Ավարտվել է Հայկական ՏՀՏ Եվրոպական Ավտոարշավը (Տեսանյութ)


Ավարտվել է Հայկական ՏՀՏ Եվրոպական Ավտոարշավը (Տեսանյութ)

  • 20-11-2015 13:49:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Այսօր ՀՀ  Էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացված «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի  արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսը: 
 
Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ծրագրի իրականացնող` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը:
 
Ասուլիսին ներկա էին նաև ավտոարշավի մասնակից ընկերությունների և աջակից կառույցների ներկայացուցիչները:  
 
«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրն իրականացվել է սույն թվականի հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 5-ը: Ծրագրին մասնակցել են հայկական 26 ՏՀՏ ընկերությունների 36 պատվիրակներ: ՏՀՏ ավտոարշավը ներառել է 18 երկրներ: Ծրագրի շրջանակում կազմակերպվել են 12 պաշտոնական և ավելի քան 30 անհատական հանդիպումներ Վիեննայում, Կատովիցեում, Պրահայում, Բեռլինում, Փարիզում, Մարսելում, Զագրեբում, Միլանում, Բելգրադում և Սոֆիայում:
 
«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրին պետական աջակցության և մասնակցության հարցերի համակարգումը իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Ծրագրի իրականացմանն աջակցել են նաև ՀՀ արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունները, ՓՄՁ ԶԱԿ-ը և այլ պետական և մասնավոր կառույցներ:
 
Հայկական պատվիրակությունը եվրոպական երկրներում ներկայացրել է ոչ միայն մասնակից ընկերությունների տեխնոլոգիական լուծումները, այլև Հայաստանի` որպես բարձր տեխնոլոգիական երկրի հնարավորությունները, որն ունի նաև բարենպաստ ներդրումային միջավայր և կարող է լավ հարթակ լինել դեպի տարածաշրջանային շուկաներ: Պատվիրակության մասնակիցները ավելի քան 300 նախնական կապեր և պայմանավորվածություններ են ձեռք բերել Եվրոպական գործընկերների հետ:
 
Հանդիպումներին առարկայական աջակցություն են ցույցաբերել նաև ԵՄ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը, ինչպես նաև ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները Գերմանիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Ավստրիայում, Չեխիայում և Բելգիայում, ՀՀ Կենտրոնական Բանկի ներկայացուցչությունը Ավստրիայում:
 
Ծրագրի իրականացմանը աջակցել են նաև ԼՂՀ Կառավարությունը, «Ռեսո», «Ալտակոդ» և «Արփինետ» ընկերությունները, Համաշխարհային Հայկական Կոնգրեսը: Ծրագրի գլխավոր հովանավորներն են «Լոֆթ» և «Սիթիմոբիլ» ընկերությունները, իսկ գլխավոր ֆինանսական գործընկերն և աջակիցը՝ «Թեքնոլոջի ընդՍայնս Դայնամիքս» ընկերությունը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն