ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենին

  • 09-03-2016 18:19:24   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին` գյուղատնտեսական տնտեսությունների վարկավորման հետ կապված ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով:  
 
Հանդիպման ընթացքում Հակոբ Անդրեասյանը տեղեկացրել է, որ այսօրվանից բանկը պատրաստ է սկսել սուբսիդավորվող վարկերի տրամադրումը գյուղացիական տնտեսություններին`  2016 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու նպատակով:
 
«Քանի որ այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքները մոտ մեկ ամիս վաղ են մեկնարկել, ուստի ՀՀ Կառավարությունը քայլեր է ձեռնարկել, որպեսզի գյուղացիական տնտեսություններին  վարկերը ևս տրամադրվեն առավել վաղ։ Սուբսիդավորվող վարկերի տրամադրման պետական ծրագիրը, որի շրջանակում  այսօր տրամադրվում են մատչելի տոկոսադրույքներով` փաստացի 8 տոկոսով դրամային վարկեր, կարևոր աջակցություն է  գյուղացիական տնտեսությունների համար: Մեր երկրի գյուղատնտեսության զարգացման հիմնական ուղիներից մեկն էլ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումն է, որոնց գործունեության խթանման համար սուբսիդավորվող վարկերի տրամադրումից զատ մեծ դերակատարում կարող է ունենալ նաև  առավել արտոնյալ պայմաններով վարկավորման իրականացումը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
 
Բանկի գործադիր տնօրենը ողջունել է այդ առաջարկը և  նշել, որ Հայաստանում կոոպերատիվների շարժմանն աջակցելու նպատակով իրենք պատրաստ են առավել մատչելի տոկոսադրույքով վարկեր տրամադրել, ինչպես նաև հավելել է, որ կարող են նաև փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել հայկական կոոպերատիվների համար` առավել փորձառու ղեկավարներին գործուղել Ֆրանսիա կամ այնտեղից մասնագետներ հրավիրել  Հայաստան՝ տեղում  խորհրդակցություններ անցկացնելու համար:
 
 Բանկի տնօրենը հավաստիացրել է, որ վարկերը գյուղացիական տնտեսություններին կտրամադրեն ժամանակին   և կցուցաբերվի անհատական մոտեցում։
 
ՀՀ գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ առաջիկայում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ միջև նախատեսվում է  ստորագրել համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play