Հայաստանը աջակցում է Նեպալի երկրաշարժից տուժածներին


Հայաստանը աջակցում է Նեպալի երկրաշարժից տուժածներին

  • 05-05-2015 17:40:36   | Հայաստան  |  Բարեգործություն
IDeA հիմնադրամի «100 LIVES» նախագիծը հայտարարում է Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու մասին։
 
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «100 LIVES» (100 Կյանք) նախագիծը հայտարարում է Նեպալի ավերիչ երկրաշարժից տուժած երեխաներին օգնություն ցուցաբերելու մասին՝ այդ նպատակով 100 հազար ԱՄՆ դոլար փոխանցելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (UNICEF): IDeA -ն այսպիսով արձագանքում է ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UN OCHA)  կողմից աշխարհին ուղղված աջակցության կոչին: 
 
Նվիրատվությունն իրականացվում է  «Հայերը՝ Նեպալին» խորագրով մարդասիրական ակցիայի շրջանակում,  որով կոչ է արվում հայկական կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը  եւ աջակցել  երկրաշարժից տուժած երեխաներին օգնելու UNICEF-ի ջանքերին:
 
IDeA հիմնադրամի եւ «100 LIVES»-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, մեկնաբանելով նախաձեռնությունը, նշել է. «Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը զգալի վնաս է պատճառել հարուստ պատմություն ունեցող այդ երկրին: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել  են այդ ահավոր աղետից: 100 LIVES-ը նախաձեռնվել է որպես մարդասիրական նախագիծ, եւ մենք չենք կարող անտարբեր լինել,  երբ մարդիկ տառապում են: Հենց նման դեպքերում են դրսեւորվում մարդկային ոգու լավագույն  հատկությունները, եւ ես ողջ աշխարհի հայերին հորդորում եմ միանալ  նախաձեռնությանն ու իրենց աջակցությունը ցուցաբերել տուժածներին»:
 
«Մեր ժողովուրդը  շատ լավ է ծանոթ նման աղետների պատճառած ցավին, եւ գիտի նաեւ գնահատել օգնության մեկնած ձեռքը: Մենք միշտ շնորհակալ ենք եղել բոլոր նրանց, ովքեր օգնեցին մեզ 1988թ. աղետալի երկրաշարժի ժամանակ: Ողջ աշխարհն է աջակցում Նեպալի ժողովրդին, եւ մենք նույնպես անմասն չենք կարող մնալ: Այդ իսկ պատճառով որոշեցինք գումարը փոխանցել UNICEF-ին, որն օգնում է երկրաշարժից տուժած երեխաներին»,- նշել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը:
 
Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար հնարավոր է ուղիղ նվիրատվություն կատարել՝ այցելելով  ՄԱԿ-ի կողմից  հայտարարված՝ FLASH APPEAL ON NEPAL RESPONS-ի կայք՝  http://www.unocha.org/cerf/our-donors/how-donate.
 
 
Տեղեկանք
100 LIVES
100 LIVES (100Կյանք) նախաձեռնությունը, որի համաշխարհային մեկնարկը տրվեց 2015թ. մարտի 10-ի Նյու Յորքում,  կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով հարյուր հազարավոր հայերի են փրկել Հայոց ցեղասպանությունից։
100 LIVES-ը նախաձեռնել են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։
 
100 LIVES նախաձեռնությունը մարդասիրության ոլորտում նոր մրցանակ է սահմանել՝ մերօրյա անձնազոհ մարդկանց աջակցելու եւ խրախուսելու նպատակով:  Այն կոչվում է  «Ավրորա»՝ ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի, ով մանուկ հասակում դարձել է Հայոց ցեղասպանության ընթացքում գործած բարբարոսությունների ականատեսը։ Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.100lives.com
 
IDeA հիմնադրամ
 
Գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանի եւ  նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնադրված «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն իրականացնում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատեւումից անցում կատարել դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթեւի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման ծրագրերը։
 
 «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն