Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցող արևմտահայերը հավանել են Հայաստանը. նրանք ցանկանում են ավելի երկար մնալ այստեղ (տեսանյութ)


Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցող արևմտահայերը հավանել են Հայաստանը. նրանք ցանկանում են ավելի երկար մնալ այստեղ (տեսանյութ)

  • 10-08-2015 14:09:14   | Հայաստան  |  Սպորտ



«Եթե Հայաստան գալու առաջին օրը մասնակիցներն ասում էին, որ ուզում են վերադառնան Արևմտյան Հայաստան, ապա հիմա պնդում են, որպեսզի մի քիչ երկար մնան այստեղ. նրանց դուր եկավ Հայաստանը և շփումն իրենց հայրենակիցների հետ»,- օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Համահայկական ամառային վեցրերորդ խաղերին մասնակցող Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքի « Տարօն-Մուշ» հայրենակցական միության փոխնախագահ Գևորգ Չալըշը:
 
Ըստ նրա` 48 հոգուց բաղկացած իրենց խումբը Համահայկական խաղերին մասնակցում է առաջին անգամ և մեծ ոգևորությամբ է եկել Հայաստան:
Գ. Չալըշի փոխոնցմամբ` չորս տարի առաջ ևս մասնակցել են Համահայկական խաղերին Սասունի ներկայցուցիչներով,  սակայն այս տարի որոշել են, որպեսզի մասնակցի Մուշը:
«Ֆուտբոլային թիմեր կազմեցինք ընդամենը չորս ամսում և որոշեցինք մասնակցել, ցավոք սրտի մեր թիմը պարտվեց Արգենտինայի և Նովոսիբիրսկի թիմերին, և միայն Երուսաղեմից եկած ֆուտբոլային թիմի հետ խաղացինք` գրանցելով  ոչ ոքի արդյունք»,- ասաց Գ. Չալըշը և հավելեց, որ Համահայկական խաղերի շնորհիվ արևմտահայերը հնարավորություն ունեցան ոչ միայն գալու Հայաստան, այլև ծանոթանալու այստեղ ապրող իրենց հայրենակիցների հետ:
Փոխնախագահի տեղեկացմամբ` Մուշում կրոնական խնդիրներն ավելի ցայտուն են արտահայտված, հետևաբար իրենց համար շատ դժվար է եղել այնտեղ հիմնել «Տարօն-Մուշ» հայերնակցական միությունը, որը համախմբում է տեղի իսլամացած հայերին:
Գ. Չալըշի պնդմամբ` Մուշում ներկայումս 40 հազար հայեր են ապրում, որոնց 90 տոկոսի մայրերն են հայ, իսկ 10 տոկոսինը`  հայրերը:
«Այժմ հենց իսլամացած հայերն են մեր աշակերտները, որոնք թեև կրոնափոխ են եղել, բայց ընդունում են իրենց ազգությունը, ինչն ամենակարևորն է։ Սա շատ ուրախալի փաստ է»,- ասաց նա:
«Տարօն-Մուշ» հայրենակցական միության նախագահ  Արսլան Հայրեդին  նշեց, որ կառույցի համար բավականին բարդ է հայապահպան գործունեություն ծավալել, քանի որ ամեն պահ մահվան և ոչնչացման սպառնալիք կա մուշաբնակ քրդերի կամ թուրքերի կողմից:
Միաժամանակ Ա. Հայրեդիի փոխանցմամբ` Մուշում բոլորն էլ տեղյակ են, որ իրենք հայեր են, ուստի մշտապես գտնվում են ճնշումների ներքո:
Արևմտյան Հայաստանի պետական կառույցների մեկ այլ ներկայացուցիչ Սիմոն Տարոնյանն ավելացրեց, որ չպետք է որևէ տարանջատում լինի քրիստոնյա հայի և Արևմտյան Հայաստանում ապրող, սակայն իսլամացած հայի միջև, քանի որ կարևորն արյունով հայ լինելն է, այլ ոչ թե կրոնով:
Նրա կարծիքով` հանգամանքների բերումով իսլամացած հայերը մեղավոր չեն կրոնափոխ լինելու համար, ուստի սխալ է նրանց առանձնացնել մնացած հայերից:
Ս. Տարոնյանը կարծում է, որ պետք է ազգային միասնական քաղաքականություն ձևավորվի, որպեսզի վերջ դրվի նման տարանջատումներին: 
Նրա պնդմամբ` Մուշում հայապահպան գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար իրենց անհրաժեշտ է հայերեն գրականություն, որպեսզի երեխաները կարողանան հայերեն սովորել ու իմանալ, թե ովքեր են իրենք, որտեղից են գալիս:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play