«Մենք մեր զինվորի կողքին ենք». դրամական աջակցություն ստացան 2-րդ և 3-րդ խմբի ևս 38 զինհաշմանդամներ


«Մենք մեր զինվորի կողքին ենք». դրամական աջակցություն ստացան 2-րդ և 3-րդ խմբի ևս 38 զինհաշմանդամներ

  • 29-07-2015 17:44:22   | Հայաստան  |  Բարեգործություն

Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ իրականացվող «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում ԱՀԹ Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում դրամական օգնություն բաշխվեց 2010-2015 թ. հունվարի 31-ի դրությամբ հաշվառված՝ Երևանի Նոր նորքի, Նորք Մարաշի, Ավանի և Քանաքեռ-Զեյթուն համայքների 2-րդ խմբի 8 և 3-րդ խմբի 30 զինհաշմանդամների: 
 
ԱՀԹ Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությունները, շնորհակալական ու երախտիքի խոսքեր ասաց զինհաշմանդամներին՝ Հայրենիքին աձնվեր ծառայություն մատուցելու համար: ԱՀԹ Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Բարսեղ ավագ քահանա Ղազարյանի նախագահությամբ Բժշկության կարգ կատարվեց հաշմանդամ զինվորների համար: 
Ապա ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը ներկայացրեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը՝ մանրամասն նշելով, թե ովքեր են ներառված ծրագրում: 
«Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագրի դրամաբաշխության փուլը շարունակվում է: Ս. Սարգիս զորավորի տոնի առթիվ երկրորդ անգամ հավաքված 50 մլն դրամ գումարը բաշխվում է հայոց բանակում ծառայած զինվորների ընտանիքներին: Այս տարի աջակցություն են ստանում նախորդ տարի ծրագրում չընդգրկված՝ զոհված զինվորների ընտանիքները և զինհաշմանդամները: Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի տարածքում՝ Երևանում և Արարատի մարզում: Դրամաբաշխությունը կատարվում է ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության տրամադրած ցուցակով: 
 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

Նոյյան տապան  -   Բարեգործություն