ՏՏ ընկերությունները հանդիպել են շուրջ 70 դպրոցների աշակերտների հետ
17-12-2015 14:44:19 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» կրթական նախաձեռնությունը կարճ ժամանակում հասցրել է երկխոսության հարթակ ստեղծել ՏՏ ոլորտի 26 ընկերությունների և հայաստանյան 70 դպրոցների միջև:
«Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» նախաձեռնությունը, որը մեկնարկել է տարեսկզբին, իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: Ծրագրի նպատակն է, որպեսզի ՏՏ ոլորտի յուրաքանչյուր ընկերություն ընտրի առնվազն մեկ դպրոց և պարբերաբար հանդիպի աշակերտներին՝ նրանց շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու և, առհասարակ, մասնագիտական կողմնորոշման հարցում օգնելու նպատակով: Ընկերության աշխատակիցները դպրոցականներին ներկայացնում են իրենց գործունեությունը, կիսվում հաջողության պատմություններով, ներկայացնում ՏՏ ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև հյուրընկալում դպրոցականներին իրենց նորարար գրասենյակներում:
Նախաձեռնության նկատմամբ ՏՏ ընկերությունների հետաքրքրությունն այնքան մեծ է, իսկ հեռանկարներն այնքան տեսանելի, որ ընկերությունները պատրաստակամ են համագործակցել մեկից ավելի դպրոցների հետ:
Հայաստանում գործում է շուրջ 500 տեխնոլոգիական ընկերություն, և եթե յուրաքանչյուրն իր հովանու ներքո վերցնի առնվազն 1 դպրոց, ապա ընդամենը մի քանի տարի անց կբազմապատկվի արդի աշխարհայացքով, ստեղծարար արժեքներով և հաստատակամ երիտասարդների թիվը, ովքեր կդառնան նոր հզոր մտածողության կրողներ և տարածողներ: