ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (2015Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ)

22-01-2016 08:26:11   | Վրաստան  |  Վերլուծություն
Ջոնի Մելիքյան, «Նորավանք» ԳԿՀ փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող
 
Դեկտեմբերը, ինչպես և անցած ամբողջ 2015 թվականը, կարելի է անվերապահորեն անվանել ակտիվ և արդյունավետ տարի Վրաստանի ղեկավարության և նրա հռչակած հիմնական արտաքին քաղաքական գերակայությունների առումով։ Անցած տարվա վերջին ամիսը, նախորդների նման, հագեցած էր իրադարձություններով։ Դրանց թվում հակիրճ անդրադառնանք հետևյալ արտաքին քաղաքական իրադարձություններին։
 
Դեկտեմբերի 17-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հերթական եռակողմ հանդիպումը (երկրորդը 2015թ. ընթացքում)։ Հանդիպումների այս ձևաչափի սկիզբը դրվել է 2014թ. օգոստոսին, երբ կողմերը պայմանավորվել էին համատեղ նիստեր անցկացնել՝ երեք երկրների ռազմաքաղաքական հարաբերությունները խորացնելու նպատակով։ Սակայն անցած երկու տարիներին թուրք-ադրբեջանական տանդեմն այդպես էլ չկարողացավ համոզել պաշտոնական Թբիլիսիին՝ ստեղծել եռակողմ ռազմաքաղաքական դաշինք համատեղ զինված կազմավորումներով։ Խնդիրն այն է, որ Վրաստանը չի ցանկանում ավելի հեռուն գնալ, քանի որ երկիրը շարունակում է հավատարիմ մնալ Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու գաղափարին, որին, ի դեպ, անդամակցում է նաև Թուրքիան։ Պակաս կարևոր չէ այն, որ Թբիլիսիում հասկանում են, որ նման բոլոր նախաձեռնությունները կարող են վատ ընկալվել հարևան Հայաստանում, որի փոխհարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, մեղմ ասած, թշնամական են։ Սույն ձևաչափով անցկացվող հերթական հանդիպումը տեղի կունենա 2016թ. գարնանը Բաքվում։
 
Դեկտեմբերին Վրաստանը ձեռնամուխ եղավ Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ձեռքբերման աշխատանքին։ Թբիլիսիի նպատակն է օգտվել Չինաստանի 1,5 միլիարդանոց շուկա վրացական արտադրանքը դուրս բերելու հնարավորությունից։ Վրացական PMCG ընկերության հետազոտության համաձայն՝ ազատ առևտրի մասին համաձայնագիրը գրեթե 9%-ով կավելացնի Վրաստանի արտահանումը Չինաստան, իսկ չինական ներմուծման չափը կաճի մոտավորապես 25%-ով։
 
Տեղեկանք. Չինաստանն ազատ առևտրի պայմանագիր ունի աշխարհի 32 երկրի, այդ թվում՝ Չիլիի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Պակիստանի հետ։ Այդ պայմանագրերի կնքումից հետո այդ երկրների արտահանումը Չինաստան ավելացել է բարձր տեմպերով։ 2015թ. առաջին ինն ամիսների տվյալներով՝ Չինաստանը Վրաստանի երրորդ խոշոր առևտրային գործընկերն է, որի հետ ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է $534,8 մլն։ Չինաստանից Վրաստան հիմնականում ներմուծվում են պողպատի արտադրանք, համակարգիչներ և բջջային հեռախոսներ։ Վրաստանից Չինաստան արտահանվում են հիմնականում պղնձի հանքաքար, մետաղի ջարդոն և գինի։
 
Ամսվա վերջին՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի մայրաքաղաքում Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները պայմանավորվեցին էլեկտրաէներգիայի հաղորդման համակարգի և չորս երկրների միջև էլեկտրաէներգիայի առևտրի զարգացմանն աջակցելու համատեղ աշխատանքի շուրջ։ Հանդիպման արդյունքում կողմերը ստորագրեցին հուշագիր «Էներգետիկ ոլորտում համագործակցության մասին», որը վերաբերում է տեխնիկական և օրենսդրական շրջանակների ուսումնասիրմանը չորս երկրներում էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգերի սինքրոն աշխատանքի համար։ Ռուսաստանի «ФСК ЕЭС» Հանրային բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բուդարգինի խոսքերով՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքը «ռազմավարական երթուղի կլինի մասնակից պետությունների միջև էլեկտրաէներգիայի փոխանցման համար», իսկ ստորագրված հուշագրի իրագործումը կդառնա «ևս մեկ քայլ ինտեգրացիոն գործընթացների զարգացման ճանապարհին»։
 
Առհասարակ, երկրի էներգաանվտանգության ապահովման հարցը գերակա է Վրաստանի ղեկավարության համար։ Էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալների անհրաժեշտությունը, մանավանդ ձմռանը, այն հարցն է, որը երկրի էներգետիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է։ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Կախի Քալաձեի խոսքով՝ բացի էներգափոխանակումից ակնկալվող օգուտներից, Վրաստանը նաև հնարավորություն կստանա ձմռանը էլեկտրաէներգիա ներմուծել Իրանից, երբ էլեկտրաէներգիայի մեծ սպառման պատճառով երկրում դրա դեֆիցիտ է ձևավորվում։ Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանն իր հերթին նշել է, որ էլեկտրահաղորդման նախատեսված 400 կվ գիծը, չորս երկրների էներգահամակարգերի սինքրոն աշխատանքով պայմանավորված, կնպաստի էլեկտրաէներգիայի տարածաշրջանային անդրսահմանային առևտրի զարգացմանը։ Այս ամենը կողմերին հնարավորություն կտա իրականացնել 1000-1200 մվտ էլեկտրաէներգիայի տարանցում Հյուսիս-Հարավ (Իրան, Հայաստան, Վրաստան և Ռուսաստան) գծով և հակառակը։
 
Տեղեկանք. Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի տվյալներով՝ Վրաստանի անդրսահմանային էլեկտրափոխանցման ընդհանուր ծավալը 2014թ. վերջի դրությամբ կազմել է 2230 մվտ։ Հանձնաժողովի տարեկան հաշվետվության (ընդգրկում է օրացուցային 2014 թվականը) համաձայն՝ նախատեսված ենթակառուցվածքային նախագծերի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ Վրաստանի անդրսահմանային թողարկային հզորությունը մինչև 2020թ. կավելանա՝ հասնելով 5770 մվտ-ի։
 
Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ դեկտեմբերին նախանշված թբիլիսյան հանդիպումն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների միջև չհաջողվեց իրականացնել, ինչի մասին հայտարարվեց
Բաքվում, 2015թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո։ Արդեն դեկտեմբերի 1-2-ին Բրյուսելում, ՆԱՏՕ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում, Վրաստանի արտգործնախարարն իր թուրք պաշտոնակցին հրավիրեց մասնակցել Թբիլիսիում կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Սակայն հանդիպման իրագործմանը խանգարող պատճառը Վրաստանի վարչապետի հրաժարականն էր և այդ պաշտոնում երկրի ԱԳՆ նախկին ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլու նշանակումը։
 
Վրաստան-ՆԱՏՕ. չիրականացած ակնկալիքներ Բրյուսելում արտգործնախարարների հանդիպումից
Դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ավարտվեց ՆԱՏՕ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների նախարարների երկօրյա հանդիպումը, որի արդյունքների հիման վրա կարևոր հայտարարություններ արվեցին։ Դրանցից մեկի համաձայն՝ մի քանի տարվա սպասումներից հետո ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրած Չեռնոգորիան հրավեր ստացավ՝ սկսել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության բանակցությունները։
 
Նախարարների հանդիպման նախօրեին Վրաստանում հայտարարվում էր այն մասին, թե հանդիպման արդյունքում դրական հայտարարություններ են արվելու «բաց դռների քաղաքականության» և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարների մասին։ Վրաստանի կառավարության դիրքորոշումը հանգում էր այն բանին, որ երկիրը անդամ պետություններից և Բրյուսելից ակնկալում է ստանալ Անդամակցության գործողության պլան (ԱԳՊ) 2016թ. ՆԱՏՕ գագաթաժողովում (Վարշավա) կամ հայտարարություն առ այն, թե ԱԳՊ-ն արդեն նախադրյալ չի հանդիսանում կազմակերպությանը երկրի վերջնական անդամակցության համար։ Սակայն նախարարների հանդիպման արդյունքում ՆԱՏՕ անդամ երկրները մեկ անգամ ևս նշեցին կազմակերպության դիրքորոշումն այն մասին, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Թբիլիսին պետք է անցնի ԱԳՊ փուլը, որը երկրին խոստացվել էր դեռևս 2008թ. Բուխարեստի գագաթաժողովում։
 
ՆԱՏՕ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները ողջունել են նաև Էական փաթեթի ներդրման գծով ձեռք բերված «էական առաջընթացը», այդ թվում համատեղ վարժանքների ակտիվ անցկացումը և Վրաստանի ու ՆԱՏՕ համատեղ մարզավարժանքային և գնահատման կենտրոնի բացումը (2015թ. ամառ)։ Խոստացվեց նաև, որ ՆԱՏՕ անդամ երկրներն այսուհետ ևս կշարունակեն այն բոլոր ռեսուրսների ապահովումը, որոնք անհրաժեշտ են Էական փաթեթի ներդրման համար, և որոնք կուղղվեն Վրաստանի հնարավորությունների ամրապնդմանը։
 
Կարելի է փաստել, որ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի փոխհարաբերություններում ևս մեկ փուլ հաղթահարվեց։ Եթե մինչ այդ վրացի պաշտոնյաները հայտարարում էին, թե Վրաստանն առաջ է Չեռնոգորիայից կազմակերպությանն անդամակցությանը պատրաստ լինելու առումով, իսկ հօգուտ Չեռնոգորիայի ընտրությունն ընդամենը կարող է վնասել Բրյուսելի հետ անդրկովկասյան երկրի փոխհարաբերություններին, ապա այսօր կառավարության քննադատությունը մարում է՝ տեղը զիջելով պրագմատիկային։ Այս ամենը բարդանում է նաև նրանով, որ Վրաստան-ՆԱՏՕ փոխհարաբերություններում միշտ առկա է Ռուսաստանի գործոնը, որը ՆԱՏՕ ընդլայնումը Հարավային Կովկասում դիտում է որպես սպառնալիք իր ազգային անվտանգությանը։ Այս առնչությամբ հարկ է նշել վրացի փորձագետների հայտարարությունը, որում ասվում է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրումը ներկա փուլում ուղղակիորեն կախված է Ռուսաստանից, քանի որ ՆԱՏՕ որոշ երկրներ, ինչպիսին են «Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, չեն ուզում միջամտել Ռուսաստանի և Վրաստանի միջև հնարավոր կոնֆլիկտին»։ Ըստ նրանց՝ Վրաստանի «բալթյան և լեհ գործընկերները» նշում են, որ ՆԱՏՕ անդամների միջև լուրջ պայքար է ընթանում կազմակերպության ընդլայնման և Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների առիթով։
 
Վրաստան-ԵՄ. վիզային ազատականացումից մինչև ԵՄ-ին ասոցիացման համաձայնագրի վավերացման արարողակարգի ավարտում
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման (VLAP) շրջանակներում, եվրոպական ինտեգրման գործընթացին զուգահեռ, Վրաստանի կառավարությունը քանիցս հույս է հայտնել՝ մինչև 2015թ. ավարտ-2016թ. սկիզբ անվիզա ռեժիմ ունենալ Շենգենյան գոտու երկրների հետ։ Այս առնչությամբ դեկտեմբերի 8-ին, Եվրահանձնաժողովի՝ VLAP իրագործման գծով հերթական հաշվետվության հրապարակման նախօրեին, Վրաստանի խորհրդարանի կոմիտեների միացյալ նիստում ընդունվել է դիմումի նախագիծ՝ ուղղված Եվրահանձնաժողովին, Եվրախորհրդարանին, Եվրոպայի խորհրդին, Եվրամիության խորհրդին և Եվրամիության արտաքին կապերի ծառայությանը՝ Վրաստանի քաղաքացիների համար արագացված կարգով վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ։ Եվրահանձնաժողովին հորդորում էին պաշտոնական առաջարկություն ներկայացնել Վրաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու մասին։ Հույս է հայտնվել նաև, որ այդ առաջարկությունը կպաշտպանեն Եվրախորհրդարանը և Եվրամիության խորհուրդը։
 
Կիևի հետ բանակցությունների պատճառով Եվրահանձնաժողովը ստիպված էր հետաձգել VLAP՝ դեկտեմբերի 15-ին նախատեսված հերթական հաշվետվության հրապարակումը։ Արդեն դեկտեմբերի 18-ին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Վրաստանը կատարել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանի բոլոր առաջադրանքները։ Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Վրաստանի կողմից վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանի կատարման վերաբերյալ իր նախորդ զեկույցի հրապարակումից հետո (2015թ. մայիս) երկիրը հասել է անհրաժեշտ առաջընթացի, և «օրենսդրական ու քաղաքական բազան, ինստիտուցիոնալ և կազմակերպական սկզբունքները և արարողակարգերի իրագործումը բոլոր չորս բլոկներում համապատասխանում են եվրոպական և միջազգային չափորոշիչներին»։ Դրանով էլ ավարտվեց ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման տեխնիկական գործընթացը։
 
Ըստ Վրաստանի արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու՝ ԵՄ այս քայլը «վրաց ժողովրդի հաղթանակն է»։ Շնոր
հավորելով երկրի քաղաքացիներին՝ նա նշել է, որ դա «Եվրոպայի կողմից և արդի քաղաքակիրթ աշխարհի կողմից վրաց ժողովրդի հանդեպ վստահության հաստատումն է»։ Վրացի փորձագետներն իրենց հերթին այս քայլի մեջ այդ դրականը չեն տեսնում և նշում են, որ հիմա Վրաստանը կարող է ընդամենը ստանալ այն շահի լոկ քառորդ մասը, որը կստանար 10 տարի առաջ։
 
Այլ պատճառների թվում ԵՄ-ի հետ անվիզա հաղորդակցությունը կարող է խթանել Վրաստանից բնակչության արտահոսքը և հանգեցնել միգրացիոն շոկի։ Փորձագետների հաշվարկներով՝ ԵՄ-ի և Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմը հանելու պարագայում երկրի 320-400 հազար քաղաքացի կարող է հեռանալ Վրաստանից։ «Վրաստանի 20-50 տարեկան բնակիչների 25%-ը (1,624 մլն մարդ) ուզում է երկար ժամանակով հեռանալ Վրաստանից, իսկ վիզային ռեժիմը հանելու պարագայում նրանց մի մասը կարող է օգտվել դրանից և հեռանալ երկրից»,- նշում են նրանք։
 
Բացի միգրացիոն խնդրից, կա նաև ֆինանսականը. ինչպես Մոլդովան և Ուկրաինան, Վրաստանը նույնպես պարտավորվել է ԵՄ-ի առջև սեփական միջոցներով վերադարձնել իր քաղաքացիներին, ինչը ծանր բեռ է երկրի պետական բյուջեի համար։
 
Տարեվերջին՝ դեկտեմբերի 24-ին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, թե ԵՄ անդամ երկրներից վերջինի՝ Բելգիայի խորհրդարանը վավերացրել է Եվրամիության հետ Վրաստանի ասոցիացման համաձայնագիրը՝ դառնալով ԵՄ 28-րդ անդամ երկիրը, որը հավանություն է տվել այդ փաստաթղթին։ Այսպիսով, արդեն 2016թ. սկզբից այս փաստաթուղթն ուժի մեջ կմտնի, ներառյալ ԵՄ-ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։
 
Տեղեկանք. Վրաստանը Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին 2014թ. հունիսի 27-ին ստորագրել է Համաձայնագիր ԵՄ-ի հետ ասոցիացիայի մասին, որը ներառում է նաև ԵՄ-ի հետ ազատ առևտրի խոր և համապարփակ գոտու մասին համաձայնագիրը։ Վրաստանի խորհրդարանը փաստաթուղթը հաստատել է 2014թ. հուլիսի 18-ին, իսկ Եվրախորհրդարանը՝ 2014թ. դեկտեմբերի 18-ին։ Համաձայնագիրը, որը 2014թ. սեպտեմբերի 1-ից արդեն գործում է ժամանակավոր օգտագործման ռեժիմով, լիարժեք կգործարկվի արդեն 2016թ. սկզբից։
 
Վրաստան-Ռուսաստան. փոխհարաբերություններ և վիզային ազատականացում
Ռուս-վրացական հարաբերություններում անցած ամիս ամենահետաքրքիրը կարելի է համարել երկու իրադարձություն՝ Իրակլի Ալասանիայի հայտարարությունը միջպետական հարաբերությունների նոր ձևաչափի և Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին։ Մի փոքր ավելի մանրամասն անդրադառնանք դրանց։
 
Դեկտեմբերին պաշտպանության նախկին նախարար և Վրաստանի ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հանդես է եկել վրաց-ռուսական երկխոսության նոր ձևաչափ ստեղծելու նախաձեռնությամբ՝ «Թբիլիսի-Բեռլին-Մոսկվա» ձևաչափով, ԳԴՀ միջնորդությամբ։ Իր առաջարկությունը քաղաքական գործիչը բացատրել է նրանով, որ Գերմանիան այն գործընկերն է, որը կարող է «կոնկրետ աշխատել Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։ «Վրաստան-Գերմանիա-Ռուսաստան» եռանկյունին, ըստ Ալասանիայի, երկխոսություն կսկսի վրաց-ռուսական ամենախնդրահարույց հարցերի լուծման ուղիների վերաբերյալ։ Մեկնաբանելով այս նախաձեռնությունը՝ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին (ներկայիս վարչապետը) նշել է, որ այսօր Ռուսաստանի հետ գոյություն ունեցող երկխոսության ձևաչափը հնարավորություն է տալիս հասնել առաջընթացի՝ «Մոսկվայի կամքի» առկայության պարագայում։
 
Հեռացող տարվա ևս մեկ կարևոր իրադարձություն դարձավ այն, որ ռուսական կողմը հայտարարեց 2015թ. դեկտեմբերի 23-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման մասին։ Մինչ այդ՝ դեկտեմբերի 17-ին, 2015թ. ամփոփիչ մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան վրացի լրագրողի հարցի, ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը հանելու հարցը, որը երկիրը մտցրել էր 2000թ.։ Մեկնաբանելով ռուսական կողմի հայտարարությունը՝ Վրաստանի արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը վրաց քաղաքացների համար վիզային ռեժիմը հանելու պատրաստակամության մասին «քայլ է ճիշտ ուղղությամբ», վրացական կողմը, իր հերթին, պատրաստ է շարունակել Ռուսաստանի հանդեպ պրագմատիկ քաղաքական գիծը։
 
Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության համաձայն՝ «ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացի համատեքստում և ելնելով երկրների միջև դրական միտումների խթանման շահերից՝ սկսած 2015թ. դեկտեմբերի 23-ից, Վրաստանի քաղաքացիների համար կձևակերպվեն բազմանվագ գործնական, աշխատանքային, ուսումնական և հումանիտար վիզաներ, ինչպես նաև մասնավոր վիզաներ՝ անկախ հրավիրողի ու հրավիրվողի միջև ազգակցության առկայությունից, գործող հրավերներով, որոնք տրվում են սահմանված կարգով, Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության մարմինների կողմից»։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմը նշել է, որ «մտադրված է կատարել երկու երկրների քաղաքացիների շփման պայմանները դյուրացնելուն ուղղված հետագա քայլեր՝ չբացառելով հետագայում փոխադարձ հիմքով անվիզա ռեժիմ մտցնելու հնարավորությունը»։
 
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի խոսքերով՝ մի քանի ամիս առաջ վրացական կողմը ռուս-վրացական հերթական հանդիպման ժամանակ («Կարասին-Աբաշիձե» ձևաչափով) տեղեկացվել էր այն մասին, որ ռուսական կողմը պատրաստվում է պարզեցնել վիզային ռեժիմը։ Այնուամենայնիվ, վիզային ռեժիմի պարզեցման՝ ԱԳՆ հետևողական և օպերատիվ աշխատանքի փաստն ինքնին վկայում է, որ Ռուսաստանում պատրաստ են Վրաստանի հետ հետագա համագործակցությանը, և ներկա պահին իրականացվում է իրավիճակի տնտղում հետագա քայլերի ձեռնարկումից առաջ։ Թբիլիսիում այս գաղափարն աջակցության է արժանացել, այստեղ ցանկություն են հայտնել, որպեսզի 2016թ. Ռուսաստանն առհասարակ հանի վիզային ռեժիմը Վրաստանի համար։
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1361 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար