Ստյոպա Սաֆարյանի պնդմամբ` հոսանքի թանկացման դեմ սկսված շարժումը չպետք է արժեզրկել


Ստյոպա Սաֆարյանի պնդմամբ` հոսանքի թանկացման դեմ սկսված շարժումը չպետք է արժեզրկել

  • 07-07-2015 15:11:45   | Հայաստան  |  Հասարակություն



Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծավալված քաղաքացիական շարժումն ըստ քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի` չպետք է արժեզրկել «քանի որ այն աննախադեպ էր ու այնքան հզոր, որ ստիպեց ՀՀ նախագահին արձագանքել և մեկ քայլ հետ անել»:
Ինչպես այսօր «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ս. Սաֆարյանը, ներկայիս երիտասարդությանը հաջողվեց քնից արթնացնել ողջ ժողովրդին և հավատացնել, որ «Մենք ենք տերը մեր երկրի»:
 
Ըստ նրա` կոտրվեց այն կարծրատիպը, թե ռուսն է մեր փրկիչը կամ առանց ռուսների ոչինչ չենք կարող անել, իսկ հասարակությունը գնաց այդ նոր գաղափարի հետևից:
Ս. Սաֆարյանի համոզմամբ` հոսանքի թանկացման դեմ սկսված շարժումը ցույց տվեց, որ Հայաստանում քաղաքական դաշտը մեռած է. «Այս բողոքի ալիքը պետք է առաջին հերթին քաղաքական ընդդիմությունը բարձրացներ, այլ ոչ թե հասարակությունը»: 
Նրա կործիքով` Բաղրամյան պողոտան ի վերջո մեկ օր բացվելու էր, քանի որ չկար նոր քայլերի և գործողությունների ձեռնարկման հստակ ծրագիր:
Ըստ վերլուծաբանի` հասարակության գաղափարական պառակտման պատճառ դարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն` ի պատասխան Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող ցուցարարներին:
 «Ըստ էության նախագահի ելույթը պահանջի բավարարում չէր, այլ խնդրի լուծման այլընտրանքային ճանապարհ, հետևաբար Բաղրամյանում հավաքվածների թիվը պետք է կրկնապատկվեր ու եռապատկվեր, որպեսզի նոր թափով հնարավոր լիներ ճնշում գործադրել», ասաց  Ս. Սաֆարյանը: 
Վերջինիս կարծիքով` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ սկսված շարժման մասնակիցները և համակարգողներն արդեն պետք է բարձրացնեն աուդիտի մեթոդաբանության հարցը. «Այս փուլում շատ կարևոր է  շարժման մասնակիցների, հասարակության մասնագիտական խմբերի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների ակտիվությունը և ներգրավածությունն աուդիտի գործընթացում, քանի որ դրանից է մեծամասամբ կախված աուդիտի ընթացքն ու արդյունքը»: 
Միաժամանակ քաղաքական վերլուծաբանը գտնում է, որ փողոցային պայքարը կշարունակվի:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն