Ռուսաստանի հայերի միության 15-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվելու են Հայաստանում և Արցախում


Ռուսաստանի հայերի միության 15-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվելու են Հայաստանում և Արցախում

  • 14-10-2015 14:33:43   | Հայաստան  |  Կազմակերպություններ

«Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը 15 տարեկան է: Այս առիթով Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայում և դաշնության տարածաշրջանում անցկացրել է մի շարք միջոցառումներ, որոնք կշարունակվեն Հայաստանում և Արցախում:
 
Ինչպես հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց ՌՀՄ համառուսաստանյան ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Արա Աբրահամյանը, հիմնադրման օրվանից կառույցը զբաղվել է Ռուսաստանում բնակվող 3 մլն հայերի առջև ծառացած խնդիրների լուծմամբ, նրանց համախմբմամբ, Հայաստանի հետ ինստիտուցիոնալ կապերի ստեղծմամբ և այլ կարևոր խնդիրներով:
Ըստ նրա` ի սկզբանե ՀԿ-ի առջև դրված խնդիրները լուծվել են, իսկ այդ մասին են վկայում ինչպես ՌԴ նախագահի, այնպես էլ ՀՀ նախագահի կողմից բարձր գնահատականի արժանանալը:
«Մեզ հաջողվեց ստեղծել մի այնպիսի կառույց, որը վայելում է ինչպես ռուսաստանյան իշխանությունների և բարձրաստիճան կառույցների, այնպես էլ հայաստանյան և Սփյուռքի բարձրաստիճան պաշտոնյանների և ներկայացուցիչների հարգանքն ու վստահությունը»,- նշեց Ա. Աբրահամյանը` հավելելով, որ ցանկացած հասարակական կամ ազգային հարցերում Ռուսատանի հայերի միությունը օրինակ է բոլոր այլ նմանատիպ կազմակերպությունների համար:
Նրա փոխանցմամբ`  գործունեության 15 տարիների ընթացքում ՌՀՄ-ն իր մասնաճյուղերն է բացել ՌԴ 640 քաղաքներում, 2000 թվականից գործում է բարեգործական ճաշարանը, որտեղ օրական սնվում է 250-300 մարդ, ինչպես նաև 150-170 բնակարններ է բաժանել փախստական հայերի ընտանիքներին: 
Ա. Աբրայամյանի տեղեկացմամբ` բազմաթիվ են կատարված աշխատանքները հատկապես Հայաստանում և Արցախում, որոնք շարունակվելու են:
«15 տարի շարունակ աշխատել ենք բոլոր ստեղծագործական միությունների հետ` անցկացելով տարբեր մրցույթներ, այս տարի պետք է ավարտենք նաև կույրերի միավորման մշակութային կենտրոնը»,- ասաց Ա. Աբրահամյանը:
Վերջինիս խոսքերով`  աննախադեպ են եղել նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնցից հատկապես ուշագրավ է եղել ՌԴ նախագահության, կառավարության և Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Հիշողության երեկոն» և Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացաման բեմադրությունը` ռուս ամենահայտնի և ժողովրդական 23 դերասանների մասնակցությամբ:
Ամփոփելով ՌՀՄ ՀԿ-ի արած աշխատանքները` Ա. Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ այսօր «Մոսկվայի տանը» կկայանա «Հայ ասպետ» կրթադաստիարակաչական բարեգործական հիմնադրամի շնորհավորական համերգը` նվիրված հիմնադրամի բազմամյա գործընկեր և հովանավոր ՌՀՄ 15-ամյակին, իսկ վաղը «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանդիսավոր երեկո և տոնական համերգ` դարձյալ նվիրված ՌՀՄ հիմնադրման հոբելյանին: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play