ՖԱՖ-ը հերթական բողոքի ակցիան անցկացնելու է նոյեմբերի 24-ին ՀՖՖ-ի շենքի առջև


ՖԱՖ-ը հերթական բողոքի ակցիան անցկացնելու է նոյեմբերի 24-ին ՀՖՖ-ի շենքի առջև

  • 18-11-2015 15:38:03   | Հայաստան  |  Սպորտ



«Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ-First Armenian Front/FAF) ֆան շարժման անդամները և ֆուտբոլասեր ակտիվիստները նոյեմբերի 24-ին հերթական բողոքի ակցիան են իրականացնելու Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) շենքի առջև`շարունակելով  պահանջել Հայաստանի ազգային հավաքական հրավիրել փորձառու և բարձր որակավորում ունեցող մարզիչների, հավաքականի կազմում ֆուտբոլիստներին չընդգրկել անձնական մոտիվներով, նվազեցնել տոմսերի գները, այժմ նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործադիր կոմիտեի անդամների հրաժարականը:
 
Ինչպես նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՖԱՖ շարժման ղեկավար խորհրդի անդամ Սերգեյ Ջանջոյանը, իրենց նպատակն է ահազանգել հայկական ֆուտբոլի մահամերձ վիճակում գտնվելու մասին և հետևողական պահանջատիրությամբ հասնել վերջինիս զարգացմանը:
Ըստ նրա` ՖԱՖ շարժման անդամները մշտապես բարձր են գնահատել ՀՖՖ նախագահի կատարած ներդրումը ազգային ֆուտբոլի զարգացման հարցում, սակայն արդեն երկու տարի է Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություններ է գրանցում, ինչն այլևս անհանդուրժելի է:
«Վերջին խայտառակ պարտությունը Հայաստանի հավաքականը գրանցեց Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ, այդ օրվանից մենք դրեցինք վերոնշյալ երեք պահանջները, սակայն արդեն մեկ ամսից ավելի է մեր պահանջները ոչ միայն չեն բավարարում, այլև մեզ պատասխանում են  ոչ ֆուտբոլային լեզվով` վիրավորանքներով ու պիտակներով»,- ասաց Ս. Ջանջոյանը` հավելելով, որ հայ նվիրյալ երկրպագուները պահանջատեր են և այսուհետ բարձրացնելու  են նաև ՀՖՖ-ի նախագահի հրաժարականի հարցը:
ՖԱՖ շարժման ղեկավար խորհրդի մեկ այլ  անդամ Էդգար Խաչատրյանը նշեց, որ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջն ինքնանպատակ չէ:
 «Համապատասխան պաշտոնյաները  պետք է հասկանան, որ իրենք են իրավասու լուծելու մեր կողմից բարձրաձայնած խնդիրները, իսկ եթե իրենք ի վիճակի չեն դա անելու, ուրեմն պարտավոր են  տեղը զիջել ավելի պատասխանատու մարդկանց»,- ընդգծեց Է. Խաչատրյանը:
Նրա պնդմամբ` իրենց պայքարը կոնկրետ անձերի դեմ չէ ուղղված և ամբողջովին ապաքաղաքական է: 
Անդրադառնալով Հայաստանում ազգային հավաքականի խաղերի տոմսերի արժեքին` ՖԱՖ շարժման ներկայացուցիչ Արսեն Զաքարյանը նշեց, որ շատ Եվրոպական երկրների համեմատությամբ` Հայաստանում ֆուտբոլային խաղերի տոմսերի արժեքը թանկ է մոտ երեք անգամ:  
Ֆուտբոլասեր ակտիվստները չբացառեցին, որ ներկայացված պահանջները չբավարարելու դեպքում  անհնազանդության ակցիաներ կիրականացնեն մարզադաշտերում հենց խաղերի ընթացքում:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play