Գերմանիայի վերամիավորման որոշ սկզբունքներ կարող են կիրառելի լինել նաեւ Արցախի հարցի լուծման դեպքում


Գերմանիայի վերամիավորման որոշ սկզբունքներ կարող են կիրառելի լինել նաեւ Արցախի հարցի լուծման դեպքում

  • 07-12-2010 15:24:50   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն
«Եվրոպան ռիսկի է դիմում սխալ հասկացված լինել Արցախում` չհաստատելով ուղիղ կապեր եւ չօժանդակելով նրա ժողովրդավարական զարգացմանը»,- նշել է քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը դեկտեմբերի 1-ին Բեռլինում տեղի ունեցած «Լուծումներ Արցախի համար. ինքնորոշում եւ ճանաչում» գրքի շուրջ քննարկման ժամանակ: Գրքի համահեղինակներից մեկի` Բեռլինի Եվրոպական ակադեմիայի ղեկավար պրոֆեսոր Էքարտ Շտրատենշուլտեի եւ գերմանացի քաղաքագետների մասնակցությամբ բանավեճ է ծավալվել մասնավորապես Արցախյան կարգավորման գործում Եվրոմիության դերի մասին: Է.Շտրատենշուլտեն ողջունել է 10 գիտնականների համատեղ աշխատանքը` ասելով, որ այն կարող է հիմք ծառայել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ առարկայական դիսկուրս սկսելու համար: Գրքում տարբեր տեսանկյուններից ուսումնասիրված Արցախի ինքնորոշման իրավունքը պատմականորեն մեծ դեր է խաղացել նաեւ Գերմանիայի համար: Բացի այդ, Գերմանիայի վերամիավորման որոշ սկզբունքներ կարող են կիրառելի լինել նաեւ Արցախի հարցի լուծման դեպքում: Գերմանիայի Արեւելքի ինստիտուտի նախկին տնօրեն պրոֆեսոր Ուդո Շտայնբախն արձանագրել է, որ մինչ օրս կարգավորման բոլոր առաջարկներն անհաջողության են մատնվել` հարցականի տակ դնելով ընտրված սկզբունքների եւ ձեւաչափերի արդյունավետությունը: Ըստ Վահրամ Սողոմոնյանի, Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին նմանատիպ եւս մեկ փաստաթուղթ է ընդունվել եւ դրա պատճառներից մեկն այն է, որ որեւէ ֆորմալ փաստաթուղթ կամ ստորագրություն չի կարող մեկ ակնթարթում վերացնել այն անվստահությունը, որն առկա է Արցախի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ: Նա հանդես է եկել այդ երկու երկրների քաղաքացիական ուժերի միջեւ երկխոսություն հաստատելու եւ տնտեսական համագործակցություն սկսելու օգտին: Շեշտվել է Եվրոմիության կողմից նման համագործակցությունը ակտիվորեն խթանելու եւ պատերազմական հռետորությանը հստակ բացասական ազդանշաններ ուղարկելու կարեւորությունը: Ու.Շտայնբախի այն հարցին, թե Ադրբեջանն ահռելի ռեսուրսներ ունի եւ դրանք կարող են բաժանվել տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ, Վ.Սողոմոնյանն ասել է, որ այդ ռեսուրսներից առայժմ ցավոք օգտվում է միայն շատ նեղ շրջանակ եւ իսկապես դրանք կարող էին նախեւառաջ արդարացի բաժանվել հենց Ադրբեջանի ներսում: Այդ առումով, Ադրբեջանում քաղաքական այլակարծության համար պայմանները հատկապես վերջին ընտրություններից հետո էլ ավելի են վատացել: Քննարկմանը մասնակցել են նաեւ ադրբեջանցի քաղաքագետներ, որոնք հույս հայտնեցին, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նաեւ համատեղ նման նախագիծ իրականացնել լուծման հնարավորությունների շուրջ: Նշելով, որ գիրքը մեծ արձագանք է գտել Ֆրանկֆուրտի համաշխարհային գրքի ցուցահանդեսում, Է.Շտրատենշուլտեն պարզաբանել է Եվրոմիության Արեւելյան գործընկերության ներուժը Լեռնային Ղարաբաղում կարեւոր դերակատար դառնալու համար: «Եվրոպան չի կարող որեւէ լուծում պարտադրել կողմերին, սակայն Լեռնային Ղարաբաղում նույնպես մարդիկ են ապրում եւ չի կարելի թույլ տալ, որ ամբողջ զարգացումը եւ ծրագրերը շրջանցեն նրանց», ասել է նա: Զուգահեռներ անցկացնելով, նա բերել է Թայվանի օրինակը, որտեղ ինքնորոշման համար գրեթե ամեն ինչ շատ ճիշտ է արվել (տնտեսական զարգացում, կայուն կառավարման համակարգ, ժողովրդավարություն եւ այլն): Այնտեղ նույնիսկ գործում են օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ (ոչ դեսպանություններ), որոնք մուտքի արտոնագրեր են տրամադրում: Եվ սակայն նույնիսկ այս դեպքում թայվանցիներին հակադրվում է մայրցամաքում ապրող մեկ միլիարդ չինացիների կամքը, ինչը խոչընդոտում է Թայվանի ճանաչմանը որպես անկախ պետություն: Վ.Սողոմոնյանն ասել է, որ Արցախում դեմոկրատական ուժերը կարող են ճգնաժամ ապրել, եթե Եվրոպան մասնակցություն չունենա երկրի ժողովրդավարացման գործընթացին: Եվրոմիության բազմաթիվ պաշտոնական փաստաթղթերում ամրագրված են Արցախի, Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հետ ուղղակի կապերի հաստատման դրույթները: Եթե քաղաքական եւ դիվանագիտական բնագավառում որոշակի խնդիրներ են առաջանում, ապա Եվրոմիության կողմից Արցախում հումանիտար եւ մշակութային ծրագրերի իրականացմանը ոչինչ չի խանգարում: Վերջում Է.Շտրատենշուլտեն շնորհակալություն է հայտնել Վահրամ Սողոմոնյանին գրքի հրատարակումը նախաձեռնելու համար եւ պատրաստակամություն հայտնել այսուհետ եւս Եվրոպական ակադեմիան օգտագործել որպես երկխոսության վայր Արցախյան խնդրի կարգավորման համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն