«Մայրենի լեզվի դեսպան»-ի կոչմանն արժանացած ամերիկաբնակ հայ պոետը կոչ է անում վերանայել «Մարդ» գաղափարը (տեսանյութեր)


«Մայրենի լեզվի դեսպան»-ի կոչմանն արժանացած ամերիկաբնակ հայ պոետը կոչ է անում վերանայել «Մարդ» գաղափարը (տեսանյութեր)

  • 04-12-2015 16:15:18   | Հայաստան  |  Մշակույթ



«Յուրաքանչյուր մտածող մարդ պետք է վերանայի «Մարդ» գաղափարը, «Երջանկություն» գաղափարը, քանի որ աշխարհն այսօր հիվանդ է չար և վտանգավոր մտահաղացումներով. Մարդիկ պետք է հասկանան, թե ինչի համար են կռվում, ում է ձեռնտու թափվող արյունը»,-  ասում է մարդու և մոլորակի ապագան մշտապես իր ստեղծագործությունների առանցքում պահող պոետ-էսսեիստ Սոնա Վանը: 
 
Հայաստանում ծնված, սակայն օտարության մեջ հայտնված բանաստեղծուհին համատարած պատերազմների, նրա բնորոշմամբ` դեմք և անուն չունեցող ահաբեկչությունների, շարունակվող ցեղասպանության պայմաններում չի դադարում խորհել մարդու և մոլորակի  հետագա ճակատագրի մասին` իր մտացածը և զգացողությունները բանաստեղծությունների ու արձակների տեսքով փոխանցելով ընթերցողներին:  
Դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ս. Վանը տեղեկացրեց, որ Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  իր` «Լիբերտո անապատի համար» եռապատում բանաստեղծաշարքի շնորհանդեսի շրջանակներում: 
Ըստ  քնարախոհական բանաստեղծությունների հեղինակի, ինքը լինելով ցեղասպանություն տեսած ընտանիքի ժառանգ, չէր կարող իր ստեղծագործություններում չշոշափել  Մեծ Եղեռնի  ողբերգական թեման:
Նրա փոխանցմամբ` «Լիբերտո անապատի համար» գրքում ներկայացվում է իր հորաքրոջ պատմությունը, ով այդ օրերին պատրաստվել է ամուսնանալ և հարսի շորը հագած, քողը գլխին սպասել է Պոլիսից իր փեսացուի վերադարձին, սակայն թուրք խուժանն իր յաթաղանով ընդհատել է նրա երջանկությունը. «Սա մի արյունոտ պատմություն է, որն իմ խորին համոզմամբ` վերաբերում ինչպես հորաքրոջս, այնպես էլ բազմաթիվ այլ նման ճակատագրի արժանացած կույսերի»:
Ս. Վանի խոսքերով` թե իր պապը, թե հորաքույրը փրկվելով ցեղասպանությունից`  երբևէ իրենց ֆիզիկական փրկությունը չեն համարել, որպես իրական փրկություն, քանի որ կրած տառապանքների հետևանքով նրանք կորցրել են արժանապատիվ զգալու հնարավորությունը և ստիպված են եղել  քարշ տալ իրենց գոյությունը: 
Հայերինք կատարած այցի շրջանակներում Ս. Վանն առաջին հերթին այցելել է կանանց գաղութ, ապա  Գյումրի, որտեղ ընթերցասեր հանրությանը ներկայացրել է թե «Լիբերտո անապատի համար» գիրքը, թե «Չընդհատված Շահրեզադե» բանաստեղծական հատընտիրը:
«Չգիտեմ ինչու, բայց այս անգամ ցանկացա սկզբում այցելել կանանց գաղութ, որտեղ գտնվողներին շատ քչերն են այցելում. Ինձ համար հասարակության այդ խավը ոչ միայն կարեկցանքի, այլև հետքրքրիր ձևով պահպանված լույսի աղբյուր է»,- նշեց Ս. Վանը` կարևորելով ազատազրկված կանանց նկատմամբ խնամքը և հոգատարությունը:
Վերջինս անդրադառնալով Մոսկվա և Թբիլիսի կատարած իր այցերին` տեղեկացրեց, որ Մոսկվայում ներկա է գտնվել ռուսերեն լեզվով իր 2-րդ` «Մեկ թռչունի թատրոն» ժողովածույի  շնորհանդեսին, իսկ Թբիլիսիում ներկայացրել հանրահայտ «Լիբերտո անապատի համար» գիրքը:
Ամերիկաբնակ պոետի տեղեկացմամբ` «Լիբերտո անապատի համար» ժողովածուն արդեն իսկ թարգմանվել է 9 լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ուկրաիներեն) և բնագիր հայերեն գրքից հետո առաջին` անգլերեն տարբերակը շուտով լույս կտեսնի Հայաստանում: 
Ս. Վանի խոսքերով` հայենիք կատարած այս այցը նախորդներից տարբերվում է նրանով, որ իր հետ տանելու է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից շնորհված «Մայրենի լեզվի դեսպան» կոչումը:
«Հայրենիքը միշտ շռայլ է գտնվել իմ հանդեպ, այս կոչումը ևս պարտավորեցնող է և պետք է այն պատվով կրեմ»,- ընդգծեց Ս. Վանը` հույս հայտնելով հաջորդ տարի հայենիք վերադառնալ նոր գրքերով: 
 
 
 

 

 

 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Ասուլիսի լուսանկարներն այստեղ

 

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play