Բողոքի ակցիա` ի պաշտպանություն խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի. (Տեսանյութեր եւ ֆոտոշարք)


Բողոքի ակցիա` ի պաշտպանություն խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի. (Տեսանյութեր եւ ֆոտոշարք)

  • 20-05-2015 14:30:59   | Հայաստան  |  Հասարակություն



  «Զինվորը պիտի լինի պաշտպանված»,  «Պահանջում ենք սպանությունների  արդար քննություն», «Ամեն զինվոր իմ որդին է» պաստառներով մի խումբ քաղաքացիներ եւ  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մայիսի 20-ին  նախագահական նստավայրի առջև իրականացրեցին  բողոքի ակցիա: Նրանք պահանջում էին պատժել այն ոստիկաններին, ովքեր օրեր առաջ ՀՀ նախագահի նստավայրի առջևից ուժի գործադրմամբ հեռացրել էին բողոքող զոհված զինծառայողների մայրերին:
Բողոքի ակցիային մասնակցող հասարակական կազմակերպությունները տեղում կազմակերպեցին ստորագրահավաք` նախագահից  բանակային սպանությունները բացահայտելու և մայրերի վրա ձեռք բարձրացրած ոստիկաններին պատժելու պահանջով: 
Ստորագրահավաքին  մասնակցեցին տարբեր  ՀԿ-ների ներկայացուցիչներ և բազմաթիվ անցորդներ:
Ակցիային մասնակցեցին նաև Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք մինչև վերջ լինելու են մայրերի կողքին: Ըստ Լ. Զուրաբյանի` խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն ունեն իրավունք բողոքելու:  Նա նկատեց, որ բանակում հաճախ են լինում սպանություններ, որոնք չեն բացահայտվում ու որակվում են որպես ինքնասպանություն:
 Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ակտիվիստները չեն սահմանափակվելու բողոքի ակցիաներով, այլ մայրերի հետ քննարկելուց հետո դիմելու են նաև միջազգային ատյաններին:
 
 
 
 
 
Ակցիայի լուսանկարներն այստեղ
 
Մերի Հունանյան,  « Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն