ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ֆրանսիայի գինեգործության ոլորտի ներկայացուցիչներին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ֆրանսիայի գինեգործության ոլորտի ներկայացուցիչներին

  • 20-05-2015 11:47:50   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի գինեգործության ոլորտի ներկայացուցիչներին` Հայաստանում խաղողագործության և գինեգործության ներկա վիճակի քննարկման և այդ ուղղությամբ համագործակցության հնարավոր հեռանկարները նախանշելու նպատակով:
 
«Ֆրանսիան ունի հարուստ փորձ խաղողագործության և գինեգործության ոլորտներում, և այս ուղղությամբ մենք ակնկալում ենք ֆրանսիացի մասնագետների հետ արդյունավետ ու փոխշահավետ համագործակցություն», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
 
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ այս ոլորտների զարգացումն ավելի է կարևորվում` հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Այս կապակցությամբ Սերգո Կարապետյանն ընդգծել է Հայաստանում հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը` վերամշակված արտադրանքը հետագայում ԵՏՄ երկրներ արտահանելու և այնտեղ իրացնելու հեռանկարով:
 
Նշելով, որ միջազգային, այդ թվում` ռուսաստանյան շուկայում մեծ պահանջարկ ունի նաև հայկական կաթնամթերքը, նախարարը կարևորել է համագործակցության զարգացումը պանրագործության ոլորտում: 
 
Տեղեկացնելով, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Հայաստանում ստեղծվելու է  տեղական սորտերի վերականգնման և պահպանման այգի,  նախարարը հույս է հայտնել, որ այս կարևոր նախաձեռնությունը ևս կհետաքրքրի ֆրանսիացի մասնագետներին:  
 
Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշել են, որ այցի ընթացքում ծանոթանալով հայ գինեգործության ավանդույթներին, համոզվել են`ՀՀ-ում այս ոլորտն ունի զարգացման լայն հեռանկարներ: Որպես խաղողագործության և գինեգործության բնագավառներում փոխգործակցության ընդհանուր եզրեր` ֆրանսիացի փորձագետները մատնանշել են, մասնավորապես, ֆրանսիական ընկերությունների հետ համատեղ փորձնական ծրագրերի իրականացման, հայկական խաղողի տեսականու դասակարգման նպատակով տեխնիկական կենտրոնի ստեղծման, ինչպես նաև Հայաստանի ներդրումային և արտահանման ներուժի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման հնարավորությունը:
 
Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ Հայաստանում կատարված դիտարկումների արդյունքներն առաջիկայում կամփոփվեն մեկ փաստաթղթի մեջ և կներկայացվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:
 
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ Ֆրանսիացի պատվիրակները նաև վստահեցրել են, որ հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկները կփոխանցեն  իրենց երկրի շահագրգիռ կողմերին` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները հայ-ֆրանսիական գործարար կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play