Քաղաքական ուժերը՝ Սեֆիլյանի և ընկերների ձերբակալության մասի (Տեսագրություն)


Քաղաքական ուժերը՝ Սեֆիլյանի և ընկերների ձերբակալության մասի (Տեսագրություն)

  • 10-04-2015 17:37:12   | Հայաստան  |  Հասարակություն


новый коллаж

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների ձերբակալությունը` զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով, իրավակա՞ն գործընթաց է, ինչպես պնդում է ՀՀԿ-ն, թե՞ Սերժ Սարգսյանի քաղաքական հրահանգն է: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, պատասխանելով ԳԱԼԱ-ի այս հարցին, նշեց.

Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյան

«Իշխանությունների կատարած քայլն ամբողջացրեց այն թեման, որ ապրիլի 24-ին մենք Ցեղասպանության հետ զուգահեռ Հայաստանում ունենք նաև իշխանափոխության թեմա: Ես չեմ կարծում, որ այդ ձևակերպումով, որ ՀԽ-ի անդամները պատրաստվում էին հակաօրինական ճանապարհով իշխանափոխություն իրականացնել, դա բավարար հիմք է, որպեսզի կատարվեն ձերբակալություններ»:

Պատգամավորն ուշադիր ուսումնասիրել է Հիմնադիր խորհրդարանի հնչեցրած բոլոր հայտարարությունները, դրանց մեջ վտանգ և օրենքի խախտմամբ իշխանափոխություն իրականացնելու տարրեր Ռուբեն Հակոբյանը չի տեսել: Միևնույն ժամանակ նշում է.

«Ինձ համար մինչև հիմա անհասկանալի մնաց, թե ինչու Հիմնադիր խորհրդարանը փորձում էր այդ ապրիլի 24-ից սկսել ինչ-որ գործողությունները, շատ հասկանալի է, որ բացարձակ խորհրդանիշն այդ օրվա, առավել ևս 100-ամյակի հետ կապված, Ցեղասպանության հարցն էր: Եթե իսկապես ՀԽ-ն ունի հետևորդներ, ինքը կարող էր այդ նույն խնդիրը, քանի որ իսկապես ՀՀ-ում իշխանափոխությունն անհրաժեշտություն է, իրականացնել մարտի 1, 2 կամ 10-ին»:

Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյան

Նախորդ քառօրյայում ԱԺ ճեպազրույցի ճամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած շարժման մասին, չէր բացառել, որ իշխանությունները կարող են կանխարգելել Ժիրայր Սեֆիլյանի մտադրությունը, վերջինս մասնավորապես ասել էր. «Քրեական օրենսգիրքն ասում է՝ ավելի մեծ վտանգից խուսափելու համար կատարվում են քայլեր, որոնք ծայրահեղ անհրաժեշտությունից բխած են»: Այսօր արդեն Ռուստամյանը պարզաբանում է՝ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել.

«Սա փոխանակ զգուշացում լիներ հենց նույն Սեֆիլյանին ու նրա ընկերներին, դրա փոխարեն ինչ-որ վայրահաչություններ, անկապ արձագանքներ լսեցինք: Բայց ակնհայտ էր, որ սա կարող էր բերել այդպիսի հետևանքների»,- ասում է Ռուստամյանն ու ավելացնում.

«Բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ժիրայրը և իր ընկերները ոնց որ թե հենց իրենք էլ ուզում էին ձերբակալվեին: Շատ պարզ էր, որ այս ամեն ինչը բերելու է հենց դրան: Պարզ էր, որ ամսի 24-ի հետ այս կամ այն կերպ կապելու այդպիսի գործողություններ կարող էր, այո, բերել համապատասխան վերաբերմունքի համապատասխան մարմինների կողմից: Ես չեմ էլ բացառում, որ ապրիլի 24-ից հետո այդ, այսպես կոչված, հիմքերը, որ ծառայել են որպես ապացույց այդ ձերբակալությունները կատարելու համար, վերանան, և ապրիլի 24-ից հետո ազատ արձակվեն: Ես դա չեմ բացառում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Այն, որ ձերբակալության հիմքերը կարող են վերանալ, չի՞ խոսում այն մասին, որ սա հակասահմանադրական քայլ է, հարցին Ռուստամյանը պատասխանում է.

«Ես կարծում եմ, որ 24-ին այդ վտանգը գնահատվել է, որ կա, բայց 24-ից հետո դժվար է լինելու նույն իրավապահ մարմիններին բացատրել, թե էլ ինչի է էդ վտանգը պահպանվում»:

Լևոն Զուրաբյան

Լևոն Զուրաբյան

ՀԱԿ խմբակցության համար ամեն ինչ ավելի հստակ է, Լևոն Զուրաբյանն այս ձերբակալությունները դիտարկում է «ընդդիմադիրների դեմ ուժային հաշվեհարդար տեսնելու» ռեժիմի նախորդ տարվա վերջում կայացրած որոշման շղթայում՝ հարձակումներ ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի վրա, Բերձորի դեպքեր, դանակահարություն Գյումրիում: Ուստի Սեֆիլյանին և ընկերներին այլ անուն, քան քաղբանտարկյալ, Զուրաբյանը տալ չի կարող:

«Միանշանակ քաղաքական է այս ամենը և ուղղված է ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմանափակմանը: Միանշանակ դա արված է Սերժ Սարգսյանի հրահանգով, այլ բան հնարավոր չէ կարծել»,- ասում է Լևոն Զուրաբյանը:

ԲՀԿ-ին չի բավարարում ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրություն- հիմնավորումը, սակայն քաղբանտարկյալ անվանել և տեղի ունեցածը դատապարտել չեն շտապում:

«Մենք իրավապահ համակարգից սպասում ենք շատ ավելի հանգամանալից պարզաբանման, թե ինչով և ինչ կերպ էին իրենք պատրաստում զանգվածային այդ անկարգությունները»,- ասում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Վահրամ Բաղդասարյան

Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ձերբակալությունները համարում է կանխարգելիչ գործողություն, որն իր բնորոշմամբ իրավապահների «սուրբ» պատասխանատվությունն է: Պնդում է, թե Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալման հրահանգը Սերժ Սարգսյանը չի տվել:

«Զարմացա, որ այսօր նախագահի անունը չտվեցիք, սպասում էի, որ պետք է տաք, որովհետև այս երկրի որ անկյունում ինչ կատարվում է, ասում են՝ Սերժ Սարգսյանի հրահանգն է: Սերժ Սարգսյանը նման հրահանգներ չի արձակում»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նոյյան տապան  -   Հասարակություն