Աշխատավարձերի մարումով նաիրիտցիների խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվել. նրանք շարունակելու են պայքարել գործարանի վերագարծարկման համար (տեսանյութ)


Աշխատավարձերի մարումով նաիրիտցիների խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվել. նրանք շարունակելու են պայքարել գործարանի վերագարծարկման համար (տեսանյութ)

  • 05-08-2015 14:24:24   | Հայաստան  |  Հասարակություն



«Նարիրտ» գործարանի աշխատակիցները չնայած մարված ամբողջ աշխատավարձերի` շարունակելու են պայքարել այս անգամ գործարանի վերագործարկման պահանջով: Ինչպես օգոստոսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Նաիրիտի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը, ի սկզբանե իրենք պայքարել են ինչպես աշխատավարձերի ստացման, այնպես էլ գործարանի վերագործարկման համար:
 
Ըստ նրա` 2400 նաիրիտցիների աշխատավարձերի վճարման փաստը չի նշանակում, որ նրանց  խնդիրներն ամբողջությամբ լուծվել են, քանի որ աշխատակիցները ներկայումս փաստացի գործազուրկ են:
Ա. Հարությունյանի պնդմամբ` քիմիական գործարանի 30-40 տարվա մասնագիտական փորձ ունեցող աշխատակիցը չի կարող այլ տեղ աշխատել, բացառությամբ, եթե չմեկնի Հայաստանից:
Նրա կարծիքով` տեղի մասնագետները պահանջված են արտերկրում և կարող են գնալ ու դրսում աշխատելով ստանալ անհամեմատ ավելի մեծ չափի աշխատավարձ, սակայն նրանք նախընտրում են մնալ հայրենիքում և աշխատել այստեղի աշխատավարձով:
«Մեր հետագա գործողությունները բխելու են կառավարության որոշումներից. Եթե կառավարությունը շարունակի հիմք ընդունել Համաշխարհային բանկի կողմից անցկացված վերջին աուդիտի արդյունքները, ըստ որի պետք է գործարանը լուծարվի, ապա մեր բողոքի ակցիաները ոչ միայն կշարունակվեն, այլև կստանան ավելի բուռն ընթացք»,- ասաց Ա. Հարությունյանը և հավելեց, որ գործարանը ներսում ունի բոլոր պոտենցիալները վերագործարկվելու համար:
«Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչյա Թադևոսյանի գնահատմամբ` աշխատավարձերի մարումը նաիրիտցիների համախմբվածության, համառության արդյունք է և ինչ-որ տեղ պատկան մարմինների կողմից բարի կամքի դրսևորում, քանի որ շատ կան այլ գործարանների աշխատակիցներ, ովքեր տարիներով աշխատավարձ չեն ստացել:
Բանախոսները նաև տեղեկացրեցին, որ մինչ աշխատավարձերի մարումը աշխատակիցներին պարբերաբար շանտաժի միջոցով ստիպել են ստորագրել պայամանագրեր «Նաիրիտ 2»-ի հետ այն մասով, թե իրենք պահանջում են միայն աշխատավարձի մայր գումարը` առանց տույժ և տուգանքի:
Ա. Հարությունյանի հավաստմամբ` նաիրիտցիների մեծ մասը  չի ցանկացել դիմել դատարան տույժ և տուգանքների պահանջով, քանի որ նրանք համարում են, որ այդ կերպ լրացուցիչ վնաս կհասցնեն ընկերությանը: 
Ըստ նրա` տույժ ու տուգանքի պահանջով դատարան դիմած և դատը շահած նաիրիտցներին ևս ստիպել են ստորագրել վերոնշյալ պայմանագիրը, ինչն օրենքի խախտում է, քանի որ դատարանի կայացրած որոշումը չի կատարվել:
Ա. Հարությունյանի խոսքերով` իրենք այս հարցի շուրջ խոսելու են իրավաբանների հետ, որպեսզի կարողանան հասկանալ, թե ինչ քայլերի պետք է դիմեն արդարությունը վերակագնելու համար: Նա, մասնավորապես, նշեց, որ հարկ եղած դեպքում դիմելու են դատարան և ՀՀ Գլխավոր դատախազություն ոչ թե տույժ և տուգանքի հայցով, այլ շանտաժի ենթարկվելու փաստով:
Լրագրողի այն հարցին, թե ով է շանտաժի ենթարկողը և հայցը ում դեմ է ներկայացվելու, Ա. Հարությունյանը նշեց, որ շանտաժի ենթարկվել են ըստ էության աշխատավարձերը վճարողի կողմից:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն