակարդակում: Նա կարեւորեց լեզվի յուրացման համար անհրաժեշտ մի նախապայման. ՙԼեզուն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է, որ սովորողը ծանոթ լինի տվյալ երկրի, ժողովրդի պատմությանն ու մշակույթին՚: Ի դեպ, Մանուկ Մկրտչյանը չի ընդունում մի քանի լեզու յուրացնելու այն մոդայիկ տենդենցը, որ երբեմն հռչակվում է, բայց չի իրականացվում: Ավելի լավ է դնել իրական խնդիրներ եւ լուծել դրանք: Ըստ փոխնախարարի, այսօր հանրակրթական դպրոցում օտար լեզվի ուսումնասիրությունը պետք է սկսել տվյալ մշակույթի հետ ծանոթացմամբ եւ լեզվին տիրապետել թարգմանչական մակարդակով: 
Կոնֆերանսի բացմանը ներկա էր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադյա Լիխտեմբերգերը, որը փոխանցեց դեսպանի ողջույնի խոսքը եւ մասնակիցներին տեղեկացրեց, որ հատկապես վերջին տարիներին գերմաներենն ավելի գրավիչ է դառնում, եւ արդեն Հայաստանում էլ սկսել են այն՝ որպես երկրորդ օտար լեզու ընկալել: ՙԳերմաներենը պատուհան է դեպի գերմանական մշակույթ, դեպի պատմություն եւ դեպի գերմանական գիտություն՚,-ասաց փոխդեսպանը: 
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) դասախոս Անգելա Ներենցը տեղեկացրեց, որ կոնֆերանսը տարածաշրջանում գերմաներենի ուսուցման, բազմալեզվության զարգացման եւ ընդհանրապես գերմաներենի տարածման հիանալի հնարավորություն է: Նա չցանկացավ վիճակագրություն ներկայացնել, բայց ցավով ընդգծեց, որ ինստիտուցիոնալ առումով գերմաներեն ուսումնասիրողների թիվը վերջին տարիներին նվազել է, բայց նրան հույս է ներշչում այլ ցուցանիշ, ըստ որի անհատ չափահաս մարդիկ ավելի շատ են այժմ ուսումնասիրում գերմաներեն, քան նախկինում: Իսկ իրենք ծրարգրեր են իրականացնում տարածաշրջանում, որոնց նպատակն է խթանել գերմաներենի տարածմանը: Ի դեպ, այստեղ նա կարեւորեց Գերմաներենի ուսուցիչների հայկական ասոցիացիայի գործունեությունը, որի ղեկավարն է մանկավարժական համալսարանի գերմանական լեզուների ամբիոնի պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը: Նա էլ այս երկօրյա գիտաժողովի կազմակերպիչն էր:
Արտերկրում գերմաներենի ուսուցման ծառայության ներկայացուցիչ Թոմաս Բլումենրաթը տեղեկացրեց իրենց կազմակերպության առաքելությունը. այն է՝ օժանդակել գերմաներեն լեզվի տարածմանն ամենատարբեր երկրներում: Նա եւս ողջունեց գիտաժողովի անցկացման գաղափարը եւ հույս հայտնեց, որ այն իր դրական արդյունքն ունենալու է շատ մոտ ապագայում:
Երկօրյա գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, Մանկավարժական համալսարանի գերմաներենի ամբիոնի պրոֆեսոր, Գերմաներենի ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Մելանյա Աստվածատրյանը, ներկայացնելով հայ-գերմանական գիտամշակութային կապերը, հիշեց բնագետ, բժիշկ, Արարատի  գագաթն առաջինը  բարձրացած ազգությամբ գերմանացի Ֆրիդրիխ Պարրոտին, որը  1829 թվականին ճամփա ընկավ իր հայրենիքից եւ սեպտեմբերի 1 ին արդեն Էջմիածնում էր, որտեղ էլ ծանոթացավ մի սարկավագի հետ: Նա պիտի ուղեկցեր Պարրոտին դեպի Արարարատի գագաթը եւ փայտե խաչ տնկեր գագաթին: Այդ սարկավագը Խաչատուր Աբովյանն էր:  Նա, ըստ էության, հայ-գերմանական բարեկամության ռահվիրաներից է, եւ այսօր իր անունը կրող կրթօջախում հավաքվել են գերմաներենի տարածմամբ մտահոգ մարդիկ:
Միջազգային գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի երկու օր: Իսկ արդյունքը կլինի գերմաներենի՝ որպես երկրորդ օտար լեզվի, ուսուցանման նոր մեթոդիայի, նոր ծրագրի մշակումը, որը շատ տարբեր պիտի լինի առաջին օտար լեզու դասավանդելու մեթոդիայից:     
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play