4-ամյա Հակոբին օգնելու համար անցկացված բարեգործական համերգի հասույթը կազմել է 500 հազար դրամ


4-ամյա Հակոբին օգնելու համար անցկացված բարեգործական համերգի հասույթը կազմել է 500 հազար դրամ

  • 16-06-2015 20:13:33   | Հայաստան  |  Բարեգործություն

Կայացել է 4-ամյա Հակոբ Հակոբյանի  բուժումն արտասահմանում իրականացնելու համար «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնած բարեգործական համերգը, որի ամբողջ հասույթը կազմել է  500 հազար ՀՀ դրամ:
 
Երեխայի մոտ ախտորոշվել է «Սուր պիելոնեֆրիտ, երկկողմանի միզապարկ միզածորանային հետհոսք աջից չորրորդ, ձախից երրորդ աստիճան, խրոնիկական երիկամային հիվանդություն երրորդ շրջան, միզապարկի դիվերտիկուլ, վիճակ հետին միզուկի կափույրի տրանսուրետրալ ռեզեկցիայից հետո»: Նրան անհապաղ անհրաժեշտ է մանրամասն հետազոտություններ, միզուղիների վիրահատություն, իսկ հետագայում նաև երիկամի փոխպատվաստում, որը հնարավոր է իրականացնել եվրոպական երկրներում, մասնավորապես Շվեդիայում։ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում համերգը սկսվել է ժողովրդական երաժշտությամբ՝ Ավագ Մարգարկանի և իր ընկերների կատարումներով, ապա հաջորդել է ԻնՌոք խումբի և երգչուհի Լուսինե Ազարյանի կատարումները: Համերգը եզրափակել են Միրզոյան Կվարտետի ջութակահարները. հնչել է Մոցարտ, ապա Կոմիտաս: 
Համերգին ներկա է եղել նաև փոքրիկ Հակոբը: 
«Օգնենք հայ մանուկներին» ՀԲԿ անդամները համերգի կայացման, աջակցության և վստահության համար շնորհակալություն են հայտնել բոլոր մասնակից երաժշտական խմբերին և անհատ կատարողներին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրինությանը և արդեն հարազատ դարձած հանդիսատեսին:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Բարեգործություն