«Բիզնեսի կառավարման հմտություններ» դասընթացը հասանելի է նաև Հայաստանի աղքատ և խոցելի խմբերի համար


«Բիզնեսի կառավարման հմտություններ» դասընթացը հասանելի է նաև Հայաստանի աղքատ և խոցելի խմբերի համար

  • 17-07-2015 13:29:41   | Հայաստան  |  Բարեգործություն

«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի առաջին ենթաբաղադրիչի շրջանակներում Հայաստանի աղքատ և խոցելի խմբերի` հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացված բիզնեսի կառավարման հմտություններ դասընթացը հաջողությամբ ավարտած շուրջ 100 շահառուների հանձնվելու են ավարտական սերտիֆիկատներ: Հուլիսի 16-ին Երևանում տեղի ունեցավ սերտիֆիկատների հանձնման առաջին փուլը:
 
Ինչպես «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի համակարգող Սոֆի Ներսիսյանը, ծրագիրն իրականացվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (ԱՀ ԲՀԿ) կողմից` Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ:Ս. Ներսիսյանը նշեց, որ ` սերտիֆիկատների հանձնումից հետո համագործակցությունը շահառուների հետ շարունակվելու է, քանի որ դասընթացների ավարտին հաջորդելու է մասնակիցների կողմից ներկայացված սեփական փոքր բիզնես նախագծերի գնահատումը:
«Ծրագրի ենթաբաղադրիչներից մեկով նախատեսված է բիզնեսի կառավարման հմտություններ դասընթացին ներգրավել նախապես ընտրված շուրջ 200 շահառուներ, որոնցից առնվազն 170-ը պետք է դասընթացների ավարտին հանձնաժողովի գնահատմանը ներկայացնեն իրենց բիզնես նախագծերը: Ադյունքում ընտրվելու են 80 լավագույն և իրատեսական բիզնես նախագծերը, որոնց հիման վրա ԱՀ ԲՀԿ-ի կողմից տրամադրվելու է անհատույց ենթադրամաշնորհներ` սեփական փոքր բիզնեսի գաղափարն իրականություն դարձնելու համար»,- ասաց Ս. Ներսիսյանը և հավելեց, որ բիզնեսը սկսելուց հետո 3 ամիսների ընթացքում ծրագրով պլանավորված է ունենալ բիզնես-գործունեությունը շարունակող առնվազն 40 շահառու:
Վերջինս ներկայացնելով «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագիրը նշեց, որ այն աննախադեպ է, քանի որ առաջին անգամ համաշխարհային բանկը ֆինանսավորում է ՀԿ-ի:
Ս. Ներսիսյանի խոսքով` վերոնշյալ ծրագրի նպատակն է Երևանում և Հայաստանի հինգ մարզերում` Կոտայք, Արարատ, Լոռի, Գեղարքունիք և Շիրակ, հաշմանդամություն ունեցող և աղքատ անձանց ընձեռնել ինքնաբավ կենսապայմաններ և զբաղվածության հնարավորություններ, ինչպես նաև նրանց մատուցել կենսականորեն անհրաժեշտ սոցիալ-առողջապահական ծառայություններ:
«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագիրն ունի երեք բաղադրիչ, որոնցից առաջինով նախատեսվում է կազմակերպել ծրագրի 800
 
շահառուների համար մրցունակ մասնագիտությունների` վարսահարդարման, դիմահարդարում, ֆուրշետի ձևավորման, հրուշակագործության, կոշկակարության, խոհարարության, ասեղնագործության, գորգագործության ուսուցում ինչպես ԱՀ ԲՀԿ հաշմանդամների ռեսուրս կենտրոններում, քոլեջներում, այնպես էլ գործատուների կողմից պրակտիկ ուսուցում աշխատավայրում` աշխատանքի հետագա ապահովմամբ:
«2-րդ բաղադրիչը սոցիալ-առողջապահական և սննդային ծառայությունների մատուցումն է, որն իրականացվում է ՀՀ տարածքում գործող ԱՀ ԲՀԿ-ին պատկանող 18 բարեգործական ճաշարանների և 15 բազմաֆունկցիոնալ կենտրոնների միջոցով: Մոտ 2000 շահառուներ օգտվում են սննդային ծառայություններից, իսկ ընդհանուր 4000 անապահով և աղքատ մարդիկ օգտվում են բազմաբնույթ կենսական սոցիալ-առողջապահական ծառայություններից»,- ասաց Ս. Ներսիսյանը:
Նրա տեղեկացմամբ` 3-րդ բաղադրիչի շրջանակներում իրականացվում է 12 հասարակական կառույցների և ԱՀ ԲՀԿ 12 ռեսուրս կենտրոնների վերանորոգման և բարեհարմարացման աշխատանքներ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձիք հնարավորություն ունենան անարգել տեղաշարժվել: Իսկ շահառուների բազմաբնույթ հիմնահարցերին ուղղված տարատեսակ միջոցառումները նրանց դարձնում են լավ իրազեկված, կարող՝ պաշտպանելու սեփական շահերն ու իրավունքները՝ դառնալով հասարակության առավել լիարժեք անդամ:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի փոքր և միջին բիզնեսի զարգացման փորձագետ Հրաչյա Հարությունյանի տեղեկացմամբ` ԱՀ ԲՀԿ-ն որպես խորհրդատու ընտրել է Բի էս Սի Բիզնեսի աջակցման կենտրոնին, որն էլ վերոնշյալ դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ իրականացնում է Երևանում և Հանրապետության հինգ մարզերում անցկացվող դասընթացների հետ կապված բոլոր գործառույթները (դասավանդում, մասնակիցների տեղափոխում և այլն):
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Բարեգործություն