Անտառների նկատմամբ վարվող ներկայիս քաղաքականությունը մոտ ապագայում հանգեցնելու է դրանց ոչնչացման. Հակոբ Սանասարյան (տեսանյութ)


Անտառների նկատմամբ վարվող ներկայիս քաղաքականությունը մոտ ապագայում հանգեցնելու է դրանց ոչնչացման. Հակոբ Սանասարյան (տեսանյութ)

  • 21-03-2016 16:32:11   | Հայաստան  |  Հասարակություն



Հայաստանն անընդհատ կորցնում է անտառային տարածքներ. Եթե ներկայիս քաղաքականությունը շարունակվի, ապա մոտ ապագայում Հայաստանում անտառները կվերանան: Նման մտահոգություն մարտի 21-ին` անտառների պահպանության միջազգային օրվա կապակցությամբ կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը: 
 
Ըստ նրա` մարդկության համար կենսական նշանակություն ունեցող անտառային տարածքները Հայաստանի որոշ տարածքներում պարբերաբար լցվում են հանքարդյունաբերության հետևանքով առաջացող թափոններով, որոնք հանգեցնում են անտառների ոչնչացման: 
«Միայն Սյունիքի մարզի Ագարակ և Քաջարան քաղաքաներում 30-35 մլն տոննա թափոն է լցվում անտառածածկ տարածքների վրա. Պատկերացրեք, թե ինչ է նշանակում ծանր մետաղներ պարունակող կապարները լցնել անտառների վրա»,- ասաց Հ. Սանասարյանը` հավելելով, որ այդ թափոների հետևանքով հավերժորեն ոչնչանում են թե անտառները, թե հողային տարածքները: 
Նրա փոխանցմամբ` ներկայումս անտառածածկ տարածքները մի կողմից լցվում են թափոններով, մյուս կողմից անտառների 90 տոկոսը վարձակալական հիմունքներով և 55 տարով տրամադրվում է հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին, ինչն աղետալի հետևանք է ունենում դրանց վրա: 
Հ. Սանասարյանի պնդմամբ` 1994 թվականին ընդունված առաջին «Անտառային օրենքսգիրք»-ով պահպանվել են անտառներին առնչվող գրեթե բոլոր նորմերը, սակայն 2002 թվականին ընդունված նոր օրենսգրքով անտառները դրվել են առևտրային հիմքերի վրա: 
«Հիմնականում միջազգային կազմակերպությունները ցանկանում են այնպես անել, որպեսզի անտառները չպատկանեն Հայաստան պետությանը, այլ լինեն համայնքային»,- ասաց բանախոսը` ընդգծելով, որ այդ գործընթացն սկսվել է Տավուշի մարզում, սակայն հնարավոր է եղել այն ժամանակավոր կասեցնել:
Նրա կարծիքով, եթե անտառային տնտեսություններն անցնեն համայնքային կառավարման, ապա մեծանալու է դրանց սեփականաշնորհման վտանգը, որը դարձյալ հանգեցնելու է անտառների ոչնչացման: 
«Կանաչների միության» նախագահի համոզմամբ` Հայաստանում անտառահատումները կրում են կարգավորված բնույթ, այսինքն` բոլոր հատումները կատարվում են ղեկավար մարմինների իմացությամբ ու լուռ համաձայնությամբ:
Լրագրողի այն հարցին, թե այս խնդրի առնչությամբ որն է ՀՀ Բնապահպանության նախարարության դիրքորոշումը, Հ. Սանասարյանը նշեց. «Մենք պետք է անկեղծ խոսենք և ընդունենք, որ Հայաստանում երկար տարիներ գործում է մեկ մարդու իշխանություն, նախարարություններում շատ մասնագետներ կան, որոնք անգործ նստած են: Երբ լինի կարգադրություն, որ անտառները չհատեն, ուրեմն այդ ժամանակ էլ հատումները կկանխվեն. Կան «զոռբա» մարդիկ, որոնց ձեռքով էլ Հայաստանի անտառները փաստորեն քայքայվում են»: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն