Դեկտեմբերին կանցկացվեն Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ<br />


Դեկտեմբերին կանցկացվեն Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ

  • 03-11-2010 17:42:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 27-28-ին տեղի կունենա Հայաստանի ԳԱԱ-ի ընդհանուր ժողով, որի ընթացքում կանցկացվեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ: Այս մասին նոյեմբերի 3-ին հայտարարեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ-ի նախագահության ընդլայնված նիստում Ռ.Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի 2006-2010թթ.-ի գործունեության հիմնական արդյունքները: Իր ելույթում նա անդրադարձավ ՀՀ ԳԱԱ-ի օպտիմալացման ծրագրերին, որի հիմնական խնդիրը նույն կամ մոտ գիտական ուղղություններ ունեցող գիտական կազմակերպությունների միաձուլումն ու գիտական կենտրոնի ստեղծումն է: Ներկայումս ծրագրի արդյունքում ՀՀ ԳԱԱ-ում գործում են Օրգանական քիմիայի եւ դեղագիտության գիտական կենտրոնը, Կենդանաբանության եւ ձկնաբանության ու հիդրոէկոլոգիայի կենտրոնը եւ Հայ-կենսատեխնոլոգիայի կենտրոնը: Այդ ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների հետ միավորվել են նաեւ տարբեր գիտատեխնիկական կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ այս տարիների ընթացքում հին, ոչ հեռանկարային ուղղությունները փակվել են եւ հիմնվել են նորերը, որոնք համապատասխանում են գիտության զարգացման գերակա ուղղություններին: Կազմվել են 2011-2015թթ. գիտական ծրագրերը: Գիտության պետական կոմիտեի հետ մշակվել եւ կառավարության հաստատմանն են ներկայացվել «Գիտության զարգացման հայեցակարգը» եւ «Գիտության զարգացման գերակա ուղղությունները»: Մշակվել եւ ՀՀ Ազգային Ժողով է ներկայացվել «Գիտությունների ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Պատրաստ է ԳԱԱ-ի նոր կանոնադրության նախագիծը: Հիմնադրվել են նոր երկու էլեկտրոնային ամսագրեր` «Մաթեմատիկա» եւ «Ֆիզիկա»: Միայն 2009թ.-ին տպագրվել է 125 գիրք: Ռադիկ Մարտիրոսյանը հատուկ ընդգծեց ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի գործունեությունը, որը պատրաստում է մագիստրոսներ եւ ասպիրանտներ ակադեմիայի ինստիտուտների հիմքի վրա: Ներկայումս կենտրոնի ուսանողների թիվը կազմում է 900: Անցած 3-4 տարիների ընթացքում էապես ակտիվացել է ակադեմիայի միջազգային համագործակցությունը: Համագործակցության նոր պայմանագրրեր են ստորագրվել Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի, Բելառուսի ակադեմիայի հետ: Թարմացվել է Հունգարիայի հետ ունեցած պայմանագիրը: Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ սոցիալական խնդիրներին` մասնավորապես նշելով, որ ՀՀ նախագահի աջակցությամբ լուծվում է երիտասարդ գիտնականների համար 200-210 բնակարանների շինարարության հարցը:
Նոյյան տապան  -   Հասարակություն