Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տնտեսական գործակցության խորացման հարցերը<br />


Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տնտեսական գործակցության խորացման հարցերը

  • 03-12-2010 15:36:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով դեկտեմբերի 3-ին Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նրան հաջողություն է մաղթել պաշտոնավարման ընթացքում: Բարձր գնահատելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների մակարդակը, Տ.Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ արդյունավետ համագործակցության խորացմանը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման ուղղությունները: Մասնավորապես, հեռանկարային է համարվել ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ փոխգործակցության ակտիվացումը փոստային ծառայությունների մատուցման, ապահովագրության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, գինեգործության, դեղագործության եւ օծանելիքի արտադրության ոլորտներում: Նշելով, որ Ֆրանսիան եվրոպական առաջին ներդրողն է Հայաստանում, ինչը վկայում է տնտեսական փոխգործակցության բոլոր ոլորտներում արձանագրված լուրջ առաջընթացի մասին, Ա.Ռենոն հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանքեր կգործադրի ձեւավորված բարեկամական կապերի խորացման եւ ամրապնդման ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն