Դաշնակցական նախարարների անուններն արդեն հայտնի են. «Ազատություն»


Դաշնակցական նախարարների անուններն արդեն հայտնի են. «Ազատություն»

  • 18-02-2016 18:27:41   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատումը Դաշնակացության և Հանրապետականի համագործակցության առաջին արտահայտությունն է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հավելելով՝ այդ ոլորտների տարանջատումից հետո Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կնշանակվի դաշնակցական Դավիթ Լոքյանը:

«Այդ հարցերը նույնպես քննարկվել են այս ընթացքում, սա նույնպես եղել է մեր բանակցությունների թեման: Այնպես որ, սա արդեն առաջին, էսպես ասած՝ մեր համագործակցության արտահայտություններն են, և էդ խնդիրները նախապես քննարկվել են»,- ասաց Արմեն Ռուսամյանը: Հարցին՝ նշված ոլորտների տարանջատումը հենց ՀՅԴ-ի՞ առաջարկն է եղել, Ռուսատամյանը պատասխանեց՝ «Համատեղ, կարելի է ասել: Մենք հիմա էստեղ չենք ուզում առանձնացնել հատկապես մեր մոտեցումները: Մենք դա արել ենք համախոհաբար, և սա առաջին, էսպես ասած, դեռևս չստորագրված համաձայնագրի դրսևորումն է»:

Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ, Հանրապետականի հետ համագործակցության շրջանակներում, Տարածքային կառավարման նախարարությունից բացի ևս 2 ոլորտ կտրվի Դաշնակցությանը՝ խոսքը Կրթության և գիտության ու Էկոնոմիկայի նախարարությունների մասին է: Դաշնակցական պատգամավորը հաստատեց՝ Կրթության և գիտության նախարար կնշանակվի Լևոն Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները:

Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում այլ փակագծեր էլ բացեց, մասնավորապես, տեղեկացնելով, որ առաջիկայում Հանրապետականի և Դաշնակցության միջև ստորագրվելիք փաստաթուղթը կկոչվի «Քաղաքական համագործակացության մասին համաձայնագիր»: Դրանում փոխզիջումային տարբերակով տեղ են գտնելու այն բոլոր հարցերը, որոնք երկու ուժերը «համարում են հրատապ և պետք է լուծվեն համատեղ ջանքերով»:

«Սկզբունքային համաձայնությունները ձեռք են բերվել, հիմա իսկապես աշխատանք է տարվում քաղաքական համագործակցության համաձայնագրի տեքստի վրա: Դա լինելու է «Քաղաքական համագործակցության համաձայնագիր»: Այդ համաձայնագիրը չի ունենալու ժամկետ, որովհետև մենք արդեն հայտարարել ենք, որ սա սովորական, էսպես՝ կոալիցիոն, ինչ-որ դաշինքի մասին չէ խոսքը, այլ երկարատև հեռանկարային համագործակցության:

Գլխավոր հարցն, իհարկե, Սահմանադրությունը կյանքի կոչելն է: Եվ այն քաղաքական օրակարգերը, որ մինչև հիմա հռչակվել են մեր կողմից՝ Դաշնակցության, Հանրապետականի․․․և վերջին հայեցակարգային ելույթը, որ ունեցավ նախագահը, դրանում, ըստ էության, արտացոլված էին նաև մեր կարևորած հիմնական խնդիրները, ունենալու են գրեթե բոլոր ոլորտներին առնչվող հաստատումներ՝ մեր ներքին և արտաքին կյանքին առնչվող: Եվ էդ համագործակցության դաշտն ընդգրկելու է ամբողջ այդ շրջանը:

Այս իմաստով, համաձայնագիրը հեռանկարային բնույթ է ունենալու, ապագային միտված, և կարծում եմ՝ հրապարակվելուց հետո բոլորի համար պարզ կդառնա, որ խոսքն իսկապես լուրջ քաղաքական գաղափարական հիմքի վրա ձևավորվող համագործակցության մասին է»,- մանրամասնեց Արմեն Ռուստամյանը:

«Ազատություն»․ - Հաճախ հետևյալն հարցն է հնչում՝ ի՞նչ է փոխվելու, որի շնորհիվ Հանրապետականը պատրաստակամ է դառնալու՝ գնալ արմատական փոփոխությունների ճանապարհով: Երկար տարիներ նրանք իշխանության ղեկին են և կարող էին փորձել լուծել եղած խնդիրները:         

Արմեն Ռուստամյան ․- Նախ, շատ բան է փոխվել, կապված այն բանի հետ, որ մենք արդեն ունենք սահմանադրական նոր կարգ և դրանից բխող նոր լուծումների հնարավորություն: Այսինքն՝ առաջացել են իրական նախադրյալներ: Այն հարցերը, որոնք կարևորվել են մինչև հիմա և չեն լուծվել, դրանք լուծելու իրավական դաշտ է առաջացել: Սա է մեզ տալիս հնարավորություն, որպեսզի այդ ամենը կյանքի կոչվի արդեն կոնկրետ գործողությունների միջոցով: Դրան գումարվի քաղաքական կամք և համապատասխան ներուժ:

«Ազատություն»․ - Այսինքն՝ դուք իսկապես հավատու՞մ եք, որ Հանրապետականը պատրաստակամ է՝ առաջ ընթանալ և քայլեր անել ձեր մատնանշած խնդիրների լուծման ուղղությամբ և իսկապես ինչ-որ բան փոխել:

Արմեն Ռուստամյան ․- Համաձայնագրի իմաստը հենց դա է:

«Ազատություն»․ - Դա չի՞ մնա թղթի վրա:

Արմեն Ռուստամյան ․- Չէ: Նախ, ամեն ինչ սկսվում է բառերից, ցանկություններից: Մնացածը մեզնից է կախված, որպեսզի մենք դրանք իրականություն դարձնենք: Հիմա արդեն հանրությանը հրապարակավ արտահայտելով, պատրաստակամություն և հանձնառություն ստանձնելով, էդ ամենը չանել, դա ուղղակի անլուրջ կլինի որևէ քաղաքական ուժի համար: Հատկապես՝ Դաշնակցության, որը պատասխան է տալիս ոչ թե  20 - 25 տարվա, այլ 125 տարվա համար: Եվ մենք գիտենք այդ պատասխանատվության գինը, նշանակությունը և խոսքի արժեքը:

«Ազատություն»․ - Իսկ ե՞րբ հանրությունն արդեն կկարողանա ծանոթանալ փաստաթղթին, ե՞րբ այն կհրապարակվի:

Արմեն Ռուստամյան ․- Երբ որ հրապարակվի, այն ժամանակ էլ կծանոթանա: Օրերի խնդիր է, կարծում եմ մոտակա ժամանակում արդեն կհրապարակվի: Ամենայն հավանականությամբ՝ մյուս շաբաթ»։

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play