ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ


ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ

  • 24-02-2016 11:30:46   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին` Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: 
 
Բարձր գնահատելով Թենգիզ Շարմանաշվիլիի գործունեությունը մեր երկրում` Սերգո Կարապետյանը նշել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները հատկապես ագրարային ոլորտում դինամիկ զարգացում են ունեցել: 
 
«Վերջին հինգ տարիների ընթացքում գյուղատնտեսության բնագավառում հայ-վրացական համագործակցությունն ավելի է ակտիվացել: Վրաստանը մեր ամենամտերիմ գործընկերներից է, և ես վստահ եմ, որ այս բարեկամական հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: 
 
 Հաշվի առնելով երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում համանման գերակայությունների առկայությունը, այդ թվում` կոոպերատիվների ստեղծումն և նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը` նախարար Սերգո Կարապետյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ուժերով և երկկողմ փորձի փոխանակման միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ լուծում գտնե : 
 
Դեսպան Շարմանաշվիլին իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարին և նախարարության աշխատակազմին իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար: 
 
ՀՀ գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով Թենգիզ Շարմանաշվիլիին իր գործունեության ընթացքում հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ ներդրած ջանքերի համար` նախարար Կարապետյանը նորանոր աշխատանքային հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play