Բարի գործը բումերանգի էֆեկտ ունի. ինչ տաս, այն էլ կստանաս (տեսանյութ)


 

Բարի գործը բումերանգի էֆեկտ ունի. ինչ տաս, այն էլ կստանաս (տեսանյութ)

  • 17-02-2016 18:57:56   | Հայաստան  |  Հասարակություն



Հասարակությունը հիվանդ է, եթե այնտեղ բարությունը քիչ է. բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրվա կապակցությամբ  փետրվարի 17-ին «Նոյյան Տապանում» հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: Ըստ նրա, հավատով մարդը միշտ բարին է արարում և Աստծո նմանողությամբ ստեղծված լինելով, ձգտում է Տիրոջը նմանվել: 
«Բարի գործը բումերանգի էֆեկտ ունի. եթե մեկին մի օր լավություն ես անում, ապա որոշ ժամանակ անց տասնապատիկը քեզ հետ է վերադառնում»,- իր խոսքում նշեց Տեր Կարապետը: 
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը ներկայացնելով  միջազգային հետազոտությունների տվյալները` փաստեց, որ  ամենից շատ բարեգործություններ կատարող 180 երկրների շարքում Հայաստանը 119-րդն է , իսկ հյուրասեր լինելու ցուցանիշով` 40-րդ հորիզոնականում: Նրա համոզմամբ, բարեգործություն անելու ժողովրդի պատրաստակամությունը  բնակչության սոցիալական վիճակով չէ որ պայմանավորված է: «Երկրներ կան, որոնց մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) բազմապատիկ անգամ ցածր է Հայաստանի ՀՆԱ-ից, սակայն բարեգործությամբ նրանք առաջին հոորիզոնականներում են»,- նշեց Ա. Ադիբեկյանը` հավելելով, որ բարեգործություն կատարելու  համար գումար ունենալուց առավել կարևոր ցանկությունն է:
Ա. Ադիբեկյանի կարծիքով,  ՀՀ օրենսդրությունը չի աջակցում բարեգործությանը` բարեգործություն անող մարդկանց  հարկերից չազատելով: Ըստ նրա, արտերկրում բարեգործություն անող մարդը հարկեր չի մուծում, իսկ «այստեղ ասում են բարոգործություն ես ուզում անել քո գրքպանից արա»
 Ա. Ադիբեկյանը նշեց նաև, որ այսօր Հայաստանում գերխնդիր է մի սերունդ մեծացնել, որը պատրաստ կլինի  բարեգործություն անելուն: 
Հոգեբան Աննա Բադալյանի պնդմամբ, հայ էթնոսի բնավորության գծում մեծ տեղ է գրավում բարությունը և դրա մասին են վկայում հայերենում մի շարք բառակապակցությունների առկայությունը, ինչպիսիք են բարի լույս, բարի օր, բարին ընդ ձեզ,բարին արա ջուրը գցիր, բարև: Նրա փոխանցմամբ, հայ երիտասարդների հոգում բարին իր ուրույն տեղն ունի, սակայն բարեգործություն կատարելու մշակույթը Հայաստանում դեռ ձևավորման փուլում է: Նա նաև փաստեց, որ բարեգործություն անել չի նշանակում անպայման ինչ-որ մեկին գումար տալ, բարեգործություն է համարվում նաև կամավորական աշխատանքով հասարակությանն օգնելն ու սեփական գիտելիքները ուրիշների հետ կիսելը: 
«Արշակ Դաբաղյանի անվ Մայր Մանե» սոցիալական  ՀԿ-ի նախագահ Մանուշակ Ստեփանյանը հայերի բարեգործություն անելու ունակությունն այդքան էլ չի թերագնահատում: Մ. Ստեփանյանը երկու տարի է, ինչ առնչվում է օգնության կարիք ունեցող մարդկանց հետ և փաստում է, որ միշտ էլ գտնվում են մեծահոգի մարդիկ, ովքեր անշահախնդրորեն իրենց օգնությունն են ցուցաբերում: Նրա տեղեկացմամբ, մի շարք հայտնի և անհայտ բարեգործների շնորհիվ հաջողվել է  60 երեխայի բժշկական օգնություն ցուցաբերել: «Ես չգիտեմ, թե մենք աշխարհում բարեգործությամբ որ տեղն ենք զբաղեցնում , բայց ես իմ գործունեության ընթացքում այնքան բարգործների եմ հանդիպել, այնքան օգնող ձեռքեր եմ տեսել, որ պարզապես հիացած եմ»
 Մ. Ստեփանյանը կարևորեց նաև հեռուստատեսության դերն ու նշանակությունը բարության տարածման գործում և կոչ արեց «հեռուստատեսության եթերից  մաքրել երեխայի մեջ չարություն սերմանող բոլոր  աղբերը»:
 
Սառա Մելքոնյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն