Երևանում բացվեց ArmBookExpo երկրորդ ցուցահանդեսը


Երևանում բացվեց ArmBookExpo երկրորդ ցուցահանդեսը

  • 24-09-2015 18:32:12   | Հայաստան  |  Մշակույթ

ArmBookExpo երկօրյա ցուցահանդեսի շրջանակներում Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ցուցադրվելու են Հայաստանին, հայ մշակույթին, պատմությանն ու առհասարակ հայկական թեմայով աշխարհում հրատարակված գրքեր` տարբեր ժամանակագրական թեմաներով: Այս տարի ցուցահանդեսում առնձնահատուկ տեղ ունեն Հայոց ցեղասպանության թեմայով աշխարհում հրատարակված գրքերը: 
 
Ինչպես ցուցահանդեսի բացման ժամանակ տեղեկացրեց ՀՀ Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, ցուցահանդեսի համար Հայաստանից և արտերկրից հավաքվել է 32 լեզուներով հրատարակաված շուրջ 5400 անուն գրքեր, որոնցից 3230-ը հրատարակված են արտերկրում, 2447-ը  վերաբերում են Հայոց ցեղասպանությանը:
Նրա փոխանցմամբ` ցուցադրության շրջանակներում առանձնացվել են 16 գրքեր, որոնք եզակի են և ներառում են Հայոց ցեղասպանության մասին առաջին անդրադարձները, ներկայացնում օտարազգի հայտնի գործիչների, ականատեսների, նրանց ժառանգների հիշողությունները, վերլուծական պատկերացումները կատարված ողբերգության վերաբերյալ: 
Ըստ Ն. Տեր- Վարդանյանի` վերոնշյալ բոլոր գրքերն Ազգային գրադարանի սեփականությունն են, և յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի ընթերցել դրանք: 
ArmBookExpo երկրորդ ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանի ազգային գրադարանը` ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:
Տեղեկացվեց, որ ArmBookExpo առաջին ցուցահանդեսը կազմակերպվել է 2012 թվականին Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և հայ գրատպության 500-ամյակի միջոցառումների շրջանակում, երբ հանրությանը ներկայացվել է պատմական, գեղարվեստական, մշակութային, հայագիտական բնույթի շուրջ 2000 միավոր գիրք :
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play