Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ «Օրրան» և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ներն իրականացնելու են տոնական միջոցառումներ


Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ «Օրրան» և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ներն իրականացնելու են տոնական միջոցառումներ

  • 01-10-2015 17:17:22   | Հայաստան  |  Բարեգործություն

Նոյեմբերի 8-ին Լոս Անջելեսում  կկայանա մեծ ճաշկերույթ, որի ընթացքում աճուրդի կհանվի Սերժ Թանկյանի և «System of a down» խմբի «Wake up the souls» համերգային շրջագայության ընթացքում նվագած գիթառը, որի ամբողջ հասույթն ուղղվելու է  Վանաձորում «Օրրանի» մասնաճյուղի 40 տարեցների կարիքների բավարարմանը:
 
Ինչպես հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննսիյանը, Երևանում տարեցների խնդիրներով «Օրրանը» սկսել է զբաղվել դեռ 2000 թվականից, իսկ երկու տարի առաջ աշխարհահռչակ հայ երգիչ Սերժ Թանկյանի օգնությամբ Վանաձորում հիմնվում է «Օրրանի» մասնաճյուղը, որը ևս զբաղվում է մեծահասակների խնդիրներով:
«Այո,  մեծահասակներն ունեն այդ տաք ճաշի կարիքը, սակայն նրանց համար շատ ավելի կարևոր է շփումը միմյանց հետ և սոցիալական կյանքով ապրելը»,- ասաց Ա. Հովհաննսիյանը:
Նրա փոխացմամբ` այս նպատակով երկու տարի առաջ Երևանում հիմնվում է  Տարեցների խոր` «Ոսկե աշուն»  անվանմամբ, որն արդեն հասցրել է մի քանի համերգներ ունենալ. «Հոգեկան բավարարվածությունը և հարստությունը երբեմն ավելի կարևոր է, քան մեկ պնակ ճաշը»:
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ  ներկայացուցիչ, «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի  սոցիալական աշխատանքի խորհրդատու Մերի Դավթյանի տեղեկացմամբ` ԱՀ ԲՀԿ-ն հիմնադրել է սոցիալ-առողջապահական ծառայությունների մոդել և Հանրապետության տարբեր մարզերում ներդրել  տարեցների խնդիրներով զբաղվող տարբեր ենթակառույցներ` ցերեկային, վերականգնողական կենտրոններ, սոցիալական տուն, ծերանոց:
«Սոցիալ-առողջապահական ծառայությունների մոդելն իրենից ներկայացնում է բազմամասնագիտական խմբի կողմից մատուցվող ծառայությունների մոդել, այսինքն` բժիշկներ, բուժքույրեր, սոցիալական աշխատողներ, սոցիալ-հոգեբանական խորհրդատուներ, իրավաբանի խորհրդատվություն, իսկ ծառայությունները ներառում են սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն, սննդային աջակցություն, խնամք, իրավաբանական խորհրդատվություն, ժամանցի կազմակերպում եւ այլն, որոնք մատուցվում են ինչպես տնային պայմաններում, այնպես էլ վերոնշյալ մյուս բոլոր կենտրոններում»,- ասաց Մ. Դավթյանը:
Ըստ նրա` ներկայումս իրենց կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի շրջանակներում ամենակարևոր շեշտադրումներից մեկը տարեցների ակտիվացմանն ուղղված աշխատանքների կազմակերպումն է. «Հավատարիմ մնալով միջազգային պրակտիկայում լայն տարածում գտած «ակտիվ ծերացում, ակտիվ երկարակեցություն» գաղափարին` ստեղծվել են ակումբներ, որոնցում գործում են տարեցների համար նախատեսված երգի, պարի խմբակներ»:
Մ. Դավթյանի փոխանցմամբ` ոչ միայն տարեցների միջազգային օրը, այլև ամբողջ տարվա ընթացքում  ԱՀ ԲՀԿ-ի կողմից տեղական համայնքների, պետական ու մշակութային կառույցների և եկեղեցիների աջակցությամբ տարեցների համար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` էքսկուրսիաներ, համերգներ և այլն:
Նրա խոսքերով` տոնական միջոցառումները շարունակական են լինելու :
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Բարեգործություն