Ստորագրվել են Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության հաստատմանն ուղղված փաստաթղթեր<br />


Ստորագրվել են Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության հաստատմանն ուղղված փաստաթղթեր

  • 24-11-2010 21:12:00   | Թուրքմենստան  |  Քաղաքական
ԱՇԳԱԲԱՏ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան: Աշգաբատի Սապարմուրատ Նիյազովի անվան միջազգային օդանավակայանում ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, բարձրաստիճան հյուրերի սպասարկման սրահում նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարճատեւ զրույց են ունեցել: ՀՀ նախագահի կեցավայրում ավելի ուշ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը, որին հաջորդել է Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահների մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ավարտին ստորագրվել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության հաստատմանն ուղղված փաստաթղթեր, ինչպես նաեւ ընդունվել է համատեղ հայտարարություն, որում գնահատական է տրված հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակին, նախանշված են քաղաքական, տնտեսական եւ սոցիալ-մշակութային կյանքի կարեւորագույն ուղղություններով դրանց զարգացման հեռանկարները: Բանակցությունների արդյունքում, մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի եւ Թուրքմենստանի առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցության մասին, Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ Թուրքմենստանի կրթության նախարարության միջեւ կրթության բնագավառում համագործակցության մասին, Հայաստանի մշակույթի նախարարության եւ Թուրքմենստանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին, Հայաստանի եւ Թուրքմենստանի Կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի մասին համաձայնագրերը, ինչպես նաեւ Երեւանի պետական համալսարանի եւ Թուրքմենստանի Մահտումկուլիի անվան համալսարանի միջեւ 2010-2015թթ. համագործակցության ծրագիրը: Այնուհետեւ Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահները երկկողմ բանակցությունների արդյունքները ներկայացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Ս.Սարգսյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին` ջերմ ընդունելության համար, ապա ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերություններն ու դրանց հատուկ նշանակություն է տալիս: Նրա հավաստմամբ, այդ ամենի վկայությունն են եւ' պաշտոնական այցը, եւ' կառուցողական ու լիակատար փոխըմբռնման մթնոլորտում անցած բանակցությունները: Ս.Սարգսյանը խոսել է ստորագրված փաստաթղթերի կարեւորության մասին, նաեւ նշել, որ Թուրքմենստանի նախագահի հետ քննարկել են հայ-թուրքմենական հարաբերությունների արդիական հարցեր, մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Նրա խոսքերով, բանակցությունների ժամանակ անդրադարձ է եղել առեւտրատնտեսական հարաբերություններին եւս: Երկուստեք ընդգծվել է, որ չնայած վերջերս նկատվում է դրական տեղաշարժ, սակայն տնտեսական կապերի ամրապնդման ներուժը դեռեւս լիարժեքորեն չի օգտագործվում: «Կարծում եմ, համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել մեր առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնումը, դրանց նոր խթան հաղորդել: Համագործակցության լուրջ ներուժ կա էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում: Վստահ եմ, որ մեր ապրանքարտադրողների արտադրանքի ներկայացման, տնտեսվարող սուբյեկտների միջեւ ուղիղ կապերի հաստատման համար լավ հնարավորություն են գործարար-համաժողովները, որոնցից հերթականն այսօր իր աշխատանքն սկսեց Աշգաբատում»,- ասել է Ս.Սարգսյանը, կարեւորելով առեւտրային հարաբերությունների զարգացման, երկու երկրների գործարար սուբյեկտների միջեւ անմիջական կապերի համար բարենպաստ պայմանների ստեղծման, արդյունաբերության եւ ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ երկկողմ պայմանավորվածությունները: Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահներն ընդգծել են տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության կարեւորությունը եւս: Ս.Սարգսյանը նշել է, որ մեծ նշանակություն է տրվել հումանիտար ոլորտում համագործակցության հարցերին` ստորագրվել են մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր, ինչպես նաեւ` առաջիկա տարիներին Երեւանի պետական համալսարանի եւ Մահտումկուլիի անվան Թուրքմենստանի պետական համալսարանի միջեւ համագործակցության մասին ծրագիր: Թուրքմենստանում այժմ ընթանում են հայկական կինոյի օրերը: Ակտիվորեն զարգանում են առողջապահության ոլորտում կապերը: Այս ամենը, ըստ Ս.Սարգսյանի, շատ լավ եւ դրական միտումներ են, որոնք անհրաժեշտ է զարգացնել: Անդրադառնալով նախագահ Բերդիմուհամեդովի հետ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի քննարկմանը, Ս.Սարգսյանն ասել է, որ միջազգային օրակարգի կարեւորագույն հարցերի շուրջ Հայաստանի եւ Թուրքմենստանի դիրքորոշումների համընկնումը կամ նմանությունը միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցության լավ հիմք է: «Մենք, իհարկե, նաեւ քննարկեցինք Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ հարցեր: Ես Թուրքմենստանի նախագահին ներկայացրեցի, թե ինչպիսին ենք տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիները: Մշտապես հնչող ռազմական հռետորաբանությունը եւ սպառազինության աննախադեպ աճը տարածշրջանում ստեղծում են ծայրահեղ լարված իրավիճակ: Ես ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել այս հարցի կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումը. ճգնաժամերը եւ հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա, որոնք մի ամբողջություն են կազմում: Միջազգային հանրության կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար կիրառելի այդպիսի սկզբունքներ են ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառումը, պետության տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման իրավունքն ու իրավահավասարությունը: Միայն այսպիսի մոտեցումն է ապահովում արդար եւ երկարաժամկետ լուծման հասնելու հնարավորությունը»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր խոսքում նշել է, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը կարող է անկյունաքար դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: «Մենք ջերմությամբ ենք վերաբերվում Հայաստանին եւ նրա աշխատասեր ժողովրդին»,- ասել է Թուրքմենստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով Ս.Սարգսյանին` Հայաստան պաշտոնական այցի հրավերի համար: Նա է, որ Թուրքմենստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու եւ մի շարք ոլորտներում` մեքենաշինություն, էլեկտրոնիկա, դեղագործություն, գյուղմթերքի արտադրություն եւ այլն, համագործակցության հեռանկար է տեսնում: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, նույն օրը երեկոյան Թուրքմենստանի նախագահի անունից` ի պատիվ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ընթրիք:
Նոյյան տապան  -   Քաղաքական