Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունից է կախված ԲՈՒՀ-ի հետագա զարգացումը. Գևորգ Մարգարով (տեսանյութ)


Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունից է կախված ԲՈՒՀ-ի հետագա զարգացումը. Գևորգ Մարգարով (տեսանյութ)

  • 19-06-2015 11:35:31   | Հայաստան  |  Հասարակություն



«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալասարանում հունիսի 20-ին կայանալիք ռեկտորի ընտրությունից է կախված տվյալ ԲՈՒՀ-ի և հատկապես ինֆորմատիկայի ֆակուլտետի հետագա զարգացումը»,- հունիսի 18-ին «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում նշեց Պոլիտեխնիկի կոմպյուտերային համակարգի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Մարգարովը:
 
Ըստ նրա` ԲՈՒՀ-ի պատմության մեջ առաջին անգամ ռեկտորի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածուներ` ռեկտորի ժամակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը և ՀՅԴ անդամ, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Գ. Մարգարովի համոզմամբ` ընտրությունները պետք է ընթանան ազատ և արդար մթնոլորտում` առանց արտաքին ճնշումների, մինչդեռ բազմիցս նկատվել են արտաքին ճնշումներ: Նա մտավախություն ունի, որ Ո. Մարուխյանի ընտրվելու դեպքում չեղյալ համարվեն այն բոլոր պայմանագրերը և ծրագրերը, որոնք կնքվել են Պոլիտեխնիկի և արտասահմանյան այլ գործընկեր ԲՈՒՀ-երի միջև. «Ինձ համար շատ ցավալի կլինի, որ վերջին մեկուկես տարվա  ընթացքում արձանագրված դրական առաջընթացը և գործող ծրգարերը ընդհատվեն»:
Գ. Մարգարովն իր մտավախությունը բացատրում է նախկինում ունեցած նմանատիպ փորձով: Նա տեղեկացրեց, որ ԲՈՒՀ-ը տարիներ առաջ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից մեկի հետ պայմանագիր է կնքել,  որը Ո. Մարուխյանը չեղյալ է հայտարարել ռեկտորի պաշտոնը ստանձնելուց հետո:
Նրա դժվարացավ կանխատեսել, թե ռեկտորի ընտրությունում ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի 32 անդամներն ում օգտին կքվեարկեն: 
«Վերջին մեկուկես տարվա ընթացքում բավականին շատ գործ է արվել, և եթե այդ ընթացքում ռեկտորի պաշտոնակատարի հասցեին ուղղված անհիմն հրապարակումներն ու զրպարտությունները չլիներին, ապա ԲՈՒՀ-ը կունենար կրկնակի դրական արդյունքներ»,- ասաց Գ. Մարգարովը` հավելելով, որ ինքն անձամբ կողմ է ներկայիս ռեկտորի պաշտոնակատար Հ. Թոքմաջյանի ընտրությանը:
Անդրադառնալով Հայաստանում ինֆորմատիկայի ոլորտի կրթական մակարդակին և կադրերի պատրաստվածությանը` Գ. Մարգարովը նշեց, որ ինֆորմատիկան բավականին զարգացած է, իսկ ոլորտի մասնագետները` պահանջված:
Նրա տեղեկացմամբ` ամեն տարի Պոլիտեխնիկական համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետն ավարտում են 300-400 շրջանավարտներ, սապայմանավորված է ֆակուլտետներում առկա տեղերով, մինչդեռ համասարանը կարող է ավելի շատ մասնագետներ պատրաստել:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն