ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ՀՌԱՀ-ին գործել անաչառ եւ թափանցիկ
02-12-2010 21:02:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 16-ին եւ դեկտեմբերի 23-ին կամփոփվեն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռարձակողների լիցենզավորման մրցույթների արդյունքները:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կոչ է արել Հանձնաժողովին, լիցենզավորված անձի ընտրությունն իրականացնելիս, գործել անաչառ եւ թափանցիկ` ղեկավարվելով օրինականության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքներով, նկատի ունենալով, որ մրցույթների արդյունքները անվերապահորեն կանդրադառնան տեղեկատվության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակի վրա:
Պաշտպանը պատրաստ է, իր իրավասությունների շրջանակում, մրցույթների կազմակերպման եւ անցկացման առնչությամբ քննարկել մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ցանկացած բողոք, ինչպես մինչեւ մրցույթների արդյունքների ամփոփումը, այնպես էլ ամփոփումից հետո: