Կրթություն-2025. Ազգային կրթական համակարգ` միջազգային չափանիշներին համապատասխան


Կրթություն-2025. Ազգային կրթական համակարգ` միջազգային չափանիշներին համապատասխան

  • 20-11-2015 13:37:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Էլիտ պլազա» բիզնես-կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի» նախագծի քննարկումը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: Ողջունելով քննարկման մասնակիցներին` նախարարը նշել է, որ այսօրվանից հրապարակային մեկնարկում է երկրի համար կրթության ոլորտում թիվ մեկ կարևորության փաստաթղթի քննարկումը: 

«Կրթության ոլորտն այն բացառիկ ոլորտներից է, որի Կրթության զարգացման պետական ծրագիրն ունի օրենքի ուժ: Սա ապացույց է այն կարևորության, որը տրվում է մեր երկրում կրթությանը և նրա զարգացման հեռանկարներին: 2000-2005 թթ. կրթության զարգացման ծրագրից հետո 5 տարի մեր երկիրը չուներ նման ծրագիր, մինչև 2010 թվականին հնարավոր դարձավ Ազգային Ժողովին ներկայացնել ընթացիկ ծրագիրը, որի վերջնաժամկետը 2015 թվականն է: Եվ պատահական չէ, որ ընթացիկ ծրագրի արդյունքների ամփոփման աշխատանքներին զուհագեռ`  նախաձեռնել ենք նոր ծրագրի մշակումը և հանրային քննարկումները»,-նշել է նախարարը` պարզաբանելով, թե ինչու է ծրագիրը 10-ամյա, քանի որ որպես կանոն` դրանք 5-ամյա են լինում: «Կրթության ոլորտն այն ոլորտներից է, որտեղ երկարաժամկետ պլանավորումը և թիրախավորումը այլընտրանք չունի, քանի որ այս ոլորտում բարեփոխումներն իրենց առաջին պտուղները տալիս են օրենքների ընդունումից մի քանի տարի հետո միայն: Ծրագիրը նախևառաջ պետք է բխի քաղաքացու, հասարակության և տնտեսության զարգացման հեռանկարներից: Ուստի, ծրագրի մշակման գործում մենք առաջ ենք քաշել հետևյալ բանաձևը` ազգային կրթական համակարգ` միջազգային չափանիշներին համապատասխան: Այսինքն` ծրագիր, որը մեկտեղում է ազգայինը և համամարդկայինը: Բացի այդ, ծրագիրը մշակելիս մենք նպատակ էինք դրել, որ այն մի կողմից լինի իրատեսական, մյուս կողմից հավակնոտ»,-նշել է նախարարը` ակնկալելով, որ ծրագրի հանրային քննարկումները կանցնեն քննադատական մթնոլորտում: «Նախագծի հետագա կատարելագործման համար անհրաժեշտ է հավաքել նախ մասնագիտական հանրույթի կարծիքները, հետո` հանրության: Ծրագրի հաջող իրականացման համար կարևոր է, որ նախարարությունը կարողանա գործընկերային հարաբերություններ հաստատել հանրային և պետական, ինչպես նաև միջազգային կառույցների հետ: Ակնհայտ է, որ ՀՀ կրթական համակարգը միջազգային, հատկապես եվրոպական կրթական համակարգի մաս է: Մենք ավարտել ենք մեր բարեփոխումների հիմնական կառուցվածքային քայլերը` այդ համակարգի կառուցվածքը և ինստիտուտները համապատասխանեցնելով այն տարածքին, որի մաս ենք կազմում ոչ միայն կրթության, այլ նախևառաջ քաղաքակրթության հետ կապված: Լինելով եվրոպական քաղաքակրթության մաս` Հայաստանը պետք է չխուսափի ինտեգրվել եվրոպական կրթական տարածքին ամբողջությամբ, որպեսզի ստեղծի ոչ միայն համադրելիության իրավական հիմքեր, այլ ինչու չէ` հիմնական քաղաքակրթական և մշակութային երկխոսության լայն հարթակ»,-նշել է նախարարը` իր խոսքում անդրադառնալով նաև վերջերս Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախարարական հանդիպմանը: «Այս հանդիպմանն ընդունվել է «Կրթություն-2030» հիմնարար փաստաթուղթը` իր համապատասխան գործողությունների ծրագրով` ինչպես աշխարհի երկրները զարգացնեն իրենց կրթական համակարգը մինչև 2030 թվականը: Եվ այս հիմնարար փաստաթղթում նշված նպատակներից մի քանիսը Հայաստանում արդեն իսկ իրականացվել են: Մասնավորապես, 12-ամյա պարտադիր, պետականորեն ֆինանսավորվող, անվճար միջնակարգ կրթության իրականացումը: Այս փաստը ապացուցում է, որ ՀՀ-ում իրականացված կրթական բարեփոխումները ճիշտ ճանապարհի վրա են, ավելին` մենք շատ երկրներից առաջ ենք: Գուցե որոշ բարեփոխումներ իրականացվել են ընթացիկ մարտավարական սխալներով, բայց երբեք ռազմավարական սխալ չենք գործել` կրթության զարգացման հետ կապված: Այս ճանապարհով ավելի արագ գնալու համար դեռ շատ բան է անհրաժեշտ, բայց նախևառաջ հավատ` մեր գործի հանդեպ, ցանկություն` որևէ բան փոխելու: Այս պարագայում ևս մենք պատրաստ ենք հաղթահարել և’ հանրային քննարկումների դժվարին փուլը, և ֆինանսական որոշակի սահմանափակումների առկայությունը, որն ակնհայտ է` կրթության զարգացման հեռանկարի տեսակետից»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով գործընկեր կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին` ծրագրի մշակման հարցում աջակցության համար:

Ողջույնի խոսքերից հետո տեղի է ունեցել «Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի» նախագծի ներկայացումը, որին հետևել են խմբային քննարկումներ
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play