Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի հաղթողները կստանան 10 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ


Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի հաղթողները կստանան 10 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ

  • 12-10-2015 18:51:41   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանում հոկտեմբերի 12-13-ն անցկացվող մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած 24 թիմեր երկու օրվա ընթացքում 5 հոգուց բաղկացած հանձնաժղովին ներկայացնելու են իրենց բիզնես գաղափարները, որոնցից միայն չորսն են հաղթող ճանաչվելու:
 
 Ինչպես «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար»  ծրագրի ղեկավար Մարեկ Դրայեկը, մրցույթում հաղթած 4 թիմերից միայն մեկն է ճանաչվելու ազգային հաղթող: 
Նրա փոխանցմամբ` հաղթողներից յուրաքանչյուրին շնորհվելու է 10 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ իրենց տեխնոլոգիաների նախատիպերը մշակելու համար, իսկ ազգային հաղթողը ստանալու է  նաև հավելյալ ֆինանսավորում`  մասնակցելու Cleantech Open-ի 2015 թվականի նոյեմբերի 19-21-ին Սիլիկոնյան հովտում կայանալիք գլոբալ բիզնես ֆորումին և ներկայացնելու իր բիզնես մոդելը վենչուրային հիմնադրամներին, ներդրողներին և մաքուր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների: 
«Հայաստանում կան աշխարհի լավագույն բիզնես գաղափարները, սակայն դրանց հեղինակները չունեն բավարար հմտություններ դրանք շուկա դուրս բերելու և իրական բիզնեսի վերածելու համար»,- ասաց Մ. Դրայեկը` հավելելով, որ վերոնշյալ ծրագրի շրջանակներում փորձելու են լրացնել այդ բացը: 
Հայաստանն Արևելյան Եվրոպայի երկրներից առաջինն է, որը միացել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրին:
Մ. Դրայեկի խոսքերով` վերոնշյալ ծրագիրն իրականացվում է նաև Հարավային Աֆրիկայում, Հնդկաստանում, Պակիստանում, Թուրքիայում, Մալազիայում և Թաիլանդում:
Տեղեկացվեց, որ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 46 բիզնես գաղափարներից (թիմերից) կիսաեզրափակիչ փուլ են անցել 30-ը, որոնցից 24-ն ավարտել են 10-շաբաթյա հատուկ ակսելերացիոն դասընթացներ` մրցունակ բիզնես մոդելներ մշակելու համար: Դրանք ընդգրկում են վերականգնվող էներգիայի, էներգախնայողության, թափոնից ստացման և ջրային ռեսուրսներ և խնայողություն ոլորտները:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play