Ջրամատակարարման համակարգի բարելավման համատեղ ծրագիր Արազափ գյուղում


Ջրամատակարարման համակարգի բարելավման համատեղ ծրագիր Արազափ գյուղում

  • 15-04-2015 12:11:16   | Արմավիրի մարզ  |  Տնտեսություն
 
Ս.թ. ապրիլի 14-ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից նշվեց Արմավիրի մարզի Արազափ գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտը: Ծրագրի ավարտական միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանը, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչները: Միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին գյուղով, որի ընթացքում նրանց ներկայացվեց ջրամատակարարման նոր համակարգը և նոր սանգոտին: 
 
Արազափ գյուղի ջրամատակարարման ցանցի վերականգնման նպատակով իրականացվեցին հետևյալ աշխատանքները. 18,2 կմ երկարությամբ խողովակաշարի փոխարինում ավելի հուսալի պոլիէթիլենային խողովակաշարով, նոր պոմպի տեղադրում, ինչպես նաև ջրամատակարարման ծառայությունների կառավարման նպատակով համակարգչային ծրագրի ներդրում: Ծրագրի արդյունքում կբարձրանա ջրամատակարարման համակարգի արդյունավետությունը, կնվազեն հոսակորուստները և աղտոտման ռիսկերը, կգրանցվեն ջրի և էներգիայի էական խնայողություններ: Արազափի բնակիչներն այժմ ունեն շուրջօրյա որակյալ ջրամատակարարում` նախկինում ունեցած օրական երեք ժամի փոխարեն: Այսպիսով, նախնական հաշվարկների համաձայն, համայնքում կապահովվի տարեկան մոտ 72,000 մ3 ջրի և 30 Մվտժ հոսանքի խնայողություն: 
 
«Մեր հայրենիքի սահմանների ամրությունը և սահմանը հսկող զինվորներին թիկունք ապահովողները սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն են: Տարրական հարմարությունների բացակայությունը ստիպում է մարդկանց հեռանալ հայրենի հողից: Մեր պարտքն է նրանց կողքին լինել, աջակցել և՛ հոգեբանորեն, և՛ կյանքի պայմանները բարելավելու առումով: Այս համատեքստում ավելորդ է նշել մաքուր ջրի կենսական նշանակությունը: Այս գիտակցումով է առաջնորդվում ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ իրականացնելով ջրամատակարարման նախագիծը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
2014թ.-ին ԱՄՆ ՄԶԳ-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և FPWC-ի համագործակցության արդյունքում Արմավիրի մարզի Արազափ և Լուկաշին, ինչպես նաև Տավուշի մարզի Արծվաբերդ և Բերքաբեր գյուղերում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրեր՝ բնակչությանը խմելու ջրով ապահովելու և կենսապայմաններ լավացնելու նպատակով: Վերոնշյալ ծրագրերի շահառուների թիվը կազմում է շուրջ 7000 մարդ: Չորս ծրագրերի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հատկացրել է 
70 մլն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 մլն դրամ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play