ՀԲ-ի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերն իրականացվել են հաջողությամբ


ՀԲ-ի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերն իրականացվել են հաջողությամբ

  • 04-05-2011 18:27:53   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մայիսի 4-ին ընդունեց Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի Համաշխարհային բանկի թիմի ղեկավար Իվան Դրաբեկին` ՀԲ երեւանյան գրասենյակի պատասխանատուների ուղեկցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Հանդիպմանը քննարկվեցին Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր: Երկուստեք նշվեց, որ ՀԲ-ի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերն իրականացվել են հաջողությամբ եւ նպաստել մարզերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը: Երրորդ ծրագիրն ավարտվում է այս տարի, եւ կողմերը, կարեւորելով դրա շարունակականության ապահովումը, քննարկեցին ՀՍՆՀ-Համաշխարհային բանկ գործակցությամբ հետագա ծրագրերի իրականացման հնարավորությունները: Նշվեց, որ ՀՀ կառավարության կողմից ծրագիրը շարունակելու վերաբերյալ համապատասխան հայտ արդեն ներկայացվել է ՀԲ-ին, եւ ներկայումս քննարկվում են ֆինանսավորման մեխանիզմները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀԲ պատասխանատուների հետ առաջիկա քննարկումների ժամանակ այդ մեխանիզմները կհստակեցվեն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն