«Հայկական գանձեր» ինտերակտիվ ծրագրի DVD սկավառակները ճանաչվել են որպես ուսումնաօժանդակ նյութ մինչև 2018 թվականը (տեսանյութեր)


«Հայկական գանձեր» ինտերակտիվ ծրագրի DVD սկավառակները ճանաչվել են որպես ուսումնաօժանդակ նյութ մինչև 2018 թվականը (տեսանյութեր)

  • 20-11-2015 14:14:41   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Հայաստանի ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկի` «Լոկատոր»-ի, նախաձեռնած «Հայկական գանձեր» ինտերակտիվ ծրագրի DVD սկավառակները ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից ճանաչվել են որպես ուսումնաօժանդակ նյութ մինչև 2018 թվականը: Այս մասին «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրուցում տեղեկացրեց ընկերության փոխտնօրեն Էմիլ Ստեփանյանը:
 
Ըստ նրա` «Հայկական գանձեր» ծրագիրն իրենից ներկայացնում է Հայաստանի և Արցախի դեռևս ինը եկեղեցական համալիրների եռաչափ մոդելավորում, ինչի շնորհիվ աշխարհի հեռավոր անկյուններում գտնվող հայերը և Հայաստանով հետաքրքրվող զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ընդամենը ներբեռնել App Store-ում և Google Play-ում տեղադրված Armenian treasures (հայկական գանձեր) հավելվածը և վիրտուալ շրջել  Տաթևի, Նորավանքի, Խոր Վիրապի, Գառնիի, Գեղարդի, Սևակավանքի, Գանձասարի, Ղազանչեցոց և Կեչառիս եկեղեցիներում: 
Է. Ստեփանյանի խոսքրեով`  հավելվածը ներբեռնելուն և բացելուն պես էկրանին հայտնվում է տվյալ տարածքի քարտեզը, որին դիպչելով` օգտատերը միանգամից հայտնվում է եկեղեցու բակում: 
«Եկեղեցու բակում հայտնվելուց հետո օգտատերն ինքը կարող է որոշել, թե տվյալ տարածքում ինչպես քայլի և շրջի. Նա կարող է մտնել եկեղեցի, մոմ վառել, աղոթք ասել, երաժշտություն լսել»,- ասաց Է. Ստեփանյանը` հավելելով, որ հնարավոր է նաև կառույցը տեսնել թռիչքի բարձրությունից: 
Ծրագիրը հասանելի է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Ընտրելով լեզուներից մեկը՝  հնարավոր է մանրամասն ծանոթանալ եկեղեցու պատմությունը: 
«Հայկական գանձեր»-ի համահեղինակի փոխանցմամբ` չորս տարի առաջ սկսված ծրագիրն արդեն ներբեռնել են աշխարհի 70 երկրների շուրջ 8000 օգտատերեր:
«Ծրագիրը վերոնշյալ ուղղություններով չի սահմանափակվելու. մենք նախատեսում են այն   ընդլայնել` ընդգրկելով ամբողջ աշխարհի հայկական և Արևմտյան Հայաստանի բոլոր եկեղեցիները»,- ասաց Է. Ստեփանյանը:
Վերջինիս տեղեկացմամբ` նախագիծը  հասանելի է iPad-ների և անդրոիդ համակարգով աշխատող սարքերի համար: Ծրագրի ներբեռնումն անվճար է, անվճար է նաև Տաթևի վանական համալիրի 3D այցելությունը, իսկ մյուս 8-ի դեպքում պետք է վճարել սիմվոլիկ  4.99 դոլար, որն օգտագործվելու է ծրագրի ընդլայնման համար:  Կա նաև նախագծի հուշանվերային տարբերակը սկավառակների տեսքով, ինչը Է. Ստեփանյանի բնորոշմամբ` ավանդական հայկական կոնյակից հետո երկրորդ լավագույն ժամանակակից և ազգային նվերն է օտար երկրում ապրող հարազատներին, ծանոթներին և ընկերներին մատուցելու համար:
Ի դեպ` ՀՀ Սփյուռքի նախարարությունը ծանոթանալով «Հայկական գանձեր» ծրագրին` նախաձեռնել է շուրջ 30 երկրի հայկական մշակութային օջախներում, մասնավորապես, կիրակնօրյա դպրոցներում և կրթական համալիրներում տարածել «Հայկական գանձեր»-ի սկավառակները, որպեսզի օտար երկրում ապրող հայ փոքրիկները մոտիկից ծանոթանան հայերի պատմամշակութային ժառանգությանը և վիրտուալ կերպով այցելել Հայաստան: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play