Եվրամիության եւ հատկապես եվրոպական պառլամենտի պատրոնաժի տակ գտնվող բոլոր հումանիտար ծրագրերը կտարածվեն նաեւ Արցախի վրա


Եվրամիության եւ հատկապես եվրոպական պառլամենտի պատրոնաժի տակ գտնվող բոլոր հումանիտար ծրագրերը կտարածվեն նաեւ Արցախի վրա

  • 29-10-2010 21:53:28   | Հայաստան  |  Քաղաքական
Վերջապես Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հասկացան որտեղից են առաջացել եւ ինչ էին անում հայերը Ադրբեջանի խորքի քաղաքներում։ Ազգային ժողովի խմբակցությունների հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, կարեւորելով ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հանձնախմբի ջանքերով Եվրոպական պառլամենտի պատգամավորների այցը Հայաստան, ապա նաեւ Արցախ։ Եվրոպացիներին բացատրվել է, որ հայերը ժամանակին հայտնվել են Բաքվում, Սումգայիթում եւ այլուր նավթահորեր մշակելու, քիմիական գործարաններ կառուցելու, մեծ շինարարություն իրականացնելու՝ ոչ միայն ԼՂՀ կամ ԼՂԻՄ տարածքից, այլեւ ամբողջ Արցախի տարածքից, այսինքն՝ այն տարածքից, որոնք այսօր գտնվում են ԼՂՀ վերահսկողության տակ եւ որոնք «ինչ-ինչ լրատվական միջոցներ կամ քաղաքական գործիչներ թյուրիմացաբար անվանում են օկուպացված»։ Եվրոպացիներին պարզաբանվել է նաեւ, որ երբ այդ մարդկանց սկսեցին ջարդել, ենթարկել ցեղասպանության, վտարել իրենց տներից, այդ մարդիկ Բաքվից, Սումգայիթից կամ Մենգիչաուրից, ո՞ւր պետք է նրանք վերադառնային՝ իրենց հայրենիքը ոչ միայն ԼՂԻՄ-ն ու Ստեփականկերտն է, այլ նաեւ Քելբաջարը, Լաչինը, հարավային շրջանները։ Վ.Հովհաննիսյանի համար զարմանալի էր տեսնել եվրոպական խորհրդարանի պատգամավորների տարակուսանքն առ այն, որ մինչեւ հիմա սա չգիտեին, որ «մեր փախստականները, որոնք ԼՂՀ-ում են ապրում, կարգավիճակ էլ չունեն, որովհետեւ դիտվում են մի երկրի տարածքում տեղից տեղ տեղափոխվածներ»։ Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի, ամենակարեւորն այն էր, որ երկուստեք հաստատվեց, որ չճանաչված պետականության պայմաններում բնակիչները զրկված չեն քաղաքացիական ու մարդկային իրավունքներից, եւ այսուհետեւ աշխատանք է տարվելու, որ ԵՄ եւ հատկապես եվրոպական պառլամենտի պատրոնաժի տակ գտնվող բոլոր հումանիտար ծրագրերը տարածվեն նաեւ Արցախի վրա։ «Սա ԼՂՀ միջազգային ճանաչման այն աշխատանքն է, որ մենք համարում ենք անհրաժեշտ»,- ասաց Վ.Հովհաննիսյանը։
Նոյյան տապան  -   Քաղաքական