Փողային նվագախմբերի հանրապետական փառատոնի շուրջ 500 մասնակիցներ հաղթական շեփորը հնչեցրեցին Գորիսում (տեսանյութեր և ֆոտոշարք)


Փողային նվագախմբերի հանրապետական փառատոնի շուրջ 500 մասնակիցներ հաղթական շեփորը հնչեցրեցին Գորիսում (տեսանյութեր և ֆոտոշարք)

  • 02-06-2015 19:51:29   | Հայաստան  |  Մշակույթ



Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության հանրակրթական, միջնակարգ, բարձրագույն և կրթադաստիարակչական հաստատություններում գործող փողային նվագախմբերից 16-ը Գորիսում մասնակցեցին «Հնչիր շեփոր հաղթական» խորագրով փողային հանրապետական շքերթ-փառատոնին:
 
500 անդամներից բաղկացած նվագախմբերը հասնելով Գորիս` իսկական տոն պարգևեցին տեղի բնակչությանը: Նվագախմբերը բաժանվեցին մի քանի մասերի և այցելեցին Գորիսի Շինուհայր, Վերիշեն, Քարահունջ համայնքներ, ինչպես նաեւ Գորիսի N զորմաս: 
Ինչպես «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչ, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանը, փառատոնը Հայաստանում անցկացվում է 2005 թվականից, իսկ նպատակն է նպաստել դպրոցականների եւ երիտասարդների գեղագիտական եւ հայրենասիրական դաստիարակությանը, աջակցել փողային նվագախմբերի զարգացմանը, ինչպես նաեւ խթանել փողային նոր նվագախմբերի ստեղծմանը:
Ըստ նրա` առաջին հինգ տարիներին փառատոնն անցկացվել է Երևանում, իսկ 2011-ից սկսած` Հայաստանի տարբեր մեծ քաղաքներում` Գյումրի, Ստեփանավան, Դիլիջան, Սիսիան, նաև Ստեփանակերտ:
Ս. Բալոյանի խոսքով` փառատոնի ամեամեծ ձեռքբերումներից է փողային նվագախմբերի թվի ավելացումը, ինչը մեծ խանդավառություն է առաջացնում թե նվագախմբերի մասնակիցների, թե փառատոնի անցկացման վայրի բնակչության շրջանում:
Գորիսի փոխքաղաքապետ Գևորգ Բոլյանը բարձր գնահատեց փողային նվագախմբերի մասնակցությամբ «Հնչիր շեփոր հաղթական» փառատոնի անցկացումը Գորիսում.« Ողջունում եմ բոլոր մասնակիցներին եւ մաղթում հաջողություններ, ակնկալում եմ, որ այս միջոցառումները շարունական կլինեն, քանի որ դրանք իսկապես շրջաների բնակիչներին ուրախություն և հաճելի պահեր են պարգևում»:
Նա նշեց, որ Գորիսը ևս ունեցել է փողային նվագախումբ, սակայն կադրերի պակասի պատճառով այն ներկայումս չի գործում: 
Փառատոնին մասնակցող պատանի երկրապահ ստորաբաժանման նվագախումբն այցելեց Գորիսի N զորամաս և Շինուհայր համայնք, որտեղ նվագախմբի ելույթներն իսկական ուրախություն պարգևեցին թե Հայաստանի սահմանները պաշտպանող զինվորներին, թե համայնքի բնակիչներին:  Էրեբունի տարածքային բաժանմունքի պատանի երկրապահ ստորաբաժանման ղեկավար Սամվել Խաչատրյանը նշեց, որ փառատոնին մասնակցում է ստեղծման իսկ օրվանից: «Մեր կառույցի հիմնական նպատակն է հնարավորինս շատ երեխաներ ընդգրկել անվճար պարային, երգի, սպորտային խմբակներում և նվագախմբում, որպեսզի նրանք կտրվեն փողոցից և ունենան ավելի կարևոր և օգտակար զբաղմունքներ»,- ասաց Ս. Խաչատրյանը:
Վերջինս Էրեբունի տարածքային բաժանմունքի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի կողմից պատվոգրեր հանձնեց Գորիսի N զորամսում ծառայող կարգապահ զինվորներին, ովքեր Էրեբունի համայնքից  էին:
Միջոցառման լուսանկարներն այստեղ
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play