Հայաստանի և Վրաստանի գյուղնախարարությունների միջև քննարկվել են համագործակցության հարցեր


Հայաստանի և Վրաստանի գյուղնախարարությունների միջև քննարկվել են համագործակցության հարցեր

  • 05-06-2015 11:00:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
Հունիսի 4-ին Թբիլիսիի Քաղաքային Խորհրդում «Վրացական երազանք» իշխող կուսակցության խմբակցության պատգամավորների և ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների ներկայացուցիչների միջև հանդիպում է կայացել: Հանդիպումը կազմակերպվել էր Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի աջակցությամբ: Հանդիպման սկզբում Քաղաքային Խորհրդի մեծամասնության խմբակցության ղեկավար Ռիմա Բերաձեն ողջունեց հավաքվածներին հետևյալ խոսքերով. «Մոտակա ժամանակներս քաղաքի Սակրեբուլոյին կից կստեղծվի ազգային փոքրամասնությունների հարցերով համակարգող խորհուրդ: Այդ խորհրդի նպատակն է Քաղաքային Խորհրդին Թբիլիսիում ապրող փոքրամասնությունների խնդիրների հետ ծանոթացնելը, կուտակված հարցերի լուծման ուղիները փնտրելը»: Կայացած հանդիպման ընթացքում Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահը հավաքվածներին ներկայացրեց «Վրացական երազանք» խմբակցությանը կից ազգային փոքրամասնությունների հարցերով Խորհրդի համակարգող Ռիտա Խիդերբեգիշվիլուն:
Վրաստանի Կառավարության` հունիսի 4-ին կայացած նիստի ընթացքում երկրի վարչապետը հանձնարարություն է տվել ֆինանսների նախարարին: «Մինչ հունիսի 10-ը ներկայացրե´ք մեզ 2015թ. երկրի Բյուջեի նախագծի նոր տարբերակը: Մենք պետք է հարմարվենք նոր իրականությանը: Այդպես չի լինի, որ նախարարությունները մի կողմից գումար պահանջեն, իսկ մյուս կողմից չկարողանան ծախսել այն, ինչ պահանջել են Բյուջեից: Թող ծախսեն այն, ինչ ունեն: 5% տնտեսական աճ այս տարի չի լինի: Ինչքան արագ մենք կանցկացնենք Բյուջեի հստակեցում, այնքան լավ», -հունիսի 4-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը` դիմելով Ֆինանսների նախարարին:
Խորհրդարանական մեծամասնության անդամ Էկա Բեսելիան հաստատում է, որ նախկին Կառավարությունը ստեղծել է հրեշ` ի դեմս Ներքին Գործերի նախարարության: «Անհրաժեշտ է շտապ զատել Պետական Անվտանգության Ծառայությունը ներքին գործերի նախարարությունից: Մենք արդեն անցկացրել ենք գերատեսչությունների ապաքաղաքականացում, այնպես որ նախարարությունն արդեն պատրաստ է առանձնանալուն: Պետական Անվտանգության Ծառայության ղեկավարին կնշանակի Խորհրդարանը, ինչը նշանակում է, որ այդ բարձրաստիճան պաշտոնյան կունենա օրինականության բարձր մակարդակ», -հայտարարել է Էկա Բեսելիան: Հիշեցնենք, որ խորհրդարանն այս օրերին արդեն սկսել է օրինագծի քննարկումը, որը ենթադրում էր ՆԳՆ-ի բաժանումը և նրա վերահսկողության տակից ուժային գերատեսչության` Պետական Անվտանգության Ծառայության դուրս բերումը: Արդեն հայտնի է, որ խորհրդարանական ընդդիմությունը չի պատրաստվում աջակցել տվյալ նախաձեռնությանը և մեղադրում է իշխող կոալիցիային առանձին գերատեսչություն ստեղծելու փորձի մեջ, որը իրականացնելու է իշխանությունների քաղաքական ընդդիմախոսների հետապնդում:
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արտահայտել է իր դիրքորոշումը Ընտրական Համակարգի սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ: «Տվյալ հարցի վերաբերյալ ես նոր կարծիք ունեմ և ես ակտիվ կլինեմ, որպեսզի գոյություն ունեցող համակարգը փոփոխվի: Ինչքանով ինձ հայտնի է, իշխող կոալիցիան մոտական օրերս ծրագրում է որոշում ընդունել մեծամասնական պատգամավորների հարցի վերաբերյալ: Ես կողմնակից եմ, որպեսզի այդ համակարգը փոփոխված լինի: Թե ինչ կորոշի իշխող Կոալիցիան, շուտով պարզ կլինի», -հունիսի 4-ին հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:
Հունիսի 4-ին Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունում Հայաստանի և Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչների միջև հանդիպում է կայացել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության խորացման հարցեր: Գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է հայ գործընկերներին Վրաստանում անցկացվող բարեփոխումների մանրամասն նկարագրությունը: Կողմերը համաձայնել են, որ գյուղատնտեսության բնագավառում համագործակցությունը հատուկ կարևորություն ունի և փոխօգտակար է Վրաստանի և Հայաստանի համար: Կողմերը նշել են ENPARD ծրագրի հատուկ դերը, որի շրջանակներում էլ ծրագրվում է շարունակել նշված բնագավառում համագործակության խորացումը: «Հայաստանում ENPARD  ծրագիրը սկսել է գործել 2015թ.-ից: Վրատսանում այդ ծրագիրը գոյություն ունի արդեն 4 տարի: Մեզ համար շատ կարևոր է ծանոթանալ վրացի գործընկերների փորձի հետ: Հենց դա է Վրաստան կատարած մեր այցելության հիմնական նպատակը», -հայտարարել է Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության պատվիրակության ղեկավարը:
Հունիսի 4-ին Վրաստանի Պաշտպանության նախարարը երկրի վարչապետի հետ միասին այցելել է պետական, ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնը: «Երկրի համար «Դելտա» ձեռնարկության գործառույթը ռազմավարական նշանակություն ունի: Այդ ձեռնարկության ամենանշանակալի մշակումն է անօդաչու ուղղաթիռը, որի շուրջ աշխատանքները դեռևս չեն ավարտվել: 2-3 օրից նախարարությունը կստանա առաջին տվյալները, տեղեկություններ անօդաչու ուղղաթիռների մասին: Ստացված տվյալների հետ ծանոթացումից կախված` աշխատանքը կշարունակվի: Ինչ վերաբերում է պետության կողմից «Դելտա» կենտրոնի ֆինանսավորման հարցին, կասեմ, որ դա հենց կենտրոնի հոգսն է: Ֆինանսավորման բարձրացումը կախված է նրանից կկարողանա՞ արդյոք «Դելտան» ստեղծել գնորդին հետաքրքրող արտադրանք: Ինչքանով ես տեղյակ եմ, արդեն քիչ ցանկացողներ չկան, որոնք ուզում են ձեռք բերել Վրաստանում արտադրվող ռազմական տեխնիկան: Ընկերությունը բաց է համագործակցության համար», -հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:
 
http://armenian-community.ge/News/1130
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը