Րաֆֆի Հովհաննիսյան. ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրինագիծն առնվազն պետք է լինի Հայաստանի ԱԺ-ի օրակարգում


Րաֆֆի Հովհաննիսյան. ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրինագիծն առնվազն պետք է լինի Հայաստանի ԱԺ-ի օրակարգում

  • 27-10-2010 19:02:02   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ խմբակցությունների ղեկավարների հոկտեմբերի 27-ին կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի հետագա ճակատագրի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել: Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել էր ԱԺ-ի հոկտեմբերի 5-ի լիագումար նիստում, սակայն,«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ խորհրդարանական խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությամբ, օրինագծի քվեարկությունը հետաձգվել էր մինչեւ հոկտեմբերի 25-28-ի հերթական քառօրյան: Ինչպես ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց Ր.Հովհաննիսյանը, եթե մինչեւ հոկտեմբերի 28-ի լիագումար նիստի սկիզբը` ժամը 12-ը, որեւէ վերջնական փոխհամաձայնություն չլինի, օրինագիծը կդրվի քվեարկության: «Որոշ փորձեր արվում են, բոլորը ուզում են համազգային խնդիրն ընդհանուր հայտարարով լուծել, բայց քաղաքական կամք է անհրաժեշտ: Քաղաքական կամք, խիզախություն եւ միասնության իրական սահմանում դեռ չի երեւում»,- ասաց նա` հույս հայտնելով, որ մինչեւ նշված վերջնաժամկետը, այնուամենայնիվ, լուծում կգտնվի: Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, օրինագիծն առնվազն պետք է լինի նստաշրջանի օրակարգում, եւ «նրանք, ովքեր չեն ուզում ժամանակի պահի ընտրության մտահոգությամբ հիմա քվեարկել, պետք է ջանքեր թափեն մինչեւ վաղը կեսօրը, որպեսզի այս հարցը մտնի օրակարգ»: Հ. Հովհաննիսյանի համոզմամբ, Աստրախանում Սարգսյան- Ալիեւ- Մեդվեդեւ նույն օրվա հանդիպումն օրինագծի հետ կապված քննարկման եւ որոշում կայացնելու վրա որեւէ ազդեցություն չի թողնի: «Սա բազար կամ առեւտուր չէ: Մենք խոսում ենք ՀՀ անվտանգության եւ ինքնիշխանության, Արցախի ճակատագրի մասին: Ադրբեջանն ու թուրքը ոչ միայն համն են հանում, այլ կանխորոշում Արցախի ապագան եւ կարգավիճակը: Համանախագահները, արդեն դուրս գալով իրենց մանդատից, այնպիսի եզրաբանություն են թույլ տալիս իրենց, որ ցույց են տալիս, որ բանակցային գործընթացն ինքնին վտանգի տակ է: Հայաստանն իր ԱԺ- ով նվազագույնը սա պետք է պահի իր օրակարգում»:
Նոյյան տապան  -   Քաղաքական