Վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը, կա յոթ զոհ (Տեսանյութ)


Վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը, կա յոթ զոհ (Տեսանյութ)

  • 03-11-2015 09:42:12   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ) փոխանցում է,  որ նոեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:

Ըստ նախնական տվյալների` ժամը 03.08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

ՀՀ ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը կապ է հաստատել ՌԴ Տուլայի շրջանի ԱԻ պետի հետ: Վերջինս հայտնել է, որ պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ և ներկայումս աշխատանքներ են տարվում զոհերի ու վիրավորների անունները պարզելու ուղղությամբ:

Ժամը 09:30-ի դրությամբ` ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեևսկի (12 մարդ) և Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մշտական կապի մեջ է ՌԴ ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի հետ և ՏԿԱԻՆ պաշտոնական կայքի միջոցով պարբերաբար տեղեկություններ կտրամադրի պատահարի վերաբերյալ:

Բացվել են թեժ գծեր` 

- Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում` 007 487 221 1609
- ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում` 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով:

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն