ԵՏՄ-ում Հայաստանը դեռ ոչ մի դրական բան չի տեսնում.Ստեփան Գրիգորյան


ԵՏՄ-ում Հայաստանը դեռ ոչ մի դրական բան չի տեսնում.Ստեփան Գրիգորյան

  • 19-10-2015 18:46:21   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 
Լրագրի  զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

 

Պարոն Գրիգորյան, ի՞նչ ակնկալիքներ կան ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու նոր մանդատի հետ կապված։ Արդյոք դա կվերաբերի՞ նաև տնտեսության ոլորտին, թե կլինի միայն քաղաքական մասով: Եվ արդյոք Հայաստանին կհաջողվի այս դեպքում պահպանել «և-և»-ի սկզբունքը։

 

Եվ-և-ի սկզբունքը չի կարող պահպանվել այն պարզ պատճառով, որ Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է։ Խոսքն այս դեպքում այն մասին է, որ լինելով ԵՏՄ անդամ, այնուամենայնիվ, Եվրոպայի հետ շարունակենք ինչ-որ մի համագործակցություն տնտեսական ոլորտում։ Այլ ոլորտներում մինչև այժմ էլ աշխատում ենք, օրինակ, կրթության և գիտության, տեղական ինքնակառավարման, դատական ու իրավական համակարգում բարեփոխումների և այլն։ Հարցն այն է՝ մենք կարո՞ղ ենք ԵՏՄ անդամ լինելով, այնուամենայնիվ, տնտեսական ոլորտում շարունակենք գտնել աշխատելու ինչ-որ ոլորտներ։ ԵՏՄ անդամակցությունը Հայաստանին դեռ ոչինչ չի տվել, բայց դրել է Հայաստանի վրա շատ լուրջ պարտավորություններ։ Մենք այլևս չենք կարող այլ պետությունների հետ առևտրի ոլորտում շատ սերտ համագործակցություն իրականացնել։ Հիմա փորձ է արվում տնտեսական, առևտրի, էներգետիկ ոլորտներում համագործակցելու ինչ-որ հնարավորություններ ստեղծել, ինչը դրական է։

 

Ձեր կարծիքով, մասնավորապես, ո՞ր ոլորտներում Եվրոպայի հետ համագործակցությունը հեռանկարներ ունի, որոնք հնարավոր կլինեն Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմաններում։

 

Շատ ճիշտ է, որ փորձ է արվում հավասարակշռված քաղաքականություն վարել, սակայն ակնհայտ է, որ դառնալով ԵՏՄ անդամ, Եվրոպայի հետ համագործակցությունը կարող է լինել հետաքրքիր, բայց չի կարող այնքան սերտ լինել, ինչպիսին արձանագրված էր Ասոցացման համաձայնագրում։ Երկրորդ, կարծում եմ՝ գլխավոր ոլորտը, որտեղ պետք է շարունակենք աշխատել, վիզաների դյուրացման ոլորտն է։ Այստեղ խոչընդոտներ չկան, և Հայաստանը կարող է անցնել «վիզա-դիալոգ» փուլին։ Հաջորդը, Եվրոպայի հետ համագործակցության մեջ անպայման պետք է լինի քաղաքական մասը, խոսքը իրավական ոլորտում, տեղական ինքնակառավարման համակարգում, կրթության ու գիտության, նաև մարդու իրավունքների ոլորտներում բարեփոխումների մասին է։ Այդ ոլորտներում համագործակցությունը կար նաև Ասոցացման համաձայնագրում, հիմա դրանք պետք է թարմացնել և շարունակել։ Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտին, եթե հիշում եք, Ռիգայի գագաթաժողովում ասվեց, որ ԵՄ-ն սկսում է «Հորիզոն 2020» տնտեսական ծրագիրը, որին մասնակցելու հնարավորություն Հայաստանն ունի։ Այստեղ պետք է փորձել համագործակցություն գտնել նաև տնտեսական դաշտում։

 

Իսկ Ռուսաստանը թույլ կտա՞ Հայաստանին շարունակել համագործակցությունը Եվրոպայի հետ, Հայաստանի կկարողանա՞ իր բոլոր հնարավորություններն օգտագործել, թե ԵՏՄ անդամակցությունը լուրջ կաշկանդող գործոն է լինելու։

 

Իհարկե ԵՏՄ անդամակցությունը մեր հնարավորությունները սահմանափակում ու կաշկանդում է, բայց այստեղ շատ կարևոր է այն փաստը, որ ԵՏՄ-ում Հայաստանը դեռ ոչ մի դրական բան չի տեսնում։ Ու դա է երաշխիքը, որ իշխանություններն, իմ կարծիքով, լուրջ են տրամադրված Եվրոպայի հետ ընդհանուրը գտնելու և նոր ծրագիր կազմելու հարցում։ Եթե այն լուրջ խնդիրները, որոնք առաջացան Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո, չլինեին, ես կարող էի ասել, որ Ռուսաստանը նորից կճնշի, նորից թույլ չի տա ստորագրել նոր պայմանագրեր Եվրոպայի հետ, բայց կարծում եմ՝ այս աշխատանքը կպսակվի նրանով, որ ինչ-որ նոր փաստաթուղթ կստորագրվի, քանի որ ԵՏՄ-ն մեզ ընդհանրապես ոչինչ չի տալիս։ Մյուս կարևոր հարցն ինքնիշխանության աստիճանն է։ Ես հուսով եմ, որ ՀՀ իշխանությունները, որ համաձայնեցին շարունակել բանակցությունները ԵՄ-ի հետ նոր ծրագրեր կազմելու մասով, գիտակցում են, որ կարևոր է՝ այստեղ հարցականի տակ չդնել իրենց ինքնաիշխանությունը, թե ում հետ աշխատեն կամ ինչ ծրագրեր կնքեն։

 

Փաստորեն Հայաստանի համար շահեկան իրավիճակ է ստեղծվում.: Մի կողմից Իրանի հետ համագործակցության լուրջ հեռանկար է բացվում, մյուս կողմից ԵՄ-ի հետ համագործակցությունն է նոր փուլ մտնում։ Հնարավո՞ր է Հայաստանն, ի վերջո, այս մեկուսացումից դուրս գա։

 

Այո, հնարավոր է, և հնարավոր է նաև, որ Իրանի և Եվրոպայի հետ համագործակցությունից զատ, Հայաստանը պետք է սերտորեն աշխատի նաև Ռուսաստանի հետ։ Քանի որ ԵՏՄ անդամ դառնալով մենք մեզ կաշկանդել ու կապել ենք, հետևաբար շատ հարցեր դե յուրե պարտավոր ենք համաձայնեցնել նաև Ռուսաստանի հետ։ Օրերս Հայաստան էր այցելել Իրանի փոխնախագահը, որն իր հետ մեծ խումբ գործարարներ էր բերել։ Ակնհայտ է, որ առևտրի ոլորտում չես կարող շրջանցել Ռուսաստանին, բայց հիմա է պետք ակտիվ աշխատել բոլոր կողմերի հետ, համաձայնեցնել ծրագրերը, որպեսզի դրանք իսկապես կյանքի կոչվեն ու աշխատեն։ Մենք արեցինք շատ լուրջ սխալ՝ մտնելով ԵՏՄ, բայց հիմա պետք է ոչ թե շրջանցել այդ փաստը, այլ աշխատել նաև Ռուսաստանի հետ, որպեսզի ԵՏՄ սահմանափակումները չխանգարեն մեզ։

 

Ի դեպ, Իրանի հետ իսկապես համագործակցության լուրջ հնարավորություններ են բացվում, որովհետև պատժամիջոցները քայլ առ քայլ թուլացվում են, ու հիմա մենք պետք է դրանից օգտվենք, արագ փակենք այդ վակուումը։ Հիմա Իրանը կարող է սկսել երկաթգիծը կառուցել, կարող է մեծ ծրագրեր իրականացնել Հայաստանի հետ, բայց դու պետք է արագ գործես։ Օրինակ, հայտնի է, որ այդ իմաստով Ադրբեջանն է շատ ակտիվացել և ուզում է Իրանի հետ շատ նմանատիպ ծրագրեր իրականացնել՝ և երկաթգծային, և գազային ոլորտներում։ Հիմա, օրինակ հարցը դրվում է, որ գազատարը պետք է կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի տարածքով մտնի Վրաստան, ապա Թուրքիա և Եվրոպա։ Եթե դու ակտիվ  լինես, կարող ես այդ ծրագիրը քո տարածքով անցկացնել։ Եթե ակտիվ չլինես, պարզ է, որ այդ ծրագիրն ուրիշները կիրականացնեն։ Իրանի փոխնախագահի Հայաստան այցելությունը նշանակում է, որ մեր կառավարությունը կարծես շարժվում է, դա բնական է, բայց ակնհայտ է, որ ԵՏՄ անդամակցության խոչընդոտի պայմաններում մենք պետք է մտածենք նաև դա հաղթահարելու մասին, նաև դրանք քննարկելով Ռուսաստանի հետ։

 

Օրերս ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիա և մենաշնորհներ կան, ինչը ցանկացած երկրի համար լուրջ խոչընդոտ է։ Չե՞ք կարծում, որ այդ հայտարարությանը  պետք է իշխանությունների կողմից հետևեին ինչ-որ գործողություններ։

 

ՎԶԵԲ-ի նման հայտարարությունը մեծ գաղտնիք չէ, դրա մասին շատ է խոսվել տարբեր միջազգային կառույցների, մեր գործընկերների կողմից, որ իրոք, ՀՀ-ում կա մենաշնորհների խնդիր, և պարզ է, որ առանց դրանք վերացնելու չես կարող տնտեսություն զարգացնել։ Այո, մենք տնտեսական ոլորտում ունենք ազատությունների որոշակի աստիճան, բայց երբ դու ուզում ես զարգացնել տնտեսությունը, մշտապես բախվում ես մենաշնորհի խնդրին։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, իհարկե, պետք է պայքարել դրա դեմ, բայց նաև պետք է հասկանալ, որ մեկ օրում այդ խնդիրը չես լուծի, այն կա շատ ու շատ երկրներում։ Բայց մենաշնորհների հարցը կառավարությունը կարող է արագ լուծել, եթե լինի քաղաքական կամք։ Ես չեմ ասում ձերբակալել, կախել մարդկանց, այլ իսկապես մրցակցային տենդերներ հայտարարել մի քանի ոլորտներում, այլ տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն տալ Հայաստան ներկրել տարբեր ապրանքներ, ոչ թե մեկին տալ այդ իրավունքը։ Այսինքն՝ մենաշնորհների դեմն առնելը շատ ավելի հեշտ է։ Երբ մենք խոսում ենք կոռուպցիայի մասին, դրա դեմ պայքարն իրոք դժվար է նույնիսկ զարգացած երկրներում։ Բայց մենաշնորհների հարցը կարելի է շատ արագ լուծել, որից հետո ներդրումներն իսկապես ավելի տեսանելի կլինեն։ Շատերը գալիս ուսումնասիրում են Հայաստանի դաշտն ու հեռանում, քանի որ տեսնում են, որ ոլորտները մոնոպոլացված են, որ չկա մրցակցություն։ Կառավարությունը պետք է շատ արագ փոխի իրավիճակը, փոխի մթնոլորտը, որպեսզի հավատը մեր երկրի հանդեպ աճի։

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play