Գիտական ամուսնություններ. Լիլիթ Վարդանյան, Ջեյսանկար Դե և Սոֆի


Գիտական ամուսնություններ. Լիլիթ Վարդանյան, Ջեյսանկար Դե և Սոֆի

  • 11-04-2015 23:04:11   | Հնդկաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Ծնողների մասին պատմությունը Սոֆին ներկայացնում է այսպես. «Ուրեմն, մաման գնաց Հնդկաստան՝ իր փորձերն անելու, էնտեղ գտավ մի հատ սեր, հետո պապան եկավ, էդ սիրո հետ ամուսնացավ, ու ես ծնվեցի»։

Ահա, գիտական պրպտումների ճանապարհին երբեմն լինում են այսպիսի գեղեցիկ պատմություններ, որոնք ես որոշել եմ անվանել գիտական ամուսնություններ:

Նկատելի է, որ գիտական ամուսնություններում, որպես կանոն (կամ գուցե մեծ մասամբ), «միջնորդի» դեր է կատարում գիտությունը: Կենսաբանական գիտությունների թեկնածու, Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի առաջատար գիտաշխատող Լիլիթ Վարդանյանն ասում է՝ առանց այդ «միջնորդի» ոչինչ չէր ստացվի։ Պարզաբանեմ: Այդ նույն միջնորդ-գիտությունը Հնդկաստանում Լիլիթին հանդիպեցրել է Ջեյսանկար Դեին, որն այժմ ծովային գիտությունների դոկտոր է և աշխատում է ՀՀ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնում՝ որպես առաջատար գիտաշխատող, միաժամանակ` «Ստանդարտ Դիալոգ» ընկերությունում՝ որպես մանրէաբան և մոլեկուլային կենսաբան:

Եթե 7-ամյա Սոֆիի պատմությունը ձևակերպենք ավելի «մեծական», այսինքն՝ նրա մայրիկի խոսքերով, ապա կստացվի այսպես. «Մենք ծանոթացել ենք Հնդկաստանում, որտեղ ես, Հնդկաստանի գիտությունների ակադեմիայի հրավերով ու դրամաշնորհով, իմ թեկնածուական ատենախոսության փորձնական մասն էի անում Գոայի Օվկիանոսագիտության ազգային ինստիտուտում: Ջեյն էլ աշխատում էր հենց կից լաբորատորիայում, ինքն էլ իր թեկնածուականն էր անում: Ես իրեն չեմ ճանաչել մինչև իմ Հնդկաստանում մնալու վերջին ամիսը, այսինքն՝ մինչև այն պահը, երբ ինքն օգնեց ինձ՝ փորձարկելու իմ փորձերի համար օգտագործվող սարքավորումներից մեկը՝ հնարավորություն տալով ինձ՝ գործերս ավարտելու ժամանակին: Հետո ես վերադարձա Հայաստան, հետո Իսրայելում ու Գերմանիայում սովորեցի ու ավարտեցի թեկնածուականս: Այդ ընթացքում էլ Ջեյը Գերմանիայում ավարտեց իր թեկնածուական ատենախոսությունը, եկավ Հայաստան ու ամուսնացանք: Ինչպես հիմա մեր փոքրիկ աղջիկն է ասում` «մաման գնաց Հնդկաստան իր փորձերն անելու, էնտեղ գտավ մի հատ սեր, հետո պապան եկավ էդ սիրո հետ ամուսնացավ, ու 3 օրից ես ծնվեցի»: Ինքը գիտի, որ մենք 3 տարի իրարից շատ հեռու ենք եղել, բայց էդ տարիները ինքը համարում է 3 օր։

Լիլիթ, Սոֆիի ասած 3 օրը, որն իրականում 3 տարի էր, պիտի որ շատ ավելի երկար՝ մի քանի 3 տարի թվար ձեզ, այդպե՞ս է:

Իհարկե, շատ դժվար էր երկար ժամանակ գտնվել իրարից այդքան հեռու, բայց մենք ուրիշ տարբերակ չունեինք. երկուսս էլ ուզում էինք հաստատուն կարիերա ունենալ և քիչ թե շատ կայացած մասնագետ լինել նախքան ամուսնությունը: Հիմնականում էլեկտրոնային նամակներով կամ հեռախոսով էինք հաղորդակցվում: Հա, ճիշտ է, մի անգամ էլ հանդիպեցինք՝ էլի Հնդկաստանում գիտաժողովի ժամանակ, որին ավելի շուտ գնացել էի Ջեյին հանդիպելու համար։ Բավականին արկածներով լի հարաբերություններ են եղել, որոնց մասին մտադիր եմ մանրամասն պատմել իմ ինքնակենսագրական գրքում, որը պլանավորել եմ գրել 86 տարեկան հասակում, երբ էլ գիտությամբ չեմ զբաղվի։

Համատեղ կյանքում, որտեղ, ուզած թե չուզած, տեղ ունի նաև կենցաղը, արդյո՞ք գիտությունը կենցաղին կուլ գնալու միտում չունի, այդ առումով չե՞ն առաջանում դժվարություններ և ինչպե՞ս եք հաղթահարում դրանք։ Դժվար չէ՞ գիտությունը համատեղել տնտեսուհու, նաև մոր պարտականությունների հետ։ Արդյո՞ք դա պատճառ չի հանդիսանա, որ կինը թողնի գիտությունը։

Կենցաղից խույս տալ չի լինի: Այո, դժվար է, քանի որ, ի տարբերություն մասնագիտությունների մեծ մասի, գիտնականի դեպքում աշխատանքային ժամը չի սահմանափակվում 9-18-ով: Լինում են դեպքեր, երբ հանգստյան օրերը կամ գիշերներ ենք անցկացնում լաբորատորիաներում կամ համակարգչի առաջ: Բայց երբ մասնագիտությունը ուղղակի վաստակելու աղբյուր չէ (հատկապես Հայաստանում), այլ արդեն դառնում է ապրելակերպ ու չես պատկերացնում քեզ դրանից դուրս, էլ կենցաղային ու առօրյա խնդիրները խոչընդոտ չեն կարող լինել:

Մեր ընտանիքում կանանց ու տղամարդկանց «իրավահավասարություն» է տիրում. բոլոր կենցաղային հարցերը լուծվում են միասին: Իսկ հիմա արդեն աղջիկս է ինձ օգնում, մտնում ամեն հնարավոր ու անհնար գործերի մեջ ու իրեն մեծ մարդ զգում: Ամուսինս հիանալի խոհարար է, ճիշտ է՝ ոչ հաճախ, բայց ամիսը մեկ-երկու անգամ խոհանոցը իրենն է, ու դեռ չսկսած` լսում եմ` «օխ-օխ…  ինչպիսի՜ համեղ ուտելիք ենք մենք այսօր ճաշակելու»։

Ունե՞ք, փորձո՞ւմ եք ստեղծել իրար հետ գիտական համագործակցություններ։ Լինո՞ւմ են պահեր, որ ձեր տարբեր մասնագիտություններն իրար օգնում են կամ գուցե նաև խանգարում։

Մեր մասնագիտությունները շատ մոտ են, կարելի է ասել՝ միմյանց լրացնող: Դա է պատճառը, որ բավական շատ համատեղ տպագրություններ ունենք: Սա և՛ լավ է, և՛ վատ. լավ է, որ միմյանց խորհուրդներ ենք տալիս, քննարկում, վիճում, պարզաբանում, վատ է, որ գործից հետո դա շարունակվում է տանը: «Նորմալ մարդիկ տանը երեկոյան ֆիլմ են նայում, զրուցում, իսկ դուք կպել եք ձեր միկրոբներից ու ծանր մետաղներից, պոկ չեք գալիս»,- ամեն օր լսում ենք մայրիկից: Անգամ աղջիկս է խառնվում մեր քննարկումներին իր այդ օրվա «Discovery» և «Science» հեռուստատեսային ալիքներով դիտած գիտական հաղորդումների տպավորություններով:

Կպատմե՞ք մի քիչ Սոֆիի մասին. ի՞նչ հետաքրքրություններ ու նախասիրություններ ունի նա: Ի վերջո, ինչպե՞ս է զգում ու դրսևորում նա իրեն գիտնական ծնողների շրջապատում:

Սոֆին արդեն դարձավ 7 տարեկան: Մեր Հայաստան վերադառնալու հիմնական պատճառն ինքն էր, քանի որ ես շատ էի ցանկանում, որ աղջիկս հայկական կրթություն ունենա: Ճիշտ է, Շվեդիայում, որտեղ ապրում էինք, կար հայկական կիրակնօրյա դպրոց, որտեղ ես էլ էի հայերեն դասավանդում, բայց հավատացեք, միայն մի օր դպրոց հաճախելով շատ դժվար է լեզու սովորել, մանավանդ որ աղջկաս շրջապատում բոլորը շվեդներ էին:

Սոֆի

Հիմա արդեն Սոֆիս երկրորդ դասարանում է, սովորում է գերազանց, ու ի ուրախություն ինձ` հիանալի տիրապետում է հայերենին, իհարկե, նաև իր ուսուցչուհու ջանքերի շնորհիվ: Աղջիկս հաճախում է նաև երաժշտական միջնակարգ դպրոց, ջութակի բաժին: Վերջերս համերգի մասնակցեց, որտեղ հիանալի ելույթ ունեցավ: Հաճախում է նաև շախմատի և լողի դասերի, արդեն հասցրել է մրցույթների մասնակցել ու պատվոգրեր ստանալ:

Արդյո՞ք երեխայի մասնագիտական ընտրության ուղղորդման հարցում դժվարություն, իրարամերժ կարծիքներ, նույնիսկ «հակամարտություն» չի առաջանա։ Եվ ինչպե՞ս խուսափել դրանից։

Կարծում եմ, որ փոքր տարիքի երեխաներին պետք է շատ հնարավորություններ տալ` բացահայտելու նախասիրությունները, որպեսզի հետագայում մասնագիտական ընտրության ուղղորդման հարցում իրե՛նք իրենց կարողանան օգնել: Ես շատ կցանկանամ, որ աղջիկս երաժիշտ դառնա, դա նաև իմ մանկության երազանքներից մեկն է եղել, բայց իհարկե չեմ ստիպի իրեն, այլ ուղղակի կօգնեմ հնարավորին չափ: Նույն կարծիքն էլ ամուսինս ունի. ամեն ինչով կօգնենք, բայց վերջնական ընտրությունն իհարկե ինքը պետք է անի:

Լիլիթ, ավելի ուրախ ու հաճելի թեմաներց գնալով անցնենք դեպի բարդ ու մտահոգիչը. հայտնի է, որ ՀՀ–ում գիտության ֆինանսավորումը շատ ցածր է։ Արդյո՞ք ընտանեկան կյանքում դա առիթ չի դառնում դժվարությունների, դժգոհությունների, որոշ ծրագրերից, նույնիսկ երազանքներից հրաժարվելու։ Ինչպե՞ս եք լուծում կամ պատրաստվում լուծել այդ խնդիրը։ Եվ արդյո՞ք վերոնշյալ խնդիրը չի կարող թելադրել, թե քանի՞ երեխա կծնվի ընտանիքում։

Այո, գիտության ֆինանսավորումը շատ ցածր է Հայաստանում, այնքան ցածր, որ իսկապես ամոթ է դա անվանել ֆինանսավորում: Անկեղծ ասած, դեռ անցած տարի ես պայքարում էի՝ ամեն հնարավոր և անհնար տարբերակներով, որպեսզի այս հարցում սառույցը տեղից շարժվի, հետո հասկացա, որ ժամանակի իզուր կորուստ է: Ես էլ, ամուսինս էլ բավական երկար ժամանակ աշխատել ենք արտասահմանում` Իսրայել, Հնդկաստան, Գերմանիա, Ճապոնիա, Ամերիկայի միացյալ նահանգներ, Շվեդիա... այժմ, Հայաստանում գտնվելով, համագործակցում ենք մեր կոլեգաների հետ, համատեղ ծրագրեր անում, ժամանակ առ ժամանակ գնում վերապատրաստման, մասնակցում գիտաժողովների… և այս ամենը հիմնականում արտասահմանյան դրամաշնորհների ու ծրագրերի շրջանակներում:

Երազանքներից հրաժարվել պետք չէ, դրանք պետք է իրականացնել, իսկ իրականացնելու համար պետք է ջանասիրաբար աշխատել: Կարծում եմ, գիտության մարդը ամեն դեպքում մի ելք կգտնի: Ցավոք, պետք է նշեմ, որ ոչ բոլոր հայ գիտնականներին է հասու արտասահմանյան դրամաշնորհներին դիմելն ու ստանալը, ինչն էլ իր հերթին առաջ է բերում բազմաթիվ կենցաղային և սոցիալական խնդիրներ՝ հատկապես երիտասարդ գիտնականների ընտանիքների մոտ: Դուք պատկերացնու՞մ եք մի երիտասարդ ընտանիք, որտեղ երկու գիտական աշխատողներ են` իրենց չնչին աշխատավարձով: Այս մարդիկ իմ աչքին իսկական հերոսներ են: Այո, հենց այս խոչընդոտներով էլ բացատրվում է ընտանիքներում հիմնականում մեկ երեխա ունենալու փաստը: Իսկ Հայաստանի ժողովրդագրական աճի այս պայմաններում սա կարելի է ուղղակի աղետ համարել: Տեսնենք, թե մեր պետական այրերն ինչ և երբ կմտածեն այս հարցի շուրջ… Հուսով եմ՝ դեռ անդառնալի կորուստներ չենք ունեցել…

Վերջերս շատ խոսվեց հետթեկնածուական կարգավիճակի PostDoc համակարգից՝ հիմնականում մատնանշելով դրական կողմերը: Գիտական զույգերի հարցում չկա՞ն վտանգներ. օրինակ, եթե տարբեր երկրներում հրաշալի առաջարկներ լինեն, գիտությո՞ւնը կընտրեք, թե՞ համատեղ կյանքը:

Այս առումով մեր բախտը բերել է, մենք միշտ միասին ենք եղել, Շվեդիայում անգամ նույն ծրագրին էինք դիմել և երկուսս էլ նույն քաղաքում աշխատանքի ընդունվել: Հասկանալի է, որ միշտ նման բաներ լինել չեն կարող, մենք դրան ըմբռնումով ենք մոտենում: Բայց ամեն դեպքում ունենք մի չգրված օրենք. ուր էլ գնանք, գնում ենք միասին` ընտանիքով: Դե իհարկե 1-2 ամիս տևող մասնագիտական գործուղումները չենք հաշվում,  դա կարծում եմ նորմալ է: Այս առումով մենք շատ ենք ճամփորդում,  ու աղջիկս էլ արդեն սովոր է «օդանավային կյանքին», ինչպես ինքն է սիրում ասել:

Լավ կլիներ, որ այդ համակարգը գործեր նաև Հայաստանում, որ մարդիկ, իրենց երկրում գտնվելով հանդերձ, կարողանային օգտվել դրանից:

Ի՞նչ լուսավոր ծրագրեր և երազանքներ ունեք ապագայի համար և որտե՞ղ եք տեսնում դրանց իրականություն դառնալը։

Ես չեմ սիրում երազանքներ ունենալ ու մտածել, որ դրանք միայն երազանք են: Իմ երազանքները կոնկրետ պլանավորված ծրագրեր են, որոնք ժամանակի ընթացում ավելանում են և հերթով իրականացվում: Այդ ծրագրերից մեկն էլ, 10 տարվա բացակայությունից հետո, Հայաստան վերադառնալն էր ու այստեղ ամեն ինչ սկզբից սկսելը` տուն սարքել, երեխա ունենալ ու ծառ տնկել։ Ճիշտ է, տունը գնեցինք մեր արտասահմանում վաստակած գումարով, երեխան էլ ունեցանք Ճապոնիայում, բայց դե ծառ տնկելու համար տեղ Հայաստանում միշտ էլ կա (սրանք ամուսնուս խոսքերն են):

Ջեյսանկար Դեն` դստեր հետ

Աղջիկս երազում է իր հետ երկրեերկիր տանել իր ուսուցչուհի ընկեր Բեյբությանին, որ ուր էլ գնա, ուսուցչուհին նույնը լինի։ Ամուսինս երազում է ունենալ այնպիսի մասնագիտական շրջապատ, որտեղ չլինի ոչ մի սոցիալական ու կենցաղային խոսակցություն, ու ինքը կարողանա անվերջ քննարկել իր միկրոբների վարքը, աճն ու զարգացման պայմանները։

Ամեն դեպքում ես իրոք մի մեծ ցանկություն ունեմ, որին փոքր-ինչ հոռետես եմ մոտենում, քանի որ դրա իրականացումը միայն ինձանից չէ կախված. դա մեր կրթության ու գիտության ոլորտի բարելավումն է: Ես ուզում եմ, որ իմ երեխան սովորի Հայկական բուհում, ստանա հայկական կրթություն, որը մրցունակ լինի ամենուր: Ա՛յ այս ցանկությունս եմ ուզում իրականանա… որ ունենանք հայեցի, հայկական, ամուր, կիրթ ու խելացի սերունդ:

Մանե Հակոբյան

hetq.am

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play