Գլխավոր քարտուղարի ուղերձը հանդուրժողականության միջազգային օրվա առթիվ


Գլխավոր քարտուղարի ուղերձը հանդուրժողականության միջազգային օրվա առթիվ

  • 17-11-2015 20:10:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հանդուրժողականություն ցուցաբերելու» կոչը Միավորված ազգերի կազմակերպության ինքնության փաստաթղթում ամրագրվել է դեռևս 70 տարի առաջ: Այսօր, անհանգստության և փոփոխությունների հորձանուտում մաքառող աշխարհում, Կանոնադրության մեջ ամրագրված կոչը շարունակում է մեր աշխատանքի կարևորագույն փորձաքարերից մեկը լինել:
 
Մարդիկ ավելի փոխկապակցված են, բայց դա դեռ չի նշանակում, որ ավելի մեծ փոխըմբռնում կա: Հասարակությունները բազմազան են ավելի, քան երբևէ, բայց շատ վայրերում անհանդուրժողականությունն ահագնանում է: Բազմաթիվ հակամարտությունների առանցքում կրոնական մոլեռանդությամբ պայմանավորված լարվածությունն է՝ զուգակցված բռնի ծայրահեղականության աճով, մարդու իրավունքների զանգվածային խախտումներով և էթնիկական զտումներով: Եվ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր բռնի տեղահանման ամենամեծ ճգնաժամն ատելություն ու այլատյացություն է հարուցել փախստականների և այլոց հանդեպ:
 
Հանդուրժողականությունը շատ ավելին է, քան «ուրիշ»-ին պասիվորեն ընդունելը: Այն ենթադրում է գործելու պարտավորություն, և այն պետք է սովորեցնել, աճեցնել ու պաշտպանել: Հանդուրժողականությունը պահանջում է, որ պետությունները ներդրում կատարեն մարդկանց մեջ, ինչպես նաև կրթության, ներառման և հնարավորությունների օգտագործման միջոցով նրանց ողջ ներուժի իրացման հարցում: Սա նշանակում է կառուցել այնպիսի հասարակություններ, որոնց հիմքում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է, որտեղ վախը, անվստահությունն ու մեկուսացումն իրենց տեղը զիջում են բազմակարծությանը, մասնակցությանն ու տարբերությունների հանդեպ հարգանքին:
 
Սա է Հանդուրժողականության միջազգային օրվա ուղերձը, որն արտացոլված է 1995 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունված «Հանդուրժողականության սկզբունքների մասին» հռչակագրում: Այս նույն գաղափարն է  նաև աշխարհով մեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կենսագործվող Մշակույթների մերձեցման միջազգային տասնամյակի (2013-2022 թթ.) հիմքում:
 
Եկեք այսօր՝ Հանդուրժողականության միջազգային օրը, ճանաչենք ահագնացող վտանգը, որ առաջադրում են բաժանումների ձգտողները, և եկեք հանձն առնենք հարթել երկխոսության, հասարակական կապակցվածության և փոխըմբռնման վրա հիմնված ուղի:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն