Թեքեյան Կենտրոնում բացվել է «Կապույտ երկնքի տակ» խորհագրով միջազգային շարժական լուսանկարչական ցուցահանդեսը


Թեքեյան Կենտրոնում բացվել է «Կապույտ երկնքի տակ» խորհագրով միջազգային շարժական լուսանկարչական ցուցահանդեսը

  • 18-02-2016 14:33:27   | Հայաստան  |  Մշակույթ

Երեկ Թեքեյան Կենտրոնում բացվեց «Կապույտ երկնքի տակ» խորհագիրը կրող միջազգային շարժական լուսանկարչական ցուցահանդեսը՝ Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության Արտ-ֆոտոյի բաժնի, PhotoPodium.com-ի, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի եւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ:
 
Ցուցահանդեսի մասնակիցներն են աշխարհի 9 երկիր` Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Էստոնիա, Ավստրալիա, Իսրայել, Նիդեռլանդներ եւ ԱՄՆ ներկայացնող 72 լուսանկարիչ: Հեղինակների կողմից ներկայացված 81 աշխատանքներն արտացոլում են շրջապատող իրականությունն իրենց տեսանկյունից, իսկ լուսանկարչական ժանրերի բազմազանությունը՝ աշխարհի տարբեր անկյունների գունագեղությունն ու անկրկնելիությունը:
 
Ցուցահանդեսի բացմանը ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը, ողջունելով ներկաներին, ուրախությամբ նշեց, որ նման ձեւաչափի ցուցահանդեսների կազմակերպումը Թեքեյան Կենտրոնի հարկի տակ դարձել է բարի ավանդույթ, որը, անկասկած, կլինի շարունակական: «Նմանօրինակ ձեռնարկները նպաստում են մշակույթի եւ հատկապես լուսանկարչական արվեստի զարգացմանն ու տարածմանը»:
 
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի ներկայացուցիչ Իգոր Կուսովը, շնորհավորելով ցուցահանդեսի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, կարեւորեց ձեռնարկը, քանզի այն նպաստում է մշակույթի ոլորտում երկրների միջեւ համագործակցությանը: Նա նաեւ հույս հայտնեց, որ հաջորդ տարի ցուցահանդեսի աշխարհագրությունն էլ ավելի կընդլայնվի: 
 
Հայ լուսանկարիչ Վահան Քոչարը, անդրադառնալով ցուցահանդեսի խորհագրին, համոզմունքով նշեց. «Մեր այսօրվա իրականության մեջ, երբ ամենուրեք տիրում են պատերազմներ ու բռնություն, այս լուսավոր նկարչությունն անհրաժեշտ է մարդկանց հոգեկան հանգստություն ու բավարարություն ձեռք բերելու համար»:
 
ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչը եւս հույս հայտնեց, որ ինչպես հուշում է ցուցահանդեսի կարգախոսը՝ «Արվեստը հանուն խաղաղության», ձեռնարկը կօգնի ժողովուրդներին ապրել խաղաղ, սիրով ու համերաշխությամբ՝ կապույտ երկնքի տակ:
 
Ցուցահանդեսի բացումն ամփոփեց համադրող Արմեն Ենգոյանը, որը  PhotoPodium.com ինտերնետային ռեսուրսի անունից շնորհակալագրեր հանձնեց ցուցահանդեսի մասնակիցներին:
 
 
«Կապույտ երկնքի տակ» միջազգային շարժական ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում բաց կլինի մինչեւ ս.թ. մարտի  4-ը եւ այնուհետեւ կներկայացվի Մոսկվայում:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play