Բրիտանացի բանաստեղծուհին իր «Ամպերի տակ» ժողովածուն նվիրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին


Բրիտանացի բանաստեղծուհին իր «Ամպերի տակ» ժողովածուն նվիրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին

  • 26-06-2015 18:43:20   | Հայաստան  |  Մշակույթ

Բրիտանացի բանաստեղծուհի և երաժիշտ Ջինի Հենսոնն իր «Ամպերի տակ» ժողովածուի հայերեն հրատարակությունը նվիրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
 
Սիրո, կարոտի և իղձերի մասին պատմող գրքի հայաստանյան շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 27-ին Բյուրականի արվեստի ակադեմիայում:  Հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանում գտնվող արվեստագետը նշեց, որ իր համար Հայաստան ժամանելը հավասար է տուն գալուն. «Հարազատների և ընկերների միջավայրում  եմ ինձ զգում, շատ հուզված եմ և անհամբեր սպասում եմ գրքի շնորհանդեսին»:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում Ջինի Հենսոնը Հայաստան է եկել իր ամուսնու` հայտնի շոտլանդացի դիրիժոր Դեյվիդ Դեվիսի հետ, ով Հայաստան է եկել արդեն 4-րդ անգամ: «Մինչ այս այցը Հայաստան եկել եմ որպես դիրիժոր, իսկ այս անգամ պարզապես ուղեկցում եմ կնոջս»,- ասաց Դ. Դեվիսը և հավելեց, որ իրեն համարում է Հայաստանի մի մասնիկը:
«Ես այստեղ եմ որպես Հայաստանի ընկեր և կիսում եմ Ձեր մեծ ցավը: Թույլ եմ տալիս ինձ բոլոր շոտլանդացիների անունից ցավակցել Ձեզ: Իմացեք, որ մենք ոչ միայն աղոթում ենք Ցեղասպանության ճանաչման համար, այլև պատրաստ ենք պայքարել Ձեզ հետ այդ հարցում»,- նշեց շոտլանդացի դիրիժորը:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի տեղեկացմամբ` արվեստագետ ամուսիներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Տեղեկացվեց նաև, որ «Ամպերի տակ» գրքի հայաստանյան շնորհանդեսն անցկացվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Գրքի լոնդոնյան շնորհանդեսը կանցկացվի սեպտեմբերին:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play