Սգո "Ռեքվիեմ"՝ նվիրված Ղարաբաղի անկախությա՞նը


Սգո "Ռեքվիեմ"՝ նվիրված Ղարաբաղի անկախությա՞նը

  • 09-08-2015 23:42:11   |   |  Մշակույթ
"Արմենպրես" լրատվական գործակալությունը մի հաղորդագրություն է տարածել, համաձայն որի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ԼՂՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի "Վերածնունդ" կենտրոնական հրապարակում տեղի կունենա Ջուզեպպե Վերդիի "Ռեքվիեմ"-ի արցախյան պրեմիերան: Նվիրված է լինելու այս իրադարձությունը... Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության Օրվան: 
 
Ճիշտն ասած, հաղորդագրության ընթերցումից հետո մի պահ թվաց, թե սա ինչ-որ մեկի անհաջող կատակն է, որ, հավանաբար, տեղի է ունեցել ինչ-որ թյուրիմացություն և գործակալությունը, երևի, չի համաձայնեցրել այն համապատասխան ատյանների հետ: Քանի որ "ռեքվիեմ" բառը աշխարհի բոլոր բացատրական բառարաններում նշանակում է սգերգ, "կաթոլիկ եկեղեցու լատինական ծեսի հոգեհանգստյան պատարագ": Սկսած բարոկկոյի դարաշրջանից ռեքվիեմը սգո օրատորիայի մի տեսակն է՝ սովորաբար նվիրված ինչ-որ մի ողբերգական իրադարձության: "Requiem aeternam dona eis, Domine" ("Հավերժական խաղաղություն շնորհիր նրանց, Տէր") ինտրոիտայի սկզբնախոսքերով բացվում է ավանդական հոգեհանգստի մեսսան, սգո պատարագը:
 
Հայտնի է նաև, որ Պետական Անկախության Օրը բոլոր ժողովուրդների ու երկրների համար ազգային ամենալուսավոր ու պայծառ տոնն է: Այն ընդունված է նշել հատուկ շուքով, հոգևոր վերելքով, զվարթ, լավատեսական մթնոլորտում, ժողովրդի լավագույն ապագայի նկատմամբ հավատով, ուրախ երգերով ու պարերով: Ամենուրեք այն տոնում են՝ ոգեվորելով երկրի քաղաքացիներին, այլ ոչ թե տխրեցնելով նրանց մռայլ ռեքվիեմներով ու հոգեհանգստյան սգերգերով: Թե ինչու են ԼՂՀ անկախության հռչակման 24-ի տարեդարձի կապակցությամբ ընտրել հենց այս մռայլ ստեղծագործությունը, դժվար է ասել: Գուցե պատճառը միջոցառման նախաձեռնողների անբավարար տեղեկացվածությու՞նն է "Ռեքվիեմ"-ի ստեղծման շարժառիթների մասին, թե՞ գոյություն ունի քաղաքական որոշակի ենթատեքստ ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպվելիք այս գործողության մեջ: 
 
Նշենք, որ "Ռեքվիեմ"-ի ստեղծման մտահղացումը ծագել է 1868 թ: Հայտնի երգահան Ջոակկինո Ռոսինիի մահը դրդել է Ջուզեպպե Վերդիին դիմել առավել հարգված իտալական կոմպոզիտորներին՝ առաջարկելով նրանց միավորվել ջանքերը գրելու համար երգահանի մահվանը նվիրված սգո պատարագը: Համատեղ աշխատանքն երկարեց ու Վերդին որոշեց գրել սեփական "Ռեքվիեմ"-ը Ռոսինիի վախճանի մասին: Գործը շուտափույթ կերպով ավարտին հասցնելու ազդակ հանդիսացավ մեկ այլ անձի, այս անգամ հայտնի գրող Ալեսանդրո Մանձոնիի մահը, որին Վերդին երիտասարդ տարիներից պաշտում էր՝ նրան առաքինության իսկական օրինակ համարելով:
 
Այսինքն այս ստեղծագործությունն ամբողջությամբ կապված է մի շարք տխուր, ողբերգական իրադարձությունների և տարեթվերի հետ: Ավելին. նրա լեյտմոտիվը Ահեղ Դատաստանի թեման է, որը, ինչպես ասում են, կարմիր թելով անցնում է "Ռեքվիեմ"-ի յուրաքանչյուր հատվածով: Եվ ինչպես պնդում են երաժշտագետները, Վերդիի համար այն սոսկ Դատաստանի օրը չեր խորհրդանշում, այլ հենց կյանքի քնարական ու նուրբ իդիլիան խախտող ամենազոր ու դաժան մահվան բիրտ ներխուժումը: 
 
Թե ինչպես է այս ամենն առնչվում ԼՂՀ Անկախության օրվա հետ, գիտեն, թերևս, միայն նրանք, ովքեր ընտրել են իտալացի կոմպոզիտորի հենց այս ստեղծագործությունը: Միգուցե այս ընտրության համար խթան է ծառայել Ղարաբաղում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը՞: Եթե այդպես է, ապա իսկապես զարմանալ պետք չէ, քանի որ ղարաբաղյան բյուջեի ներկայիս վիճակը լավագույնս նկարագրող ստեղծագործություն դժվար է նույնիսկ պատկերացնել։
 
Ու ամենահետաքրքիրը. Վերդիի "Ռեքվիեմ"-ի բեմադրությունը ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնում կիրականացնեն հիմնականում ՌԴ-ից հրավիրված արվեստագետներն ու նրանց ղեկավար, ուսական օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան: Հենց նրանք էլ պետք է մռայլեցնեն ողջ հայության համար այդ պայծառ օրը:
 
Հուսանք, որ ՀՀ և ԼՂՀ նախագահների մամլո ծառայությունները կմեկնաբանեն ստեղծված իրավիճակը, որն առնվազն տարակուսանք է առաջացնում է արցախցիների շրջանում...
 
 
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
 
"Երրորդ Ուժ Պլյուս" թերթի գլխավոր խմբագիր
 
Ստեփանակերտ
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play