ՀՀ գյուղնախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը ստորագրել են համագործակցության հուշագիր


ՀՀ գյուղնախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը ստորագրել են համագործակցության հուշագիր

  • 20-11-2015 13:20:59   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են  երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
 
Կողմերը  գոհունակություն են հայտնել երկու գերատեսչությունների միջև վերջին տարիների ընթացքում ձևավորված փոխշահավետ համագործակցության վերաբերյալ` շեշտելով դրա ընդլայնման անհրաժեշտությունը:
«Այժմ մենք նպատակ ունենք գալիք տարվանից մայրաքաղաքում նախաձեռնել և կազմակերպել գյուղատնտեսական  տարբեր մթերքների օրեր, իսկ առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել նաև գինու փառատոն, որը կկրի ամենամյա բնույթ»,-զրույցի ընթացքում նշել է նախարար Կարապետյանը:
Նախարարը համոզմունք է հայտնել, որ համագործակցության շրջանակների ընդլայնումն ու ամրապնդումը կնպաստի գյուղացիների և քաղաքաբնակների միջև շփումների ակտիվացմանը, ինչն էլ կխթանի հայկական գյուղմթերքի արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը` մայրաքաղաքի բնակիչներին ապահովելով թարմ, բարձրորակ, մատչելի գներով գյուղատնտեսական մթերքով: 
Սերգո Կարապետյանը և Տարոն Մարգարյանը հատկապես կարևորել են համատեղ ջանքերով 2011 թվականից Երևան քաղաքում գյուղատնտեսական տոնավաճառների կազմակերպումը` որպես հաջողված նախաձեռնություն: 
«Երևանում գյուղատնտեսական շուկաներ ունենալու նախաձեռնությունն իսկապես սպասված էր մայրաքաղաքի բնակիչների կողմից, ինչը  ոչ միայն գյուղացիների համար առանց միջնորդի իրենց արտադրանքը վաճառելու լավ հնարավորություն է, այլև մայրաքաղաքի բնակչությանն է հնարավորություն ընձեռում առավել մատչելի գներով ձեռք բերելու գյուղացիական արտադրության մթերքը: Ելնելով մայրաքաղաքի բնակիչների պահանջարկից` Երևանի քաղաքապետարանը հատկացրել ու պատրաստ է անհրաժեշտության  դեպքում մայրաքաղաքի վարչական շրջաններում համապատասխան նոր տարածքներ ևս հատկացնել գյուղմթերքի շուկաների կազմակերպման համար», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
Հանդիպման շրջանակում Գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է ագրոպարենային ոլորտի բնականոն գործունեությունն ու զարգացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագիր: 
ՀՀ գյուղնախարարությունից հայտնում են՝ հուշագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության տնտեսության, մասնավորապես ագրոպարենային ոլորտի համամասնական ու կայուն զարգացմանը, հայրենական արտադրության լավագույն արտադրանքի գովազդմանը, ճանաչման ու սպառման մակարդակի ավելացմանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը:  
Հանդիպման ավարտին Սերգո Կարապետյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է  ոսկե մեդալով: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play