Վարդավառին ընդառաջ՝ աղբյուրների օրհնությունը այս տարի սկսվելու է Կաթնաղբյուրից (տեսանյութ)


Վարդավառին ընդառաջ՝ աղբյուրների օրհնությունը այս տարի սկսվելու է Կաթնաղբյուրից (տեսանյութ)

  • 10-07-2015 14:24:29   | Հայաստան  |  Հասարակություն



Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնը ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մեկնարկելու է ավանդույթ դարձացած աղբյուրների օրհնությամբ: Ինչպես հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը, հուլիսի 11-ին Աբովյան քաղաքում կայանալու է  Կաթնաղբյուրի օրհնությունը, որն եղել է Երևանի առաջին ջրամատակարար աղբյուրը:
 
Ըստ Մ. Սարգսյանի` աղբյուրների օրհնության կարգը լավ հնարավորություն է մարդկանց գիտակցություններին հասցնել ջրի կարևորության փաստը. «Այս ջրօրհնեքը իր մեջ և հոգևոր, և ժողովրդական տարրեր է պարունակում և մեծ հետաքրքրություն ունի հասարակության շրջանում»:
Նա նաև տեղեկացրեց, որ մայրաքաղաքը Վարդավառի օրը ջր հետ կապված որևէ խնդիր չի ունենալու, քանի որ ընկերությունն ամեն ինչ անելու է բնակչությանը բավարար քանակությամբ ջրով ապահովելու համար»,- ասաց նա: 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, անդրադառնալով տոնի խորհրդին, ծիսակարգին և միջոցառումներին, տեղեկացրեց, որ Քրիստոսի այլակերպության տոնն ունի ավետարանական հիմք և համարվում է հայ եկեղեցու շարժական տոներից մեկը:
Նրա խոսքով` Քրիստոսն իր այլակերպությամբ ցույց տվեց, փաստեց և արդարացրեց իր աստվածությունը:
«Ժողովրդի պատկերացումների մեջ Քրիստոսի այլակերպությունը կոչվում է նաև Վարդավառ, որը մի կողմից կապվում է հեթանոսական շրջանի ջրի պաշտամունքի հետ, իսկ մյուս կողմից` վարդ ծաղկի` այդ արարողությունների մեջ օգտագործվելու հետ»,- նշեց Տեր Հակոբը և ավելացրեց, որ իրականում  այդքան էլ կարևոր չէ, թե նշված երկու բաղադրիչներից որ մեկի հետ է կապվում տոնը, քանի որ երկուսն էլ կարևոր հոգևոր նշանակություն ունեն հասարակության կյանքում:
Նա նշեց, որ  Քրիստոսը հաճախ իրեն մշտաբուխ ջրի է նմանեցրել. «Այս տրամաբանությամբ է, որ եկեղեցում այդքան շատ ջուր է օգտագործվում տարբեր արարողություններ կազմակերպելու նպատակով, իսկ ջուրն օրհնվում է, որպեսզի այն մշտապես լինի, քանի որ կենսական նշանակություն ունի մարդկության գոյության համար»:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն