«Պատասխան` 100 տարի անց». հաշվետու մամուլի ասուլիս


«Պատասխան` 100 տարի անց». հաշվետու մամուլի ասուլիս

  • 01-07-2015 17:53:58   | Հայաստան  |  Մշակույթ

Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարության և Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ իրականացվող Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը մոտենում է եզրագծին։
 
Անդրադառնալով 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին`մինչև 2015 թ. հունիսի 1-ը նախագծի շրջանակում իրականացվել են 2 ենթածրագրեր: Ներկայում ընթանում են «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում ներառվելիք նյութերի ամփոփման, խմբագրման, թարգմանության և ձևավորման աշխատանքներ: 
Պատկերագիրքը բաղկացած կլինի երեք բաժիններից` գրական-հասարակական, կերպարվեստի և պատմական ակնարկների: 
1-ին բաժինն իր հերթին կկազմվի 10 մասերից, որոնցից յուրաքանչյուրում կներառվեն մեկական արխիվային նամակ` դրան ուղղված առնվազն մեկ «Պատասխան` 100 տարի անց» ուղերձով: Այս բաժնի հավելվածում առանց մեկնաբանության կհրատարակվեն ևս մի քանի բարձրարժեք նամակներ, իսկ բաժինը կամփոփվի Անրի Վեռնոյի և թուրք նախարար Բյուլենտ Ակարցալիի նամակագրությամբ: Այն իսկապես ներկայացնում է անցած հարյուրամյակում եղած հայ-թուրք փոխհարաբերությունները: 
Կերպարվեստի բաժինն, ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում իրականացված «Անցյալը` ներկայում» մրցութային նախագծի ամփոփումն է: Բաժինը կավարտվի երիտասարդ ստեղխագործողների` դեպի Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության վերաբերյալ պատկերավոր հոդվածով: Ուխտագնացության մասին նկարահանվել է ֆիլմ, որի պրեմիերան կկայանա պատկերագրքի շնորհանդեսի հետ: Նախատեսվում է նաև ֆոտոշարքերի և Արևմտյան Հայաստանում կատարած որոշ ճեպանկարների ցուցադրություն: 
Եզրափակող` պատմական ակնարկների բաժինը նպատակ ունի ընթերցողին ընդհանրական տեղեկություններ հաղորդել թեմայի շուրջ, որոնք կօգնեն հետևություններ անել և, ցանկության դեպքում, «պատասխանել» որևէ կոնկրետ կամ բոլոր նամակ-վկայագրերին միասին` շարադրելով իրենց խոսքը պատկերագրքի վերջին` սպիտակ էջում: Դատարկ, սպիտակ էջը միաժամանակ խորհրդանշում է Հայոց ցեղասպանության փաստի դեռևս չընդունված լինելը, հայության սպասումները և զոհերի անմեղությունն ու սրբադասման գաղափարը: 
Ս.թ. հուլիսի 1-ին` ժամը  13:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում  «Պատասխան` 100 տարի անց» համալիր ծրագրի հաշվետու մամուլի ասուլիսին մասնակցեցին  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» մրցույթի պատասխանատու, արվեստաբան Արմեն Գասպարյանը, «Պատասխան` 100 տարի անց» նախագծի համակարգող Հասմիկ Հախվերդյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի փոխտնօրեն Անուշ Հակոբյանը:
 
          
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play